Ամալյա Կարսյան
***
Ձեռքս դնեմ հողիդ ու չասեմ՝ հող,
Ասեմ մրմունջ, արյուն աստնվորի,
Անցած ձայների նվագարան,
Ուրկից ծնվում է նշխարը ցորյանի,
Հմայքը վարդի,
ճիչը մրգաստանի,
Ուր առավոտի շեմին
Թախծոտ եղրևանին
Բացվող աչքի պես
ճառագայթող է և կապտածոր։
***
Թևս՝ ավազանում մկրտված,
ճակատս՝ ցավի անեզրության մեջ,
Առավոտս մաքառումների
Պայծառություն է...
Եվ էլի կտրոփի կուրծքն իմ,
Աչքս՝ անեզրության ցավի մեջ,
Իսկ դու աչքդ աչքիս
Չես զգա խամրող լարս։
Ես՝ ծառս արյունի և արթնացումի,
Քարեհյութ քամած արմատով
Ուժ կգտնե՞մ ճյուղքիս մեջ՝
Երագիս առավոտը ծաղկեցնելու։
***
Ո՞վ է թիրախ, ո՞վ է նետ
Գոյության այս պայքարում,
Ու չի դաոնում անբույր ծաղիկ ջերմոցի,
Չի պղծում հոգի, մարմին
Անկշտության դեղին թուրմով...
Ու չի քաղում մեղքի խնձոր։
Գոյության այս պայքարում
Ո՞վ է ջոկում
Տկար խոսքը բանիմաց,
Պոոթկուն մտքից,
Եվ երազում առագաստներ՝
Փոթորկին ընկերակից։
Ո՞վ է երազում նժույգներ հրավառ՝
Իմացության մշուշներում մխրճված,
Եվ չի կորչում փորձության մեջ
Սամումնաթև օրերի։
***
Սիրո գաղտնիքը պարզության մեջ է,
Ամեն մի քայլի մոտեցնող իրար,
Եթե չես ուզում կորցնել քո սերը,
Ապա պայքարիր դու հանուն նրա։
Եթե մի պահ էլ մտորես անձայն,
Կամ էլ վարանես. ասեմ իմ անգին,
Կհեռացնի մեզ, կլինենք օտար,
Ինչքան էլ սերը մեզ աոաջ մղի։
***
Հաղարջենիների բույրը
Օրը չափից ավելի լուսավոր էր: Ամռան ջերմությունը նստել էր քաղաքիս թիթեղյա տանիքներին: Իմ քաղաքի արհեստավոր վարպետները միշտ թիթեղյա տանիքներ են սարքում: Այդ օրը լույսի մեջ շողում էին տանիքները, փողոցները, մարդիկ, նույնիսկ թռչունները: Բեհեզ երկնքում շողշողում էին աղավնիները, որ այնքա՜ն շատ էին իմ քաղաքի երկնքում: Հայացքիս թրթիռները չափում էին երկնքի խորությունը, և փողոցների կյանքով լի հետաքրքրությունը: Ես լույսի միջով քեզ էի գալիս, անցնում էի մթությունը մեր բաղի ծաղկած հաղարջենիների մոտով: Խելքահան անող հաղարջենու ծաղիկների բույրը օրվա բույրն էր, իմ սիրած բույրն էր: Անց ու դարձիս նույն ճանապարհն էր, թվում էր ինձ համար, միայն ի՛նձ համար էին բուրում հաղարջենիները: Անցան տարիները չհասկացա և հաղարջենիները կտրեցին, բուրող երազը տեսիլքի նման կար ու չկար…ինչպես՝ դու…
Իմ հոգու և մտքի ճամփաները դեպի քեզ էին բերում…
Ես պայծառ աչք էի, խռովքն իմը չէր.-
Քամին չէր սողոսկել ցողունի և ծաղկի միջև…
Ես ցողուն էի կյանքով լեցուն, և թախիծը բույն Էր դրել իմ հոգում: Իմ հուզմունքն ու որոնումը դու էիր: Ես համրանում էի քո մոտ, միայն քո խոսքն էի լսում, միայն քե՛զ: Իսկ դու ինքնասիրահար նարցիսի նման չէիր նայում իմ աչքերի մեջ:
Մենք խոսում էինք ամեն ինչից, բացի մեզանից:
Ես ներքուստ զայրանում էի, որ մեր իմացության խառը մտքերի տակ, կորչում էին այն տաք ու թեթև մտքերը, որոնց ես էի սպասում: Ես չէի համարձակվում ասել ճշմարիտը, ինչը թռթռում էր իմ հոգին:
Իսկ դու ասում էիր ամեն ինչ, բացի ամենակարևորից, որ սիրում ես ինձ: Ամեն անգամ սրտի խոսքն էր նորոգվում,մենք կարոտում էինք բանավեճերին, զրույցներին, բայց ոչ՝ մեկմեկու: Ես պահում էի նոթատետր և իմ խոսքերը անկեղծորեն քեզ էի ասում: Երբ հաջորդ գարնանը բացվում էին հաղարջենիներըի դեղին ծաղիկները, որոնց բույրին խառնվում էր անհասանելիին չհասած մի ափսոսանք: Հետո քաղաքիս վրա հասավ աղետալի երկրաշարժը: Դժբախտությունների և արցունքների հետ դու գտար ինձ և ասացիր.
-Արի՛ գնանք և գտնենք իմ սիրելիի տունը, տեսնենք կենդանի՞ են, թե չկան …
Փլատակների, ավերակների վրայով կողք կողքի հասանք. սիրածդ աղջկա բաղը, տունը կանգուն էր մնացել, աչքերդ փայլեցին ուրախությունից, աչքերիդ փայլից ես ուժ առա, ժպտացի…
Դուռը թակեցինք ոչ ոք չբացեց: Մի ծեր մարդ բակից եկավ դուրս և ասաց, որ հարևանները ողջ են. հեռացել են քաղաքից: Քո Սաթենիկը ողջ էր: Ես էլ ուրախացա:
Ես դարձյալ քո կողքին էի: Ետ վերադարցանք: Բաժանվելիս իմ աչքերը արցունքով լեցուն ժպտում էին:
Միայնակ ետ էի գալիս կտրված հաղարջենիների ճանապարհով: