Գագիկ Սարոյան
Ասք Կյուրոսի ջրամույն երիվարի և մահապատժի ենթարկված գետի մասին
(Վերամշակված տարբերակը)Դիալա՜ լալա՜․․․
Անապատներում սամումն է երգում,
Երգը խախտված Աստվածակարգի,
Եվ թրթռում է աստղերի նման,
Եվ կամուրջներ են քանդվում
Ահեղ այդ թրթռոցից,
Եվ գետերն են խենթանում ասես,
Եվ աղբյուրներն են
Հորդանում սիրո հիշողությունից,
Եվ Դամավանդի սառույցն է հալվում,
Եվ Մասյաց վրա
Սառցադաշտներն են սողում դեպի դաշտ։
Դիալա՜ լալա՜․․․
Դիալան գետ է,
Ջրերի խիզախ պատանին է նա,
Իսկ Լալան՝ մտրուկ՝
Երիվար կարմիր՝
Սև նշաններով ճակատը նաղշած,
Իսկ աչքերի մեջ
Ինչ-որ տրտմության
Զոհար աստղեր են բեկբեկում, շողում,
Ավելի շողուն,
Քան թագի վրա Կյուրոս արքայի
Փառքի քարերն են տխրում գիշերով։
Դիալա՜ Լալա՜․․․
Երկու տարերքներ աստղերի ներքո․
Մեկը հորձանքն է օվկիանոսների,
Մյուսն ամեհի կրակն է երկրի
Խորքերից աճած։
Դիալա՜ Լալա՜․․․
Երկու տարերքներ․․․
Եվ տեսեք, տեսեք․
Կյուրոսն է ահեղ՝ հեծած կրակին։
Դիալա՜ լալա՜․․․
Անապատներում սամումն է երգում
Փառքն աքեմենյան,
Եվ ձայնակցում է մրրկահողմերին
Զորքը Կյուրոսի,
Զորքը վիթխարի՝ հարյուր անգամ բյուր։
Եվ զորքի մեջ են արքաները գոռ,
Աջ թևից՝ որպես հավերժ դաշնակից
Տիգրանն է արդար՝
Երվանդյանների խույրով ոսկեվառ,
Ձախ թևից զորքն է
Պահլավական քույր։
Եվ սատրապներն են՝
Հարկատուները Կյուրոս արքայի։
Եվ արշավանքն է՝
Ռազմի երթը, որ ծովի է նման,
Ասորական շեկ անապատներով
Իջնում է դեպ ծով,
Իսկ ծովի ափին քաղաքներն են շեն,
Հելլենակա՜ն, պե՜րճ,
Եվ յոթը կանգուն
Գոռ պարիսպներով
Շողում են հեռվից։
Դիալա՜ լալա՜․․․
Երգում է քամին
Անապատների ավազե բամբիռ՝
Անապատների ավազե շուրթով,
Երգում է քամին փառքը Կյուրոսի։
Եվ անգղներն են ճախրում միրաժում
Եվ սպասում են, թե ինչ պիտի լինի․․․
Երգում է քամին․
Դիալա՜ լալա՜․․․
Դիալան գետ է,
Որը հոսում է անապատների սահմանաեզրով,
Իսկ մյուս ափին
Քաղաքներն են պերճ,
Որ պիտի զավթի Կյուրոսը հիմի։
Դիալան գետ է, որ պիտի հոսի․
Զի աստվածներն են հրաման տվել։
Դիալա՜ Լալա՜․․․
Լալան նժույգ է՝ կրակի ծաղիկ՝
Ծաղկած Արցախի խոլ հովիտներում,
Լալան ծաղիկ է՝ կրակի մտրուկ,
Երբ վարգում է նա տափաստաններով,
Ասես իր երկրի լեռնալանջերից
Պոկված շերտ լինի ալ կակաչներով։
Եվ բոցում է նա
Լալա ու կակաչ, ալ մասրեծաղիկ,
Եվ բոցում է նա իր հեծյալի հետ,
Կրակ է վարգող։
Կրակ է սփռում Լալան երիվար
Լալան՝ որպես հարկ
Բաժին են բերել Կյուրոս արքային,
Լալան Կյուրոսի ձին է մարտական,
Լալան յոթ անգամ փրկել է նրան
Լալան կատաղի կռիվների մեջ
Իր սմբակներով ջարդել է գանգը
Հյուրկեն արքայի։
Լալան ամեհի՝ բաշը ոսկեթել,
Պոչին սադափե հերակալ ունի
Եվ սուր դանակներ,
Եվ կռվի պահին
Պոչն էլ է կրակ,
Լալան հրդեհ է,
Հեծյալը նրա սիրում է նրան,
Հեծյալը նրան ոսկով է պատել,
Եվ բրոնզից է թամբամաճը իր,
Եվ պողատյա են պայտերը նրա,
Իսկ լկամն՝ արծաթ,
Եվ երբ արծաթե լուսինն է
Իջնում է անապատներին,
Կյուրոսը ինքն է թիմարում նրան
Հովազամազե թիմարակներով
Եվ լվանում է քրտինքը նրա
Գինով անապակ,
Հետո տանում է իր երիվարին,
Իր կանանոցում վարսակ է տալիս
Եվ կանանոցում է իր քնեցնում,
Իր կանանց կողքին՝ հարճերի հետ իր,
Իր վարձակների երգերի ներքո։
Լալան կրակ է, Կյուրոսը՝ հեծյալ,
Նրանք իրար հետ պիտի գրավեն
Աշխարհը հանուր,
Որ իրանական փառքը
Տարածվի ժամանակներում,
Որ արիական բոսորը բոցա
Սրտի մեջ Աստծո․
Ահուրամազդա՜, Ահուրամազդա՜,
Կյուրոսը զոհեր պիտի մատուցի․
Ցլե՜ր, հովազնե՜ր և աքաղաղնե՜ր,
Կյուրոսը հեռվից կանչել, բերել է
Մոգեր, կախարդներ, աստղագուշակներ․․․
Կյուրոսը պիտի հեղումներ անի,
Տկերով գինի պիտի դատարկի
Դիալայի մեջ,
Իսկ գինին պիտի
Արմենիա երկրի հնձանից լինի,
Այդպես է կամքը աստղերից իջնող․
Ճենիայից եկած
Դեղին գուշակն է նրան բստրել։
Կյուրոսն հավան է աստղերի կամքին,
Կյուրոսն իր ձեռքով
Քառսուն տիկ գինի պիտի դատարկի
Գետի մեջ վարար,
Որ գետը հարբի,
Որ դանդաղ հոսի,
Որ զորքը անցնի
Հանգիստ, անփորձանք,
Արու, որձաշունչ ջրերի միջով։
Ահե՜ղ գետանցում։
Զորքն է վիթխարի
Հարյուր անգամ բյուր,
Իր գումակներով, կանանոցներով․․․
Բազմազան կուռքե՜ր, շրջիկ բագիննե՜ր,
Խոտով ծանրաբեռ տասը հազար սայլ
Տասը հազար փուռ, պղնձե շաջեր․․․
Եվ գինու՜, գինու՜, գինու՜ տակառներ,
Որ պիտի բացվեն,
Երբ հելլենական քաղաքներն ընկնեն։
Դիալա՜ լալա՜․․․
Երգում է քամին անապատների
Եվ անգղներն են ճախրում միրաժում,
Եվ սպասում են, թե ինչ պիտի լինի․․․
Իսկ գետից այն կողմ կանաչն է կանչում
Շեն քաղաքների։
Եվ երբ արթնանա աչքը Միթրայի,
Զորքն անցնելու է Դիալա գետը։
Դիալա՜ Լալա՜․․․
Լալան նժույգ է՝
Էգ է սրբազան,
Լալան դեռ որձի երես չի տեսել,
Եվ առաջինը
Նա պիտի ճեղքի հորձանքը գետի,
Եվ իր հեծյալը՝ Կյուրոսը ահեղ,
Նա պիտի անցնի սկզբից գետը․
Կարգն է այդպիսի հի՜ն, արիակա՜ն,
Որ զորքն հավատա Արևի որդուն։
Ահա՛ Դիալա,
Նետվում է քո մեջ Լալա նժույգը՝
Երիվարը բոց,
Նա, ով ծնվել է ազատ լեռներում,
Եվ կրակից է սիրտն իր արարված
Եվ Անահիտն է՝
Անահիդան է
Խենեշ էգության հովանավորը,
Եվ նրա կամքով
Ալ վարդի նման
Բացվել է նրա իգության դուռը՝
Ցայլքը, որ զորեղ բուրմունքներ ունի։
Ահա՛ Դիալա Լալա նժույգը,
Գավակին արքան՝ Կյուրոսը պարսիկ,
Ճեղքում են, լողում քո ջրերը մունջ,
Եվ չկա ալիք,
Եվ անապատից չի փչում քամին։
Լոկ անգղներն են ճախրում միրաժում
Եվ ցանկանում են, որ արագ լինի․․․
Իսկ զորքն անհամբեր
Հարյոււր անգամ բյուր
Դիտում է լողը քաջ այրուձիու,
Որ ինքն էլ անցնի,
Սակայն ի՞նչ է սա
Դիալա՛, ասա՛,
Որ քնած էիր, որ հարբած էիր
Արմենիա երկրի կենդանի գինուց,
Ինչու՞ արթնացար,
Եվ մի՞թե, մի՞թե, մի՞թե չգիտեր
Էն դեղին քուրմը՝
Ճենը իմաստուն,
Որ արմենական
Գինուց զարթնում է արուն առնական,
Որ լիբանանյան մայրի ծառերի
Կարծրություն ունի էն արու գինին,
Ես չեմ ասի, չէ․
Թող գուսաններդ դափեր հարկանեն,
Եվ եղերերգեր երգեն սգասիրտ։
Արթնացավ գետը,
Սթափվեց գետը էգի բուրմունքից,
Փրփրեց, հորձեց,
Լիզեց մարմինը,
Էգության թաքուն ճեղքերն համբուրեց։
Խենթացավ գետը,
Գրկեց նժույգի էությունը ողջ,
Փարվեց, լափլիզեց,
Աչքերի խոնավ կիրքը ըմբոշխնեց,
Երկու տարերքներ տրվեցին իրար,
Սուզվեց նժույգը ալիքների տակ,
Արքան էլ սուզվեց․․․
Եվ ոտքը նրա ասպանդակին էր,
Խեղդվում էր արքան,
Եվ զորքը հզոր
Հարյուր անգամ բյուր
Պլշած էր, ապշած,
Եվ միայն արքան Հայոց աշխարհի
Նետվեց գետի մեջ
Եվ դաշունակով կտրեց
Կապերը ասպանդակների
Եվ անդունդներից ձգեց,
Դուրս բերեց Պարսից արքային։
Դիալա՜ Լալա՜․․․
Տրվել են իրար երկու տարերքներ,
Կրակը՝ ջրին,
Ջուրը՝ կրակին։
Ջուրն է փոթորկվում,
Եվ թրթռոցը նրա էության,
Փոխանցվում, գնում,
Հասնում է հեռու տիեզերքներին,
Եվ աղբյուրներ են
Կարկաչում կրքոտ հայրենիքներում,
Ծով ու օվկինոս
Փշաքաղվում են անծանոթ սիրուց։
Դիալա՜ Լալա՜․․․
Լալան նժույգ է,
Բոց է աստղային,
Լալան տրվել է ջրերի սիրուն,
Լալայի դողը գնում հասնում է
Լեռներում աճած ալ կակաչներին,
Լալայի դողից հրաբուխներ են
Արթնանում հեռու մայրցամաքներում,
Եվ պաղ սրտերում
Ատրուշաններ են ինքնահրկիզվում։
Դիալա՜ լալա՜․․․
Սակայն չի լինում,
Չի լինում այդպես,
Որ երկու տարերք հակոտնյա իրար
Լինեն երջանիկ և հասնեն իրար,
Չի լինում այդպես․
Զի աստվածներից հրաման չկա։
Լալան ջրահեղձ,
Լալան ջրամույն,
Հարյուր անգամ բյուր
Զորքը կարկամած,
Կյուրոսը ահեղ, Կյուրոսը խանդոտ,
Նա ով սիրում էր
Իր բոց նժույգին կյանքից առավել,
Նա ով լավ գիտեր,
Որ տարերքի հետ պիտի ընթանաս,
Սակայն, քիչ հեռվից,
Եվ ոչ թե խաչվես։
Կյուրոսը ահեղ, Կյուրոսը գժված,
Ի՞նչ անի արքան․
Ասաց․
Գնացե՛ք և Արմենիայից քառասուն գամփռ՝
Հարալեզների բերերք շղթայած,
Թող գան ու լիզեն մարմին ձիու,
Թող կենդանանա․․․
Չի լինում այդպես,- ասացին,- արքա՛։
Ի՞նչ անի արքան․
Ասաց․
Գնացե՛ք և Դամավանդից
Քառսուն հակ ծաղկունք բերե՛ք ուղտերով,
Բերե՛ք ու քսե՛ք մարմնին սիրո,
Թող կենդանանա․․․
Չի լինում այդպես,- ասացին,- արքա՛։
Ի՞նչ անի արքան․
Ասաց․
Գնացե՛ք և աշխարհներից հեռու ու մոտիկ
Մոգեր, կախարդներ, մխիթարողներ,
Բերեք այլազան,
Թող գան
Ու Խոսքով ու հմայանքով
Կենդանացնեն մարմինը սիրո և սիրտը սիրո։
Չի լինում այդպես,- ասացին,- արքա՛։
Ի՞նչ անի արքան,
Կյուրոսը գազան,
Կյուրոսի մոլի զայրույթի միջից
Արու վագրեր են մռնչում ահեղ․
Ավելի ահեղ,
Քան մազանդարյան
Վագրն է նետվում երեի վրա
Կյուրոսը գազան,
Կյուրոսը վրեժ կլուծի հարկավ․․․
Դիալա՜ լալա՜․․․
Անապատների սամումն է երգում
Սարոզեկների ավազե սրտից։
Հարյուր անգամ բյուր
Վիթխարի զորքը
Թո՛ղ նետահարի,
Թո՛ղ սրահարի
Թո՛ղ աշտեններով խոցեն, խոցոտեն
Մինչև որ գտնեն սիրտը Դիալի,
Խոցե՛ք, խոցոտե՛ք և գանահարե՛ք
Քառասուն ցերեկ,
Քառասուն գիշեր
