ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Երգահան` հեղինակային երգերի ստեղծող ու կատարող, Արմեն Մովսիսյանը ծնվել է 1964թ ապրիլի 8ին Լենինականում:
1982-1989 սովորել է Երևանի պետական համալսարանում:
Ունի թողարկած 5 անհատական և 3 համատեղ ձայնասկավառակ: Համերգներով հանդես է եկել մի շարք հայկական գաղթօջախներում: Լիբանան,Սիրիա,Կիպրոս, Իրան, Ֆրանսիա, Անգլիա, Կանադա,ԱՄՆ, Արգենտինա:
Ներկայումս ապրում է Լոս Անջելեսում:
Վերջերս լույս տեսավ նրա երգերի տեքստերն ու նոտագրություններն ամփոփող "ԱՆՎԵՐՆԱԳԻՐ" ժողովածուն:
ՀՈՒՇԵՐԻՍ ՔԱՂԱՔԸ
նվիրում եմ ծնողներիս՝
Արշակունի և Լուսյա Մովսիսյաններին
Չգիտեմ այն ժամանակը
Աշխարհից ինձ բաժին հանած` ապրելու,
Բայց լավ գիտեմ, որ վերջին ակնթարթս
Հուշերիս եմ նվիրելու:
Կհիշեմ իմ մանկությունը,
Անհոգ բակում վազվզելով, ինչ լավ էր,
Կհիշեմ ես մորս, սև-սև մազերով,
Հորս ձեռքերը, որ ինձ գրկում էին:
Կհիշեմ իմ առաջին դասերը
Ու իմ դպրոցը, որ էլ չկա, փլվել է,
Պատանեկությունս ես այնտեղ թողել եմ
Իմ դպրոցի ճամփի վրա:
Կհիշեմ տատիս պատմությունները
Փախած արնոտ յաթաղանից՝ Մեծ Ջարդ էր,
Մշեցի պապիս տխուր աչքերը`
Ողջ մնացած ամբողջ տոհմից:
Հետո կհիշեմ այն փողոցները,
Ուր մենք զբոսնում էինք տղերքով, որտեղ եք,
Ինչքան մաքուր էին այնժամ դեռ մեր սրտերը,
Բայց ամեն ինչ պատվեց փոշու շերտով:
Կհիշեմ մեր հին այգին
Հայրենի իմ քաղաքից, ինչպես ես,
Հիշում ես` ինչքան ենք եկել մենք քո գիրկը,
Հանձնել թախիծը ծառերիդ:
Կհիշեմ ծնունդը Վահագնի,
Ոտքի ելած ժողովրդիս, ինչ օրեր էին,
Բայց չեմ ուզում հիշել ես նորից
Փլված քաղաքը հուշերիս:
Ավերակ դարձած այն փողոցները,
Ուր մենք զբոսնում էինք տղերքով, որտե՞ղ եք,
Ձեր շիրիմները ծածկել են ալ վարդերը,
Իսկ իմ հուշերը` թախիծով:
Երբ որ ջրվեն գրված երգերս,
Եվ ձյունն իջնի իմ մազերին, ձմեռ գա,
Ես կհիշեմ նորից անցած օրերս,
Երազ դարձած իմ քաղաքից:
ՍԱՐԵՆ ՀՈՎԻԿ ԿՈՒԳԱ...
Սարեն հովիկ կուգա,
Լաո, ծաղիկ ես,
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
Լաո, տաղիկ ես,
Մըր Ծովեն ալիք կուտա,
Լաո, ափիկ ես,
Էրգրեն բերած լուսըմ կա,
Լաո, կպայես:
Սարեն բոբիկ էկավ
Քու պստիկ ախպեր,
Մըր Ծովեն արցունք խման
Քու պստիկ քուրեր,
Ասկյար մըր էրգիր վառեց,
Լաո, լավ հիշէ,
Ասկյար մըր օջախը մարեց,
Լաո, ժամն հիշէ:
Սարեն բոցիկ կուտա,
Ֆիդայոնց մեռնեմ,
Մըր էրգրեն ձենիկ կուգա,
Լաո, քել երգենք,
Թե ընձի զակեն մեջքեն,
Զարկդ ձիգ պայէ,
էրգրեն բերած մըր լուսեն
Կրակմ վառե:
Սարեն հովիկ կուգա
Լաո, ծաղիկ ես...
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ
Փչի քամին անդարտ իմ խոհերի ժայռոտ ուսին,
Ալիք տա, վեր բարձրանա, հասնի հանգչող օրվա լույսին,
Ու ալեկոծ իմ միտքը մերկ թափանցիկ գիշերներով լողա,
Ու երկրային իմ կիրքը մելամաղձոտ երգեր դառնան:
Օրվա թմրող լույսի ու մոմերի ճրագներով քայլեմ,
Ձմռան հոսուն ցրտից` գալիք գարնան շունչը փնտրեմ,
Ու ալեբախ իմ սիրտը խոհերիս հետ հեռուն սուրա,
Ու ճախրանքի իմ խինդը մեկի սրտին համբույր դառնա:
Հանգչեմ երգող լարին ու մթության գիրկը ընկնեմ,
Պոկվեմ մահվան քարից, տիեզերքի վիհը տեսնեմ,
Ու իմ մրմունջ աղոթքը մոլորվածին ճամփա բանա,
Ու երկնքի տաք հողը փնտրեմ երկար մինչ լուսանա:
ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
Համո Սահյանին
Ջնջեմ անհող, անտող, անիմաստ իմ գաղջ օրերը,
Լույսով ներկեմ անհույս ծվատված իմ երազները,
Թևավոր ձին դեռ ճախրում է, բայց պոետը հեռանում է,
Կյանք, դու անցնող տեսիլք ես:
Պոկեմ նավիս կայմից այրված երգիս դրոշը,
Անմռունչ, լազուր ծովից դեն նետեմ անգույնն ու գորշը,
Մեղավոր աշխարհը լուռ էր, երբ պոետը հեռանում էր,
Կյանք, դու անցնող տեսիլք ես:
Գիշերվա անքուն երգերս գայլերի ոհմի համար չէ,
Իմ տաքուկ ու խոլ հուշերս բթության քարին հարմար չէ,
Ու անկիրք դեմքերը խուլ են, երբ պոետը հեռանում էր,
Կյանք, դու անցնող տեսիլք ես:
Ու վրնջան ցամաքն ի սփյուռ քառատրոփ վազող հոտերը,
Ու որոճան աշխարհն ի սփյուռ անհաղորդ խամաճիկները,
Բայց մեր երգը միշտ արթուն է, թեկուզ և մենք հեռանում ենք,
Կյանք, դու անցնող տեսիլք ես:
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ
Ո՞ր օրվա փեշից քարը ես թափեմ,
Ո՞ր խոտոր ծերփից աշխարհին նայեմ,
Ո՞ր մրմուռ սրտին սպեղանի գտնեմ,
Ո՞ր անսանձ կրքին պատյաններ դնեմ:
Ո՞ր աշնան ծառին նվիրեմ գարուն,
Ո՞ր անտաշ բառից կառուցեմ նոր հուն,
Ո՞ր անմիտ, անծիլ խոսքերին` հմայք,
Ո՞ր անճիչ սրտին՝ սիրո տվայտանք:
Որ մեղավորի մեղքերը քաշեմ,
Որ սգավորի վերքերը մաշեմ,
Որ լրբին դառնամ կուսության շղարշ,
Որ խոփին դառնամ հողի մի տալաշ:
Ո՞ր ծնկված ոտքի կանչը երկնքի
Ո՞ր թեքված ձեռքի խաչը աղոթքի,
Ո՞ր փոթորիկին մի սանձող օղակ,
Ո՞ր պղտոր ծովին մի ճերմակ կոհակ:
Ես ինչպե՞ս ուղղեմ այս ծուռ հայելիների աշխարհը...
Ո՞ր խենթին դառնամ ուղեղի մի ծալք,
Ո՞ր մահվան ընդդեմ արարեմ նոր կյանք,
Ո՞ր թանձր խեժից քամեմ բարություն,
Ո՞ր անմիտ կերպից կյանքի խնդություն:
Ո՞ր ուրացողին հայրենիք գտնեմ,
Ո՞ր կուրացողին արևներ փնտրեմ,
Ո՞ր անբան մատին հարմար փափկություն,
Ո՞ր թլպատ մտքին հարմար խորություն:
Ո՞ր սայթաքողին հենարան լինեմ,
Ո՞ր թափառողին քավարան շինեմ,
Ո՞ր ավերներից բարձրացնեմ փյունիկ,
Ո՞ր հեռուներից դառնամ նոր գալիք:
Ես ինչպե՞ս ուղղեմ այս ծուռ հայելիների աշխարհը...
