Ողջույն, Հյուր

Մարտին Մուրադյան

ԱՐՅԱՆ ՊԱՐԸ

                            Արնակեզ, սուր մի նիզակ
                            Զարկեցի ալ վահանիդ,-
                                           Ե.Չարենց

Նորից գինին իմ ներսում հրճվում է խելագար,
Ու փոթորկվում է կրկին իմ արյունը դարավոր,
Ու պարու՜մ է վերստին քո մարմինը նռնաքար
Դարձյալ պարում է, ցնծու՜մ երազներում վիրավոր:

Հրդեհներում խելադավ, խելապտույտ, խելահեղ,
Նա, որպես կո՜ւռք, որպես կու՜ռք, քրքջում է ու պարում,
Մերթ շողշողում է, որպես մի առասպել հանճարեղ,
Մերթ զուլալվում է, որպես անհնարին արարում:

Ու հեթանո՜ս, հրաշո՜ղ, հրդեհներում հրաքայլ,
Քո մարմինը ցանկալի՜, քո մարմինը մշկահո՜տ,
Եվ չքանում է, կորչում վարսերիդ մեջ սևափայլ,
Եվ բացվում ու արծարծվում՝ չքնա՜ղ, որպես առավոտ:

Այնքան մոտի՜կ ու հեռու՜, և՛ իրական, և՛ անհա՜ս -
Գալարվում է ու ճչու՜մ կրակների բովերում,
Մերթ ծառանում է, որպես մի մղձավանջ հասեհաս,
Մերթ խաղաղվում է, որպես ցնորական նվիրում:

Սանձազերծվում է իմ մեջ, ինչպես կարմիր հովատակ,
Իմ արյունը հեթանո՜ս, իմ արյունը ծխացո՜ղ,
Ու հարվածում է, ծեծում երակները իմ նվազ,
Ու դուրս ժայթքել է ուզում, ու գազազել, որպես ցուլ:

Նա - քո պարին հպատա՛կ, նա քո կանչին միշտ գերի,
Հիմա եռու՜մ է իմ մեջ ու բռնանում է հիմա,
Եվ որպես մի քրմապետ՝ անագորույն, ամեհի՛  
Իմ մարմինը - քո պարին զո՜հ է բերում ահա նա:

Ու ... պարու՜մ ես իմ կողքին, հրդեհների անձավում,
Ու մարմինդ ցանկալի՜, ու մարմինդ լուսահորդ
Մերթ ամաչկոտ - ամոթխած մազերիդ տակ թաքնվում,
Մերթ արծարծվում է, որպես չքնաղագեղ առավոտ:

Այնքան մոտի՜կ ու հեռու՜, և՛ իրական, և՛ անհա՜ս -
Գալարվում է ու ցնծում կրակների ծովերում,
Մերթ ծառանում է, որպես մի մղձավանջ տռփանազ,
Մերթ խաղաղվում է, որպես ցնորական նվիրում:

-Պատռի՜ր հագուստդ քինոտ, կրքից վառվող ձեռքերով
Ու շպրտիր կրակի շեկ բոցերին անվարան,
Խրի՛ր սերդ, սրի պես, սրտիս խորքը հեռավոր,
Հեգի՛ր խոսքը հեթանոս, հրածարավ իմ արյան:

Ու շշնջա ականջիս սիրո բառերը կիսատ,
Ու անպարկեշտ քրքջա՜, արյունաներկ շուրթերով,
Ու շուրդերդ նռնահամ - դի՛ր շուրթերիս բորբոքված,
Ու ներարկի՛ր նրանց մեջ արյուն ու կյանք ու գորով,

Ու բաժակդ արբունքի մատուցի՛ր ինձ շիկացած,
Վառի՛ր ուղեղս կարմիր - քո տենդերով, քո բոցո՜վ,
Մերկությունդ հրացայտ - ծածկի՛ր դու իմ մերկությամբ,
Ինձ ագուցի՛ր հրաբոբրբ, լույս ձեռքերիդ հանգույցով:

Ու գալարվի՛ր ու դողա՜ հաճույքներում անսքեմ,
Ու թփրտա՜ կրքերի որձաքարե քերծերում,
Հետո դարձյալ բոցավառ, դու կաքավի՜ր սիգաճեմ,
Թող հուրհրա գիշերը հրդեհների բոցերում:

Թող շիկանա՜ գիշերը հրդեհների բոցերում,
Ու երազն իմ հրացայտ, քո գրկի մեջ թող ճչա՜,
Հաճույքներիդ խլիրտում, գինովությունն իմ անքուն,
Դառած կարմիր հովատակ, թող վրնջա՜, խրխնջա՜:

Թող նռներդ ատլասե, իմ մատների տակ խոսեն,
Հոգուս պատմեն հեքիաթներ, կախարդակա՜ն, դյութակա՜ն,
Թող նվաղած աչքերիդ մեղկությունը երազե՜,
Ու թող հալվի՛ շուրթերիս վայելքներիդ մանա՜ն:

Թող զրնգա՜ ոկեձույլ, Սիրո Հիմնը իմ հոգում,
Ու թող ծաղկեն իմ հոգում երջանկության լոտոսներ,
Հրակարմիր մարմնիդ ծիծաղախիտ ծալքերում
Ընդվզումներ կան ըմբոստ ու շոյանքի աղերսներ,

Որ հնչելով բազմաձայն, տարածվում են բազմաձև,
Պտտվում են պերճ պարիդ պատկերների պարսերում,
Ու շիկացած, շողշողուն, շռայլացած առավել,
Պսակի պես մխրճվում, քո սևածուփ վարսերում,

Սևակոհակ մազերում ծածկում, որպես մագաղաթ,
Մանրանկար մի հրաշք - վառում արյունս կրկին,
Որ հրածուփ, հրածուփ, հրահեղուկ, հրաթաթ,
Ծառանում է ծարաված ծիծաղախիտ քո տեսքին,

Ու ինձ տանու՜մ, որպես զոհ, հրդեհներին կատաղի,
Մի կամավոր ողջակեզ, քո կրքերի կենտրոնում,
Որ ծննդիդ վայրկյանից, անընդհատ ու թնդալի՝
Հրահեղուկ, հրափայլ Սիրո Հիմնն է հոլովվում,

Ու ինձ պատմում հեքիաթներ՝ հիացակա՜ն, դյութակա՜ն,
Իմ դեմ բացում պատկերներ՝ հրճվալի՜, մեղսալի՜,
Ու ինձ տանում է դեպի ծաղիկները մոգական,
Կախարդակա՜ն, կուսակա՜ն աղբյուրներդ ցանկալի:

Սակայն գինին, իմ ներսում, հրդեհվում է խելագար,
Ու փոթորկվում է կրկին իմ արյունը դարավոր,
Ու պարու՜մ է վերստին քո մարմինը նռնաքար,
Պարու՜մ է խենթ ու ցնծուն, երազներում գինեբույր,

Եվ այս ցնորք երազին, և այս պարին բա՜ց, արձա՜կ.
Սկի՜զբ չկա, վե՜րջ չկա, չկա նաև ընդհատու՜մ,
Կարմրանե՜րկ, հրանե՜րկ քո մարմինը շողարձակ՝
Դարձյալ հառնում է իմ դեմ, որպես մի ա՜սք, մի պատու՜մ:

Այնքան մոտի՜կ ու հեռու՜, և՛ իրական, և՛ անհա՜ս -
Գալարվում է ու ճչու՜մ կրակների բովերում,
Մերթ ծառանում է, որպես մի մղձավանջ տռփահաս,
Մերթ խաղաղվում է, որպես ցնորական նվիրում:

Հրակարմիր մարմնիդ յուրաքանչյուր ծալքերում
Կակաչներ են արնագույն, դափնեվարդեր գինեբույր,
Իսկ աչքերիդ լուսավոր ու շողարձակ խորքերում,
Ճառագայթում է, ահա, բախտագուշակ, խենթ մի հուր,

Բախտագուշակ, խենթ մի հուր, թարթիչներիդ քողի տակ,
Մերթ թաքնվում ինձանից, մերթ ժպտում է իմ դեմքին,
Մերթ լողում է աչքերիդ մթության մեջ անհատակ,
Մերթ հալվում է կոպերիդ սև - սուրմայած աչքերին:

Մերթ ժայթքելով դեպի դուրս, արծածվում է անվարան,
Փայլատակում մարմնիդ ձևերի մեջ մեղսալի,
Մերթ պարփակվում ինքն-իր մեջ, սուզվում խորքերդ անհատակ,
Ու թաքցնում հրացայտ գաղտնիքներիդ բանալին:

Ու լիզում են ձեռքերիդ հարալեզները արթուն
Իմ արյունոտ վերքերի թացությունը մահամերձ,
Որ իմ սերը ճաշակած, որպես գինի, որպես թու՜րմ,
Արհամարհես մահաբեր անշարժությունը տխեղծ:

Որպես կարմիր մի զամբիկ, հովիտներում արնագույն,
Ցոլափոխանք - կրքերի խլիրտներում կրակե,
Որպես խայտանք արբունքի, հրդեհավառ, իրիկուն,
Որպես հրաշք սրբացած, կարոտակեզ Նավզիկե՜:

Վառ հեքիաթի մի բեկոր - անդունդներում լռության,
Տարածության մի կտոր - Տիեզերքի խորքերում,
Ժամանակի մի հատված - հագած պուրպուր մի պատյան,
Հավերժական սիրո կանչ - մահամերձի թոքերում,

Գայթ ուղեղի մի ցնորք, գինեհարի մի հափրանք,
Որ բռնկվել է բորբոք իմ ուղեղի թաղանթին,
Ու ճախրու՜մ է մտքերիս եթերներում շիկացած,
Անենթակա ու անպարտ նախատիքին ու դատին:

Ու շեշտու՜մ ես մարմնիդ ձևերը մեղկ - մեղսալի,
Հերարձակ ու համարձակ կաքավու՜մ ես ու պարում,
Անխոնջ, անսանձ, անսահման հրդեհներում  կատաղի,
Որպես զամբիկ սիրատենչ - հովիտներում անանուն:

Եվ դու՛, մեղքը Եվայի, անիծված ու դարավոր,
Հերքու՜մ ես քո ժպիտով, որպես ճղճիմ բամբասանք,
Ու մրրկվա՜ծ, կրակո՜տ կաքավում ես անսովոր,
Հավերժական սլացքում - հավերժական երազանք:

Դու՛, որ վառվել ես անմար նախնիներիս ուղեղում,
Ու դառել ես Անահի՜տ, Աստղի՜կ դառել ու Նանե,
Դառել Իշտա՜ր ու Շիվա՛ քառաթև ու բազմանուն
Դառել պագշոտ Շամիրա՜մ, արյունարբու Սալոմե,

Դու՛, որ կատա՜րն ես եղել իմ պապերի երազի,
Ու մշտական այցելուն՝ գինեմշուշ ցնորքում,
Որ բորբոքել ես նրանց պատրանքները մեկուսի,
Քաղաքակիրթ ուղեղիս հիմա քո կա՜նչն ես բերում,

Հավերժական շարժումի հմայքները հրաթև,
Չքնաղությունը թաքուն - արագասահ վայրկյանի,
Երեների խուսափուկ սլացումը հևիհև
Ու մարդկային տենչանքի սևեռումը գեղանի:

Ու կաքավում ես ձեռամբ ու կաքավում շիկաբոց,
Հրդեհածին, սևածամ Սիրո Պարը ուղղագիր,
Ու շարժումներդ ամեն - պատկերներ են անպախուրց,
Ու ձևերդ բարբարոս - գեղեցկություն անմակդիր:

Թող քո չքնաղ ձևերում - կրկին կյանքը կոհակվի
Հրակարմիր լույսերում - մերկությունդ հոխորտա,
Ամեն արգելք ու տաբու, թող քո կիրքը խորտակի,
Ու ցնծումը քո պարի - ահեղագոչ որոտա:

Մի ալ ծաղիկ - մազերի սևակոհակ գիշերում,
Ճառագայթող մի անուն - ավերակում մոխրացած,
Ողջակիզվող մի փարոս - մութ ծովերում ժայռահուն,
Խռովարար մի հոգի - աստվածամերժ մի աստված,

Մի երազված օազիս - անապատում անշշուկ,
Մի հանճարեղ հայտնություն - բութ օրերի շարանին,
Մի սրամերկ, սեգ սեպուհ - խուճապահար բանակում
Ու խորախոր, վիմափոր գաղտնիքների բանալի:

Հրակարմիր մարմնիդ ազնվագեղ ծալքերում
Մարգարիտներ կան լուսե ձույլ կաթիլներ անրջուն
Իսկ նվազած աչքերիդ մշուշապատ խորքերում
Դառած բարի - երազող, քո ծույլ  հաճույքն է ննջում,

Իսկ նվաղած աչքերիդ մշուշապատ խորքերում
Հիմա հանգչում է հանգիստ պլպլոցը կրակի,
Որ ծնվելիք հրդեհում, ահագնացած - ահավոր,
Լցված պարիդ հեղեղով, սրտիս պիտի կրակի,

Ու կրկնի՜ կարոտիդ կաքավումը կարևեր,
Հրդեհների հեղեղում - հեքիաթային հուրհրա,
Պարզած, իբրև առագաստ հմայքներդ հևիհև,
Մոլեգնած ու մրրկված՝ դեպի ուղեղս սուրա,

Ու ինձ տանի, որպես զոհ՝ հրդեհներին կատաղի,
Մի կամավոր ողջակեզ, քո կրքերի կենտրոնում,
Ուր ծննդիդ վայրկյանից անընդհատ ու թնդալի՝
Հրահեղուկ - հրափայլ Սիրո Հիմն է հոլովվում,

Որպես հուժկու աղաղակ - նետված խավար անդունդին,
Որպես մի գոռ մարտակոչ - ժամանակին անսահման,
Մի մասրենի բոցակեզ - բազալտակուռ, բիրտ ժայռին,
Որպես սխրանք - հրդեհված, գինեխռով, բորբ արյան,

Արարչագործ մի աղոթք - արշալույսին մարդկության,
Մաքրագործող թալիսման - վերջալույսին ախտավոր,
Մահասարսուռ աշխարհին - նոր առասպել հարության,
Հավատ - Հույսի տաճարի - հավերժական ուխտավոր:


ՀԱՋՈՐԴ ԷՋ