Մինչև սպանեք պատանուն խիզախ,
Ով համարձակվեց
Հակառակ ելնել Աստվածակարգին։
Դիալա՜ լալա՜․․․
Անապատների սամումն է երգում
Վիշտն արքայական։
Ի՞նչ անի արքան,
Չի լինում այդպես,- ասացին նրան,-
Գետը հոսում է, նա հոսելու է․
Նա Աստվածներից հրաման ունի։
Ի՞նչ անի արքան,
Դիալա՜ լալա՜․․․
Մունետիկները տանում, ոգում են
Վճիռն ահավոր․
Հայրուր անգամ բյուր
Վիթխարի զորքը
Հինգ հարյուր ջրանցք պիտի կառուցի,
Մի ամբողջ տարի նա պիտի փորի,
Մինչև որ գետը ցամաքի,
Ցամքի,
Մահանա,
Կորչի անապատների ավազների մեջ,
Սարոզեկերի մութ ընդերքներում։
Դիալա՜ լալա՜․․
Եվ փորեց զորքը արքայի կամքով
Ջրանցքները խոր
Եվ չորացրեց
Զուլալ պատանու խիզախ մարմինը,
Ով համարձակվեց
Գրկել նժույգին Կյուրոս արքայի,
Ով համարձակվեց փարվել կրակին,
Գրկել կրակը։
Դիալա՜ լալա՜․
Ես չեմ ասի, չէ,
Թող գուսանները դափեր հարկանեն
Եվ երգեն երգը ավազուտների,
Երգը, որ տևեց հինգ հարյուր տարի,
Մինչր որ լցվեց շեկ ավազաններով
Խրամատները Կյուրոսի փորած,
Մինչև Դիալան
Ետ վերադարձավ իր նախկին հունը․
Զի Աստվածներից հրաման ունի,
Զի ոչ մի արքա որքան էլ զորեղ
Իրավունք չունի
Խախտելու ահեղ Աստվածակարգը։
Դիալա՜ Լալա՜․․․
Դիալա՜ լալա՜․․․
Երգում է քամին անապատներում
Եվ անգղները՝
Մահվան փետրավոր պահապաններն են
Ժամանակների միրաժից իջնում
Եվ հոշոտում են
Կեռ կտուցներով մարմինը սիրո
Եվ սուր ճանկերով
Սիրո հոգին են բզկտում անվերջ,
Եվ թվում է, թե հոշոտելու են, բզկտելու են
Մինչև չխամրի փառքը Կյուրոսի,
Մինչև վախճանը,
Մինչև վախճանը ժամանակների
Չքշի քամին,
Չտանի անդարձ ու չկորցնի
Դիալա՜ Լալա՜
Դիալա՜ լալա՜։
Բալլադ խուճուճ և տնաշենի քաղաքի մասին
Իմ քաղաքը
Անվերջ փոթորկվում է
Իր թաքուն, ներքին ծովերի պես։
Իմ քաղաքը
Սրամտության կանոնները գծում է
Իր նավահանգիստ փողոցների թաց ասֆալտի վրա,
Որ աղջնակները թռչկոտեն
Դասարան առ դասարան,
Իսկ երբ երբեմն գիշեր է լինում,
Խմածներն էլ են
Տնկոզ-տնկոզ թռչկոտում
Կյանքի նույն դասարաններով,
Իսկ հետո նայում են՝
Հո տեսնող չեղավ։
Իմ քաղաքը մնացել է
Կարմիր տուֆի և սև տուֆի արանքում՝
Կրի սպիտակ շերտում։
Իմ քաղաքը
Առավոտյան զարթնում
Եվ մոռանում է գիշերվա արկածները,
Որ իր բանաստեղծները, նկարիչները,
Երգասացները, արհեստավորները, խելառները
Չտխրեն։
Իմ քաղաքը
Նստում է պառավների և բիձեքի հետ
Իր տների առաջ
Եվ բամբասում է իր թոռներից։
Իմ քաղաքը
Սիրում է իր հարսներին
Եվ իր փեսաների համար
Ոչինչ խնայում,
Բացի հարևանի հարսներից, իհարկե։
Իմ քաղաքը
Իր լավագույն տարիներին
Երգում էր կեպին աչքերին քաշած,
Իր հարյուրավոր գարեջրատներում նստած,
Երբ սովետ էր ու կյանքը՝ էժան,
Երբ սովետ էր ու մահը՝ թանկ։
Իմ քաղաքը
Սովորում էր համբուրվել Գորկա այգում։
Իմ քաղաքը
Սովորում էր տղամարդ դառնալ
Տեքստիլ կոմբինատի ֆեզեներում,
Ուր լիքը ջրահարսներ էին լողում
Մոլորակի հյուսիսային կողմերից եկած։
Իմ քաղաքը
Իր տանիքների վրայից
Սուլում էր հին ու նոր աստվածներին,
Նրանք լսում էին, թե չէ, չգիտեմ,
Բայց որ աղավնիները
Ճախրում էին կապույտ երկինքներում՝
Կարող եմ վկայել։
Իմ քաղաքը
Պատվի մասին իր պատկերացումները
Իր սրտի մեջ էր պահում։
Իմ քաղաքը
Շատակեր չէր,
Սակայն պարկերով էր գնում ձմերուկը,
Արկղներով պոմիդորը,
Զեյթունը դույլերով,
Իսկ երշիկը, բաստուրման և սուջուխը,
Եթե շարեիր իրար ետևից,
Յոթ անգամ կգրկվեր մոլորակը,
Իսկ ութերորդ անգամին
Ընդամենը մեկ թիզ չէր հերիքի,
Եվ այդ մեկ թիզի արանքում
Ապրում էր իմ քաղաքը․
Ցուրտ ձմեռներին՝ դռները բաց,
Եվ սիրտը բաց,
Անուշ գարուններին
Հերվա խաշամը վառելով
Եվ աչքերը ծխով լի,
Իսկ ամառները
Բալը շաքարի հետ լցնում էր շշերի մեջ,
Եվ կախում էր քոխերի,
Փայտանոցների, ածուխանոցների պատերին,
Որ արևներ գան ցրտերի ժամանակ,
Իր ծերության ոսկորները թաթախելու համար,
Բալօղու աշնանային ուրախություններով։
Իմ քաղաքը
Տեղյակ չէր Աստվածներից,
Նա ոչ աթեիստ էր, ոչ ֆարմասոն,
Ոչ հեթանոս, ոչ առաքելական, ոչ ֆրանկ։
Նա իր նարդին էր գլորում,
Եվ իր փաստոնն էր խաղում բոշի պուրակում,
Բայց նա ոտքի էր կանգնում,
Երբ կարճ Աղասը
Իր գլխի վրա դրած էր տանում
Իր զավակներից մեկի դագաղի կափարիչը։
Եվ նա խաչակնքում էր,
Երբ մահվան թափորի ետևից
Անցնում էր փողային նվագախումբը
Հանդիսավոր և հպարտ՝
Մոցարտի Ռեքվիեմի նվագները
Այնքան էլ լավ չնվագելով։