ԱՐԻ ԸՆԿԵՐ...
Արի, ընկեր, նստենք ամբողջ գիշեր,
Ու քշենք մեկ-մեկ գրված երգերը,
Իսկ ծխակոլոլ կոկորդով պոկենք
Քնած քաղաքի անթափանց գիշերը:
Արի այսօր, ինչպես բազում անգամ,
Սիրուն ձոնենք գիշերվա պատրանքը,
Դառնանք երազից պոկված փոքրիկ իշխան
Ու շոշափենք անցնող մեր կյանքը:
Այսօր քամին ունի ըմբոստ երանգ,
Մեր խենթության ժամը հասել է,
Ոչինչ, որ կուշտ, բայց վաղուց դատարկ մի գանգ
Մեր խենթությունը հայհոյել է:
Ոչինչ, որ մեր ափին չկա փարոս,
Ու մերժեցինք ընդունված միջինը,
Մեր կյանքը սա է` փշոտ ու քարահոս,
Տեր աստված, չլինենք վերջինը:
Այսօր սիրո գիժ կարկուտ եմ մաղելու,
Որ խլացնի սթափության ճիչերը,
Այսօր մոմերը մեր խոհերն են լիզելու,
Քանի որ խենթ է այս գիշերը:
Այսօր ձմռան կեսին մեր բողբոջն է բացվելու,
Ինչ փույթ, թե ցուրտ է,՝ նա է առաջինը,
Այսօր երգենք, գուցե վաղն ենք մեռնելու,
Ու տա աստված` չլինենք վերջինը:
Արի, ընկեր, նստենք ամբողջ գիշեր
Ու փշրենք մեկ-մեկ սառցե սրտերը,
Իսկ ցեխակոլոլ ձեռքերով քերենք
Մեռած քաղաքի սրբատաշ քարերը:
ԵՐԳ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
Ինձ փշրեք այսօր, բայց միտքս քարերից է`
Շնչող քարերից խաչերով կիսված,
Ինձ պոկեք այսօր, բայց երգս արմատից է`
Արթուն արմատից, կարոտով ծծված:
Ինձ քշեք այսօր, բայց քամին դեռ մեր ափից է
Օտար ափերին նորից փրփուր դառնում,
Ինձ մերժեք այսօր, թե երգս սուտ բառից է,
Իսկ ես՝ հողածին այս կյանքն եմ այրում:
Ու կոչեք անզոր, թե զորեղը, այն հիմքից է,
Որ մտրակներով մեջքեր է շոյում,
Ինձ կոչեք անճար, թե ճարն հարամ հացից է
Ու խնջույքներին ոսկոր են նետում:
Ինձ կոչեք անխաչ, թե խաչը լոկ դրսից է,
Իսկ իմ մեղքերին թողություն չկա,
Ինձ կոչեք անցվոր, թե հավերժը իմ կողքից է,
Իսկ ինձ կռտում է քծնվող ներկան:
Ու կոչեք անդեմ, թե դեմքս դիմակից է,
Որ պալատներում մաշեմ հազար տարի,
Ինձ կոչեք խելառ, թե խելքը աթոռից է,
Ու սողունները ձգտում են գահի:
Ինձ կոչեք սառույց, թե սառույցն այն սարերից է,
Որ իմ պապերի կարոտն են հիշում,
Ինձ կոչեք գիշեր, թե սերը աստղերից է,
Ես գիտեմ նրանք ինչու են լացում:
Ինձ փշրեք այսօր, բայց միտքս քարերից է`
Արթուն քարերից խաչերով կիսված,
Ինձ պոկեք այսօր, բայց երգս արմատից է`
Շնչող արմատից կարոտով ծծված,
Բայց մի քշեք այսօր քամին դեռ մեր ափից է
Օտար ափերին նորից փրփուր դառնում,
Ինձ մերժեք այսօր, բայց այս երգը այն սրտից է,
Որ հավերժության ճամփան է փնտրում,
Եվ իմ մեղքերին թողություն խնդրում,
Ու մեր պապերի կարոտը երգում...