Իմ քաղաքը
Հիշաչար չէր,
Բայց նա ոչինչ չէր մոռանում,
Իսկ եթե մոռանում էր,
Հարցնում էր Դոնդիկովին, Եղշատովին և Գ․Սարգսյանին։
Իմ քաղաքը
Արվեստներ ուներ և մարդիկ ուներ արվեստով ապրող․
Տեղով մեկ թատրոն էր
Իմ քաղաքը։
Նրա ուրախությունը բանավոր էր,
Իսկ տխրությունը
Բալի, խնձորի, տանձի և ջուջուպլուզի պես ծառեղեն,
Կուզես քաղիր, կուզես ոչ։
Իմ քաղաքը
Թաղ առ թաղ, մայլա առ մայլա
Երազանքներ ուներ զարմանալի։
Եվ կռիվներ էր անում
Դանակով, փայտով, զորամասերից գողացած
Պայթուցիկներով, ազդանշանային հրթիռներով։
Իմ քաղաքը
Եռում էր սիրուց։
Բոլորը սիրում էին բոլորին,
Նամանավանդ երբ հեռու էին լինում։
Իմ քաղաքը
Սիրում է փողը, որ շռայլեր այն
Ռեստորաններում, բարերում,
Հարսանիքներում, ծովափներում, թաղումների ժամանակ,
Այո, նաև թաղումների ժամանակ,
Երբ զգույշ մոտենում էր
Մահվան վիշտը փարատելու եկած
Նվագողներից դհոլահարին,
Եվ մի բան էր խոթում նրա գրպանը,
Իհարկե, այնպես, որ տեսնողը տեսնի։
Իմ քաղաը տեսանող էր
Ամեն ինչ տեսնում էր և գիտեր,
Սակայն ձև էր թափում, թե չգիտի։
Իմ քաղաքը
Լոպպազ չէր, բայց գիտեր,
Որ ոսկին փայլում է։
Եվ այդ պատճառով
Նա հարկ էր համարում
Այդ մասին հուշել մնացած աշխարհին։
Իմ քաղաքը
Ցնծում էր կյանքի մեջ։
Իմ քաղաքի բարերում Եվրոպա էր (համարյա Փարիզ),
Ուր տանգո և շեյկ էին պարում։
Իմ քաղաքի ռեստորաններում Արևելք էր,
Ուր ծաղկում էր ռաբիսի խոտը։
Իմ քաղաքի բանվորական ճաշարաններում
Օվկիանոսային անգլուխ ձկներ էին
Տապակվելուց առաջ պոչով անում,
Թե իբր բարև,
Իսկ կավե չանախներում
Եփվում է աշխատավորի ուրախությունը։
Եվ որ ամենակարևորն է․
Բոլորը վերջում գնում էին
Գծի ետև կոչվող թաղ՝
Խմելու չանի փառապանծ գարեջուրը,
Որը լցնում էր
Լոնդոն անունով մի արդար քաղաքացի։
Ցնծում էր կյանքի մեջ,
Ամեն օր նա իր ժամացույցը ուղղում էր
Տեքստիլ կոմբինատի շչակով
Եվ շտապում էր ապրելու։
Իմ քաղաքը
Աշխատում էր գիշերը, ցերեկը և երեկոյան,
Էլի ցերեկը, երեկոյան և գիշերը,
Հետո երեկոյան, գիշերը և ցերեկը,
Նրա աչքերը քնաթաթախ էին
Աշխատանքից և սիրուց,
Նա աշխարհի բոբիկ ոտքերի համար
Գուլպաներ էր գործում։
Եվ որպեսզի դա քիչ չթվա,
Նաև կոշիկ էր հագցնում աշխարհին
Եվ փառք էր տալիս գործարաներին,
Աստվածներին, ֆիզիկոսներին, արհեստավորներին։
Մարզիկների համար նա ներբողներ էր հորինում
Ավելի վսեմ, քան Պինդարոսը։
Նրա նկարիչները գիտեին
Աշխարհը գեղեցկացնելու կանոնը։
Նրանք երբեմն վրձիններով
Ներկ էին քսում երկնքի կտավներին,
Որ աշխարհը շեն լինի։
Նրա երգասացները
Դուդուկից լավ էին երգում կարոտի մասին,
Որ բերել էին իրենց հետ, իրենց հին հայրենիքներից։
Իմ քաղաքը
Սիրուց մերժվածներին
Մխիթարում էր մի անեկդոտով,
Նա մի առակով ետ էր կանչում
Տրտմության անապատներում մոլորվածին։
Իմ քաղաքը սիրո մեջ հաջողակներին
Տանում և լուսանկարում էր,
Որ աշխարհից չպակասի սերը,
Որ տեսնողը՝ շատ,
Իսկ երազանքը անսպառ և ազնիվ լինի։
Իմ քաղաքի
Հացը իր սրտում էր։
Իմ քաղաքը
Անվերջ փոթորկվում էր
Իր բարբառի տափաստաններում,
Իր բարբառի ըմբոստությունը
Քաջություն էր տալիս պատանիներին,
Իր բարբառի գը-ն ու կ-ըն
Պաշտպանում էր իր աղջիկներին ու հարսներին
Օտար և վավաշոտ աչքերից,
Իմ քաղաքի
Երեխաների ուզեմգը-ն
Խելքահան էր անում ծնողներին․․․
Կարճ կապեմ․
Իմ քաղաքը
Չի թվարկվում, չի մասնատվում, չի փաթեթեավորվում,
Իմ քաղաքը տեղով մեկ թատրոն է,
Տեղով մեկ բանաստեղծություն
Այսինքն՝ ստորգետնյա քարիզ
Նա իր ներքին առոգանությամբ ոռոգում էր
Իմաստները հայրենիքի
Եվ հայրենիքը իմաստունների։
Իմ քաղաքը
Իր փլատակների տակից
Իր զավակների մարմինները հանելու հետ
Հանում էր նաև գրքերը
Եվ շարում էր փողոցներում՝
Դագաղների կողքին,
Որ հետո էլ իր ապագա երեխեքը
Կարդալու բան ունենան։
Իմ քաղաքը
Ցուրտ գիշերներում
Նստում էր խարույկների մոտ,
Եվ տաքացնում էր իր չոքերը,
Թե՞ սիրտը, չգիտեմ,
Սակայն դառնության ու սգի
Կարծր օրերի մեջ էլ
Նա չէր մոռանում
Թափ տալ իր շորերից փոշին։
Իմ քաղաքը
Գիտի, որ իրական վիշտը ադամանդ է դառնում,
Միայն թե նա ներսերում է ցոլում,
Թաքուն, թաքուն ներսերում սրտի,
Եվ այդ ներսերի զորությամբ
Իմ քաղաքը մարդ մնաց։
Ոչինչ, որ վիրավոր է դեռ,
Վերքերը, որ խորն են
Դեռ կփակվեն մի օր,
Եվ Ախուրյանը, ով հոսում է
Ոչ միայն տափաստանով Շիրակի,
Այլ հորդում է նաև իմ քաղաքի երկինքներով,
Նա՝ որպես զուլալ մի թաշկինակ,
Որպես հոգու մի դաստառակ,
Դեռ լվալանու և սրբելու է աչքերը
Իմ քաղաքի։
Եվ մի քամի է գալու
Ջաջուռի կողմերից
Եվ սանրելու է
Խուճուճ մազերը տնաշենի
Իմ քաղաքի։
Բալլադ թևաբեկ թռչունի և կորուսյալ հայրենիքի ճերմակ կարոտների մասին
Թևաբեկ էր նա,
Ասաց՝ եկել է հեռուներից, եկել, լուր է բերել։
Հրեղեն հավք էր նա,
Փետուր ուներ ոսկի,
Թևը վիրավոր էր, իսկ վերքը՝ վարդ,
Կարմիր արյան տեղակ
Նրա վարդե վերքից
Բառեր էին ծորում
Կանաչ սրոհունդին,
Խոտից տնքոցները
Պոկվում զատիկ-զատիկ,
Ճախրում էին լույսի սրահներում,
Ճախրում էին սրտի ձորերից վեր։
Ա՜խր թևաբեկ էր,
Սովահար էր, հոգնած, լուր էր բերել,
Եվ որպեսզի հանկարծ նա չհանգի
Իմ բվեճը թևեց գիշերների եզրով,
Մատղաշ գորտեր բերեց նրա համար
Արփի լճի մոտիկ ծանծաղուտից։
Ա՜խր թևաբեկ էր,
Գուցե հու՞յս էր բերել,
Եվ որպեսզի հանկարծ նա չսպառվի
Իմ հոպոպը գնաց նրա համար
Հոնի հատիկ բերեց Լոռվա ձորից,
Իսկ չարթ թռչունը իմ՝
Արցախամայր գյուղից
Հասած կաղին բերեց, որ կազդուրվի։
Ա՜խր թևաբեկ էր հազարանը,
Նրա վերքից վարդե
Բառեր էին կաթում կանաչ սրոհունդին,
Բառեր զարմանալի,
Իսկ ես՝ խառնվածս,
Անօգնական, մոլոր,
Ասես հարազատի սնարի մոտ
Դողում էի դառը տագնապներից։
Ա՜խր թևաբեկ էր,
Գորգանախշ էր ասես կանաչներին,
Կոտրած թևը՝ փռած կանաչ սրոհունդի վրա։
Ասացի՝ ի՞նչ անեմ, ի՞նչով օգնեմ, թռչու՛ն հուրհազարան,
Ասաց․
-Ժողվի՛ր թափված արյունը իմ կանաչ խոտից,
Բառերն իմ հավաքի՛ր,
Շարի՛ր աքացիայի սուր փշերին,
Եթե ինձ բան լինի
Ու չհասնեմ հանկարծ
Ոսկե քաղաքը իմ հայրենի,
Որտեղ երգն է վսեմ Թագավորը միակ,
Եթե ինձ բան լինի,
Իմ բառերը շարի՛ր աքացիայի փշին,
Որ մի պատանի գա ամեն գարուն
Եվ շուքի տակ չքնաղ աքացիայի
Իմ բառերով երգի
Իր երկրի ճերմակ կարոտների մասին,
Իմ բառերով,
Բայց ձե՛ր վերադարձը երգի
Դեպի հայրենի տուն․
Եվ սա է լուրը իմ,
Որ ձեզ բերի։
Պանդխտական
Հինդուչիմանից եկած
Մի խոջայից եմ առել
Այս դիպակը փիրուզե,
Այս մարջանը՝ կարմիր ակ,
Այս շապիկը մետաքսե։
Յոթ տարի եմ աշխատել
Էն Բաղդադի կողմերում,
Էն Հալեպում հեռավոր,
Իսկ այս վարդը պողպատե
Իմ ձեռքերով եմ կռել
Տիզբոն կրակ քաղաքում։
Յոթ տարի եմ աշխատել
Տեսքդ սրտումս՝ սոխակ,
Տրոփել է կարոտով
Ու ծվատել է ներսս,
Բայց որտե՞ղ ես, դու չկաս,
Ուրիշ տուն ես գնացել,
Ուրիշին ես հարսնացել։
Հինդուչիմանից բերած
Այս դիպակը փիրուզե,
Այս մարջանը՝ կարմիր ակ,
Այս շապիկը մետաքսե
Տանեմ թողնեմ այն վանքում,
Ուր ասացիր կսպասեմ,
Իսկ այս վարդը պողպատե,
Որ իմ ձեռքով եմ կռել
Տիզբոն կրակ քաղաքում,
Թող որ դնեն իմ սրտին,
Թող սոխակն այն հոտոտի։
Տեսիլներ (շարքից)
Տեսա
Խութավանքի խաչքարերից աջը,
Նա, ով ձորն է հսկում արևելյան կողմից,
Մեկնում է իր ձեռքը,
Երկու նուռ է պոկում,
Ճեղքուկ նուռ է քաղում
Իր նախշերի միջից
Եվ տալիս է ճերմակ աղունակին՝
Կապույտ երկինքների նշանածին,
Եվ ասում է նրան՝
Մեկը թող քեզ լինի,
Իսկ մյուսը տար, որ տաս քո ընտրյալին,
Որ չհոգնի բեռից վերևների ու չփլվի։
Տեսա
Խութավանքի խաչքարերից ձախը,
Նա, ով լեռն է հսկում արևմուտքից,
Պարզում է իր ձեռքը
Եվ խաղող է պոկում,
Մի ճուտ ոսկե խաղող
Իր նախշերից քաղում
Եվ տալիս է սևուկ ծիծեռնակին,
Ով վերջերս է եկել հեռու տեղից,
Որ նորոգի բույնը՝
Վանքի գմբեթի տակ քանդված իր ծվարը,
Որ ապահով սրտանց ձվադրի։
Տեսա այս ամենը տեսա ու սիրեցի․
-Բա՞ ինձ,- ասում եմ ես,
-Ինձ էլ մի բան տվեք ձեր նախշերից
Տվեք տանեմ դնեմ իմ երգի մեջ։
-Սպասի՛ր մութը ընկնի,- շնկշնկում են նրանք,
-Երբ լուսինը ցոլա
Մեր նախշերը կիջնեն մեր քարերից,
Կիջնեն ձորը, որ լողանան, որ զովանան մի քիչ
Տրտու գետի տրտում ալիքներում
Եվ կխաղան մի քիչ
Կարմիր խալերի հետ կարմրախայտի,
Անշուշտ հոգու հետ էլ քիչ կխաղան,
Եվ բեղլուներին կհամբուրեն
Եվ կկառչեն նրանց բեղիկներից,
Եվ տառեխին կասեն՝
Ի՞նչ ես խռով, երգի՛ր ջրիմուռների համար,
Սիրո երգը երգի՛ր, թող կարմրեն։
Այսպես ասացին ինձ և ասացին նաև․
-Եթե կուզես,
Եթե սիրես նրանց,
Մենք քեզ կնվիրենք ամեն մեկս մի նախշ,
Մեկը՝ չարաճճի ուլի սրտով,
Մյուսը՝ վշտի ծաղիկ,
Աստղ է կաթում հարկավ նրա հոգուց
Եվ մահ․․․
Բայց պայմանով
Ասենք՝ չմոռանաս․
Մահից առաջ հիշի՛ր,
Մեր նախշերը պիտի ետ տաս, հիշի՛ր․
Գուցե պետք գա էլի ինչ-որ մեկին՝
Տրտում ու լուսավոր հոգավորին։