ԵՍ ՔԵԶ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Ես քեզ ցանկանում եմ անլուսին գիշեր,
Որ ճրագ վառեմ պատուհանիդ տակ,
Ու ճրագի պես մինչև վերջ այրվեմ,
Անհամբեր սպասեմ հաջորդ գիշերվան:
Ես քեզ ցանկանում եմ երկարող ձմեռ,
Որ իմ տաք շնչով սառույցդ հալեմ,
Ձնծաղիկ դարձած՝ նոր գարնան երգով
Քո ջերմ շուրթերը նորից համբուրեմ:
Ես քեզ ցանկանում եմ ալեկոծ օվկիան,
Որ կրծքով բոլոր հողմերը ճեղքեմ,
Առագաստ պարզեմ, գտնեմ ապաստան,
Որ ալիքները փեշիդ չհասնեն:
Ես քեզ ցանկանում եմ ցամաքած աղբյուր,
Որ երակներս ծարավդ մեղմեն,
Ու ես խենթացած քեզ գրկեմ ամուր,
Փակվող աչքերիս մեջ պատկերդ պահեմ:
Ես քեզ ցանկանում եմ կախարդված շրջան,
Ուր սերս և վերջ, և նոր սկիզբ լինի,
Ու փորձեմ գտնել հարցիս պատասխան
Դու խենթությու՞նս ես, թե՞ աղոթքն ես իմ:
ԱՐԻ ՄԵԿ ԷԼ ԼՌԵՆՔ
Արի մեկ էլ լռենք անցողիկ բարևով,
Արի մեկ էլ փոխենք մեր ճամփաները,
Արի էլ չդաղվենք մեր ցանած փշերով,
Ավաղ, օտար են վաղուց սրտերը մեր:
Արի մեկ էլ լռենք, ինչ իմաստ համբույրից,
Ինչ ունեինք, կիսեցինք, դա անմեղ սերն էր,
Արի մեկ էլ փրկվենք փշրված հուշերից
Ու թողնենք անցյալին գիշերները մեր:
Արի մեկ էլ լռենք, որ բառերը անհետք
Չկորչեն, չդառնան բամբասկոտ հեշտանք,
Արի մեկ էլ փորձենք հեռանալ, որ ապրենք,
Երազով անցած երազը պահենք:
Արի մեկ էլ լռենք, մի կանչիր հայացքով,
Ես գիտեմ ճիշտ գտնել ու դնել հանգը,
Ես պոետ եմ դարձել մեր սիրո երգերով,
Ու երգում եմ ինձ բաժին ընկած կյանքը:
Արի մեկ էլ լռենք, ու թեկուզ մտովի
Ես գիտեմ դու էլ ինձ դեռ հիշում ես,
Արի մեկ էլ փորձենք լուռ բուժվել իրարից,
Հավատա, քեզ համար աղոթում եմ դեռ:
ԻՄ ԿԱՐՈՏԸ ԵՐԳԵԼՈՎ
Ես իմ կարոտը երգելով
Քամիներին խառնվեմ գնամ,
Ես իմ գարունը փնտրելով
Առուների կարկաչ դառնամ:
Մազերիս ձյունը քամելով
Կանաչ արտեր փորձեմ ցանել,
Ծովիս փրփուրը մաղելով
Ջրահարսի հետքը գտնեմ:
Ես իմ արևը երգելով
Անլույս ճամփին մի մոմ վառեմ,
Թախծոտ լուսինս կիսվելով
Սիրուս մասին կրկին պատմեմ:
Հեքիաթներից փարոս շինեմ,
Նոր անցորդին մաղթեմ բարի,
Հոգուս հացից բաժին հանեմ,
Գուցե մեկին պետք կլինի:
Ու թևավոր ձիս կհեծեմ
Կիթառիս հետ կյանքն երգելով,
Ես իմ դարը կիսած կյանքս թերթեմ
Մերթ տխրությամբ, մերթ ծիծաղով:
Ես իմ քաղած փշերը գուրգուրեմ,
Գուցե ծաղկող պարտեզ դառնան,
Ես իմ նետած քարերը հավաքեմ,
Մեղքերս ուսիս լուռ հեռանամ:
Ես իմ կյանքի պրկված ժամացույցի
Վարկյանը թանկ երգով չափեմ,
Ես իմ կյանքի սխալ կողմնացույցի
Ծուռ սլաքից երգս կախեմ:
Ես իմ գտած կղզյակը կնքեցի
Փրկության ափ, երգի բերկրանք,
Անհաշտ մտքիցս շարեցի
Թղթին ծուռ մուռ գրված իմ կյանք:
Արմեն Մովսիսյանի ՖԲ-յան էջերը
https://www.facebook.com/groups/28440131747/
https://www.facebook.com/Armen-Movsisyan-Արմեն-Մովսիսյան-59969747243/?ref=hl