*** *** *** ***
- Վանա կուղպակներում
Գլխաշոր եմ տեսել՝
Կապույտ երիզներով
Կարմիր լաչակ,
Հենց խնձորս ծախեմ
Իմ լաչառի համար
Պիտի նվեր անեմ։
Վանա կուղպակներում
Հաստ սոլեր եմ տեսել,
Վիշապավոր նախշեր՝
Հյուսկեն երազ,
Հենց խնձորս ծախեմ
Իմ լաչառի համար
Պիտի նվեր անեմ։
Վանա կուղպակներում
Ալխալուղ եմ տեսել՝
Մինչ ծունկը հասնող
Կարնո դիպակ,
Հենց խնձորս ծախեմ
Իմ լաչառի համար
Նվեր պիտի անեմ։
Վանա կուղպակներում
Արծաթ գոտիներ կան,
Վանա կուղպակներում
Զանգակ ճակտնոցներ ,
Մույկեր տոտը՝ տաքուկ
Ծննկանի համար,
Մատանիով հոսող
Այծեմազե շալեր․․․
Վանա կուղպակներում
Ինչեր ասես չկան,
Թե՞ կան,
Բժժել եմ․
Ողջ խնձորս էլ ծախեմ․
Չի հերիքի։
Վանա կուղպակները
Կողպվա՞ծ են այսօր, թե՞ բաց
Ձեզ չեմ ասի։
Բալլադ մի իշաբեռ ցախի և լրաբզիկ կաչաղակի մասին
Մի կաչաղակ կա
Աշնան ծմակներում կեցող,
Թևը՝ ծվատ մի քիչ ու խանձված,
Գուցե շատ է թառել
Արեգակի ճյուղին
Դրանից է։
Եվ երևի ասեմ՝
Մի աչքով է նայում մարդկանց երկրին,
Էն էլ շիլ է հաստատ
Էդ մի աչքը,
Ով հանդիպի նրան
Էս շեներում,
Թող ամոթանք թափի
Նրա պարապ լեզվին,
Ու թե ուզի էլի ձեզ համոզել,
Թե իբր ես՝ քաջս, հարսնացու եմ տարել
Էս ձորակից, իսկ լուսնյակի տեղակ
Մի ավանակ` բարձած բոխու ցախ եմ տվել
Կամ վճարել,
Չհավատա՛ք նրան, չհավատա՛ք։
Պատմե՞մ բանը, եղբա՛յր։
Պատմե՛մ բանը, քու՛յր իմ՝
Ինչպես եղավ։
-
Էս ձորի աշունը վավաշուն
Սիրածիս դուռն էր
Ինձ տարել, հասցրել․
Իբր թե ցախի եմ գնացել,
Ծմակը թողել եմ վերը,
Ցած իջել ձորի պռունկով,
Չորացած լոբու՝ սարիների
Կողքով հասել եմ մաղաքին,
Ա՜յ այնտեղ՝ հազարաշեն ծածկով այն տանը,
Իր մոր ապահով շալի տակ
Խորոտում է կեսը իմ սրտի։
Ա՜յ այնտեղ՝ որձաքարով որմած այն տանը,
Իր հոր թևի տակ՝ հայրական կարծր կրակների վրա,
Խորովվում է իմ լորը՝ կեսը իմ սրտի։
Իջել եմ, հասել եմ դուռը,
Կռացել եմ, որ կապեմ
Քուղերը կաշվե մույկերիս,
Հետո քանդել
Ու նորից եմ կապել։
Վերուվար եմ արել յոթը հեղ,
Դու՛րս արի․ կանչել եմ,
Ասել եմ՝
Էս խեղճ ավանակի
Գավակին է ցախը,
Դիտմամբ ծուռ եմ բարձել,
Դիտմամբ թույլ եմ կապել,
Որ հետո ուղղում եմ իբր թե։
Դու՛րս արի․ կանչել եմ,
Բա մե՞ղք չէ իմ էշը,
Որ տանջում ես զուր։
Հաստատ հաց եք կերել,
Պնակներն հավաքել ես,
Դու՛րս արի․ կանչել եմ․
Եվ թա՛փ տուր
Ձեր ճերմակ սփռոցը,
Տե՛ս ծտերը սպասում են կաթնահունց փշուրքին,
Շարվել են պարանին,
Թառել են
Ոսկեթել ու նախշուն բացվածքով
Քո զուլալ շապիկին , ծլվլում են,
Քո դուրս գալուն են սպասում,
Դու՛րս արի․ կանչել եմ ,
Էս էշն ու իր ցախը
Սուտ մահանա է,
Տե՛ս վերում՝
Անտառի վավաշոտ փեշի տակ,
Լորենուց կապված է երիվարս,
Թամբած է կաշվե՝ Վանա թամբով,
Աջից ձախ
Սադափե աստղերով երիզված,
Արծաթե գամերով բևեռած,
Իսկ ճակտին նժույգիս ցոլում է
Նշանը շուշանի,
Դու՛րս արի․ կանչել եմ,
Բարի է նշանը,
Շուշանը ցնորք է, երազ է հիլ։
Դու՛րս արի․ կանչել եմ,
Անձրևն անհամբեր է, մաղում է,
Տե՛ս ձորն անհամբեր է,
Ասես սիրտս ձոր է,
Ուր ծովեր են
Ծփում փոթորկուն,
Իսկ ծովերի վրա
Ամեհի թռչուններ են
Ճախրում, բզկտում են հոգիս,
Կտցում են, կռնչում․․․
Հիշում եմ՝ հուշել են,
Որ ես էլ կռնչամ․
Կարող է լսես ու դուրս գաս,
Բայց դու դեռ ձգում ես,
Վախենում ես, որ ի՞նչ,
Մի՞թե խոստումդ մոռացել ես։
Մեկ է ձեր ձորը
Յոթ շենով էլ ելնի,
Յոթը շեն էլ կողքի ձորերից գան,
Որ խափանեն սերս,
Չեն կարող, չէ՛,
Տանելու՛ եմ,
Իսկ նժույգս հեռվից փնչացել է,
Ասես, թե սիրտս է վրնջում։
Դու՛րս արի․ կանչել եմ,
Ժամն է, տարաժամ է,
Ողջ գիշերը
Քշելու ենք մինչև տուն։
Դու՛րս արի․ ասել եմ․
Դու՛րս արի
Օրհնանքի պես մորդ շալը առած ուսիդ․
Անձևը մաղում է, չմրսես,
Գնացել ու տարել եմ
Հազար տարվա կինս է,
Ահա, սա է ամբողջ պատմությունը։
․
Իսկ էն ինչ ասում է
Լաչառ կաչաղակակը,
Չհավատա՛ք նրան, սուտ է։
Ճիշտ է նա այնտեղ էր՝
Ճղոպուրնու ճյուղին,
Երբ աներս հերսոտ
Երեք եղան նետեց իմ ետևից,
Բայց ասում եմ կրկին՝
Չհավատա՛ք լրաբզիկ փետրավորին,
Ես ո՞ր օրվա քաջն եմ,
Եվ կամ մի՞թե
Մասյաց մութ վիհի մեջ՝
Սև սալերի վրա,
Բախտի դարբիններ են սիրտս կռել,
Կռել ու ջրդեղել
Սիրո խորունկ ջրհորներում։
Ես ո՞ր օրվա քաջն եմ, և կամ ասեք,
Որ աղջիկը տանեմ,
Իսկ նրա տեղ մի ավանակ թողնեմ,
Քիչ չէ՝
Մի բեռ ցախ էլ
Վրան ընծա թողնեմ,
Ես ո՞ր օրվա քաջն եմ,
Հիմա ասե՛ք։
Պատգամ
Աղջի՛կս, երբ թռչունը գա
Ու ինձանից հարցնի
Կասես՝ տանը չէ հայրս,
Կասես՝ գնացել է
Լորենու փչակում քնելու։
Կասես՝ գնացել է
Նոր բույն որոնելու քեզ համար
Եվ եթե սոված կլինի,
Հաց ու ջուր կտաս։
Եվ եթե տրտում կլինի,
Կասես՝ Մեղրիում
Ծաղկել է նռենին,
Թող գնա
Ճախրի նրա երկինքներում,
Թող իրեն թաթախի
Կարմիր բույրերում։
Եվ քո սադափե սանրով
Զգուշորեն կսանրես նրա գլուխը
Եվ բառեր կասես մխիթարող․
Թող իմանա, որ միայն ինքը չէ,
Որ միայնակ է այս տիեզերքում։
Եվ բառեր էլ կասես աղոթքի
Բոլորի Աստծուն ուղղված։
Աղջի՛կս,
Դու շատ հեշտ կճանաչես նրան,
Նա փումփուլե կատար կունենա
Եվ կբուրի երկնքի բույրերով։Աղջի՛կս, երբ գա ձուկը
Ու ինձանից հարցնի,
Կասես՝ տանը չէ հայրս,
Կասես՝ գնացել է
Սառնորակ աղբյուրի
Վերին ակունքներում
Քեզ համար
Անվտանգ հոսքեր որոնելու։
Կասես՝ մաքուր արծաթից կոհակներ
Եվ փիրուզե սրտով ալիքներ
Գտնելու համար է գնացել։
Եվ եթե սոված կլինի
Հաց ու ջուր կտաս։
Եվ եթե տրտում կլինի
Կասես՝ Տրտու գետի
Միջին հոսանքներում որսն առատ է այս տարի,
Կարմիր ջրիմուռները
Հասունացել են վաղուց,
Եվ կակղամորթները
Իրեն են սպասում անհամբեր։
Կասես՝ թող երբեմն
Դուրս նետի իրեն ջրերից,
Թող իրեն ցողի
Գետակին թեքված ուռիների արցունքով,
Թող իմանա, որ
Միայն ինքը չէ, որ հոսում և
Արտասվում է այս տիեզերքում։
Չմոռանաս գոտեպնդել իրեն
Մի բարի խոսքով
Եվ վստահելի մի հայացքով։
Աղջի՛կս,
Դու շատ հեշտ
Կճանաչես նրան․
Նա կարմիր պուտիկներ կունենա
Եվ օծված կլինի
Տրտու գետի օծանելիքով։Աղջի՛կս, երբ մահը գա
Ու ինձանից հարցնի,
Կասես՝ տանը չէ հայրս,
Կասես՝ գնացել է
Կողմերը հանդարտության՝
Քեզ համար
Իր սիրտը նորոգելու,
Կասես՝ գնացել է
Հարթելու վեճը
Գյուղացիների ու գայլերի միջև,
Կասես՝ գնացել է սրբելու
Քրտինքը իր շինական ընկերոջ,
Կասես գնացել է,
Որ համոզի երեխաներին
Հեռու մնան կրկեսներից
Եվ զգույշ լինեն մեծերից,
Կասես՝ գնացել է
Վերջին վկայությունները
Բերելու ապագայից,
Վերջին արձանագրությունները կարդալու
Վշտի պնակիտներին թռչկոտող,
Եվ լսելու կտցահարումը միայնության
Փշաքաղված մարմիններից՝
Լքյալների, որբերի և անիմաստ զոհերի։
Աղջի՛կս,
Դու երևի չես ճանաչի նրան,
Բայց մեկ է, հաց ու ջուր կտաս․
Նա սիրում է գալ սոված
Եվ կերպերով այլազան,
Իսկ ուզածը մեկն է միշտ,
Նա այս անգամ
Զմրուխտե կոհակներ է ունենալու
Եվ իջնելու է նռնենու երկնքիցԵվ բուրելու է,
Բուրելու է
Խճմտանքով անողոք։
Օգտակար խորհուրդներ վանդակավոր վերնաշապիկ սիրողներին
***
Նախ հիշի՛ր
Վանդակների մասին
Տխրության։
***
Նրանց մեջ են
Երբեմն ծվարում
Նաև Աստվածները։
***
Փախնում և հանգստանում են
Մարդկանցից։
***
Աղերսանքների ջրվեժներ են
Հորդում դեպի վեր,
Եվ այդ ջրվեժների հետ
(Շա՜տ քիչ)
Աղոթքի կարմրախայտ
Ձկներ են բարձրանում
Դեպի դաշտերը ձկնկիթի,
Որ հետո
Որպես մոռացության անձրևներ
Մաղվեն վանդակների վրա
Հոգիների։
***
Եվ այսպես․
Զգու՛յշ եղիր ուռկաններից
Կրոնի և գիտության,
Զգու՛յշ եղիր
Ձույլ բանաստեղծություններից
Եվ հարթանկար սրբապատկերներից,
Քանզի
Նրանք էլ են վանդակների պես
Կծկվում սրտերի մեջ ալարկոտ։
***
Վստահի՛ր
Թոնրի խաչերկաթին։
***
Վստահի՛ր, եղանի վանդակին․
․․․Խոտի հակը գլխավերևում՝
Աստծուն ի տես։
***
Վստահի՛ր փոցխի շարժմանը
Մայր հողի խոզաններում։
***
Վստահի՛ր քո շապիկին,
Երբ գրպանումդ
Նամակե վանդակներ ունես
Քո հեռավորներից,
Եվ գույզգույն դեղեր՝
Քո սրտի վանդակները
Խաղաղեցնելու համար։
***
Կասկածի՛ր քառակուսի թղթերին՝
Միավորներ, զերոներ,
Միավորներ, զերոներ
Կենդանիներ վանդակներում,
Վանդակներ մարդկանց մեջ․
Հոգսե վանդակներ․․․
Կասկածի՛ր ճաղերի սածիլներին
Քո մեջ բարձրացող։
***
Բայց Աստված էլ է
Մարդե վանդակներում։
***
Եվ Աստված
Ինքն է մարդավանդակ։
***
Մարդ և Աստված․
Տարօրինակ սիմբիոզ
Սանձարձակ ազատության
Մոլի թավուտներում՝
Մարմնական տռփանքի շղթաներով։
***
Հագի՛ր շապիկդ համեստորեն
Գուցե թռչուններ գան նաղշուն
Ծվարեն նրա վանդակներում՝
Թաքնվելով անգղներից,
Գուցե ձկներ լողան երկինքներից,
Գան հանգստանան
Քո շապիկի ակվարիումներում,
Թաքնվեն, խուսափեն
Վշտի ուռկաններից։
Հագի՛ր շապիկդ խղճով՝
Որպես ազատ վանդակ։
․․․Ա՜խ փխրուն իմ հարազատ։
***
Հագի՛ր որպես զրահ,
Ով սիրտ ունի, նա կտեսանի
Ազատությունը ճաղարանքների,
Իսկ ում
Կրծքավանդակի ցանկապետերի տակ
Թոշնել է ծաղիկը սրտի,
Նա միայն
Ճաղերով է հմայվում անագորույն։
***
Հետո հիշի՛ր,
Որ ցանկացած շապիկ,
Մանավանդ վանդակավոր,
Հակացուցումներ ունի ահեղ։
***
Երբ չես հագնում սրտանց,
Նրա ճաղերը
Կրքից շիկանում են,
Եվ կարող են քո մարմինը
Մանրել հրե սուսերներով
Եվ քո սիրտը խճողակել,
Հետո
Խառնել ճաշին անկյալ հրեշտակի,
․․․Հիշու՞մ եք․
Միավորներ, զերոներ,
Միավորներ, զերոներ
Մութ աղցանե կշռույթի մեջ։
***
Եվ մի բան էլ․
Եթե շապիկ չունեք
Խնդրեք ձեր աղջկան,
Թող նվիրի․
Ես այդպես եմ արել,
Կամ էլ գնե՛ք,
Հո ձեր ձեռքն ու հոգին
Քարե վանդակների տակ չէ՞։
Բալլադ ի վերա էն որ մեկի
Մի գրբացի մոտ գնացի,
Ասի՝ գրբաց, երկու սիրուն սիրած ունեմ,
Որի՞ն առնեմ,
Որ աշխարհքից բան չպակսի,
Մեկը շեկ է,
Հյուսքեր ունի ավելուկի,
Ասես երկու շահմար օձեր գցած ուսին,
Շահմար օձեր, հսկում են ու
Մոտ չեն թողնոմ
Նրա մամնի շեկ մեհյանին,
Ասի՝ գրբա՛ց, մի ճա՛ր արա,
Ասաց․
-Գնա՛ Վան քաղաքի կուղպակներից
Հինդուչիման կարմիր ակով մատանի առ,
Թե մատանին
Շահմար օձի աչքերի մեջ
Զնգա սիրո կապույտ բոցով,
Շահմար օձը կհմայվի,
Կհմայի սիրտդ սիրո անհուն կրքով,
Եթե դյութվես և թե դյութես, նրան էլ առ։
-Լավ ես ասում,-ասի,- գրբա՛ց,
Բա է՞ն մեկը,
Ում սևուսաթ աչքերի մեջ
Իմ երկրի մութ ձորերն են
Տխրությունից մոլոր մայում
Անուշ գառներ երազի պես
Սիրո կարոտ,
Ախր նրան ինչու՞ չառնեմ, ինչպե՞ս չառնեմ։
Ասի՝ գրբա՛ց, մի ճար արա։
Ասաց․
-Գնա՛ Վան քաղաքի կուղպակներից
Մի ձեռք մետաքս, մի ձեռք սատին,
Մի ձեռք թավիշ գնի՛ր ու տա՛ր
Ձորում աճած ալոճենու ուսին փռի՛ր,
Եթե ծառը ծաղկի
Սիրո կապույտ բոցով, եթե ծաղկի,
Գնա՛ ու ա՛ռ քո անմեկին։
Ասի՝ բայց ու՞մ,
Ասաց․
-Գնա տերտերի մոտ,
Ես չգիտեմ, մոռացել եմ՝ ոնց են բացում
Մեհենական նշաններով․․․ անբացելին։
Ես չգիտեմ՝
Կիրքը սիրուց ո՞նց են զատում։
Ասաց․
-Գնա՛ տերտերի մոտ։
-Տերտե՛ր,-ասի,-մեկը շեկ է,
Ոտքը՝ երկար,
Ինձ տեսնում է, չափուկ-չափուկ է հեռանում։
Ասաց․
-Չափուկ հեռացողը
Ետ կդառնա գուցե նազո՞վ։
-Տերտե՛ր,-ասի,- մեկն է սևուկ,
Ինձ է տեսնում փողոցի մեջ
Սիրտը ասես դառնում է քար,
Ինքը՝ խաչքար, նախշ է թափվում հոգուց, դեմքից, զուլալ ծոցից։
-Որի՞ն առնեմ,-ասի, տերտե՛ր։
Ասաց․
-Քարը ինչքան էլ քար,
Կփշրվի, օր կա սիրուց, օր կա ցավից,
Ասաց․
-Գնա՛ գուսանի մոտ,
Ես չգիտեմ՝ որ աղոթքով շիջեմ կիրքը,
Ի՞նչ աղոթքով վառեմ խունկը դալար սիրո, որ պեծկլտա,
Ո՞ր ձորերի ելման դիմաց
Ի՞նչ շարական շարականեմ,
Որ ամանակ առ ամանակ հույզը դառնա զուսպ ու հանդարտ,
Ես չգիտեմ,-
Ասաց,- գնա՛ գուսանի մոտ։
Ասի՝ գուսան, մեկը շեկ է,
Հազար ցորեկ երեսն ի վար
Աստղ է կաթում,
Մեկն՝ իրիկվա անուշ կրակ,
Զեփյուռներից է շնկշնկում։
Որի՞ն առնեմ, ասի՝ գուսա՛ն։
Ասաց․
-Ծեր եմ ավա՜ղ մահից,
Գիտեցածս էս յոթնաղի ջութն է ծորում,
Ես նվագեմ,
Թող սեր կաթի կրքի հրկեզ անդունդներին,
Ես նվագեմ,
Թող կիրք ծորի սիրո թաքուն թաղարներին,
Ես նվագեմ,
Դու որոշիր, թե ում գովեմ,
Ում գովեցի, անոր էլ առ։
-Բա է՞ն մեկը,-ասի, գուսա՛ն, ծեր անօրեն,
Բա է՞ն մեկը, ա՜խր,
Գուսա՛ն․․․
«Վիշապագորգ»
(«Պսպղոցներ» շարքից)Երեկ ինչու՞ ծուռ նայեցիր,
Ուզածս ի՞նչ էր՝ ծուռ նայեցիր,
Երեկ կարմիր նռներ էի քաղել բերել
Մոկս գավառի այգիներից,
Զվա՜րթ հոգվոր պարտեզներից,
Ես ի՞նչ անեմ՝ հենց քեզ տեսան,
Ճեղքվեցին նռները էն,
Վախի՞ց արդյոք,
Թե՞ քո աչքից ճաք տվեցին,
Հյութը ցայտեց ու շապիկս ներկեց կարմիր,
Ասես լինի որդան ներկով
Ծաղկած թերթիկ մագաղաթի,
Մագաղաթի վրա տաղիկ,
(Չվերցնե՞մ արդյոք ասեմ՝ ի՜նչ մի շաղիկ),
Որի գիրը իմ արցունքից,
Թո քո սիրո արյան ջերմից լղոզված է։
Երեկ ինչու՞ ծուռ նայեցիր,
Արի էսօր շապիկս տա՛ր
Ու քո ձեռքով լվա՛ ձորում,
Բայց տես, զգույշ, գետն է վարար,
(Չվերցնե՞մ արդյոք ասեմ` խավա՜ր, պարա՜րտ վիշապ է նա)
Տես՝ չքշի շապիկը իմ
Ու չտանի հեռու մի գյուղ,
Հեռու գյուղում
Գորգ լվացող մի անուշ հարս զուր չլացի,
Չասի՝ հե՜յ, վա՜խ,
Ու՞մ շապիկն է ջուրը բերել,
Վրեն՝ արուն,
Վրեն՝ սիրող սրտի արուն,
Վրեն՝ անուշ տաղկա արուն,
Թե՞ հայրենի,
Որի անուշ տողերի մեջ
Կարմրախայտն է իր պուտերով
Ներկել սիրտը,
Ճեղքուկ սիրտը մերժվածի,
Որի զուլալ արյան ցոլքը
Եկավ-եկավ էս գոռ գետով,
(Չասե՞մ՝ արդյոք վիշապն հեծած),
Եկա՜վ, եկա՜վ ու սայթաքեց
Գորգի վրա՝
Էս վիշապի բերնից ելնող
Կրակի դեմ։
Երեկ ինչու՞ ծուռ նայեցիր,
Բա որ վառվե՞մ։հաջորդ էջ