Տանյա Հովհաննիսյան
Տանյա Տաճատի Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 20-ին Գյումրիում: Ավարտել է Գյումրիի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26 մջնակարգ դպրոցը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:1986 թվականին տպագրել է իր առաջին` "Հրաբուխի ծաղիկ" բանաստեղծությունների ժողովածուն: 1988 թվականի օգոստոսին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1988 թ Ղարաբաղյան շարժմանը: Զոհվել է 1988 թվականի դեկտեմբերի 9-ին` Հայաստանի գրողների միության Գյումրիի բաժանմունքի փլատակների տակ մոտ երկու օր կենդանի մնալուց հետո: Թաղված է Շիրակի մարզի Այգաբաց գյուղում:Նրա բանաստեղծություններն ու կարճ պատմվածքները հրապարակվել են հանրապետական գրական մամուլում` "Գարուն", "Գրական թերթ", "Սովետական Հայաստան", "Հայաստանի աշխատավորուհի" և այլն: 1990 թվականին "Նաիրի" հրատարակչությունը հրատարակեց Տանյա Հվհաննիսյանի "Բաց հրապարակ" ժողովածուն` ուր հավաքված են հեղինակի անտիպ բանաստեղծություններն ու արձակ գործերը: Առանձին գրքույկով հրատարակվել է նաև "Եվայի հեքիաթները" մանկական ժողովածուն:Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, Գյումրիի մանկական գեղագիտական կենտրոնում, Գյումրիի ազգագրական թանգարանում և հանրային գրադարանում: Տանյա Հովհաննիսյան - Tanya Hovhannisyan
***
Եվ աչքերս թաց են,
և սիրտս` կոտրված ափսե,
և ձեռքերս` դողով բռնված,
էլ ինչպես երկարեմ դեպի արևածաղիկը,
և ոտքերս` դողով բռնված,
էլ ինչպես դուրս գամ ճանապարհ:
Որովհետև միստր ճակատագիրը
ձաղկել է մեջքս մերկ -
որպես մի ձիու մեջք մերկ -
ու դեռ պտտվում է օդում
խնդմնդալով -
դաժան ճիպոտն իր քամահրանքի -
սև, օձաձև:
Էլ ինչպես դուրս գամ ճանապարհ -
ոտքերի տակից, ծեծված ու
մեռած ու ամոթահար:
Բայց ես ահա թաքուն նայում եմ
ոչ թե ետ - այլ` առաջ,
ուր ինձ թվում է` կանգնած ես դու -
կարմիր բլուզով
ու կանչում ես - զգացումի պես կարմիր:
Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը
ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա
ու - ճանապարհ, գիր ու պարտեզ, -
ինչպես` փակ պարսպից այն կողմ
ծաղկում է պարտեղ:
Եվ ես, մերկ ու ցավոտ,
պարզում եմ մեջքս -
որ համբուրես կապտուկներս
ցավս - ճակատագրից
այն կողմ, ճակատագրից հեռու,
անդին ու դուրս:
***
Ձյան տակ -
Ծառի տակ -
Անգույն մի բան կա,
Անձև, -
Հետո - երբ ես ու դու գրկում ենք իրար
Ու բարձրանում - նստում ենք
Ծառի ամենավերին ճյուղին -
Որ բոլորն են տեսնում, -
Ասում են` դա բողբոջն է,
Ասում են` ծառը բողբոջել է...
***
Ծիտո-
կնոջ կրծքով ճերմակ ու բաց-
փռված սալ քարին-այլեւս անշունչ,-
հիմա դու տես, թե
քանի լաց պիտի լամ ես այսօր-
քանի ողբ ու կական,-
մեկ, որ լռեց ծլվլոցդ,
եւ մի դրախտ լռեց,-
մեկ, որ- լեշդ անլվա- մեջտեղում
խայտառակ ընկած- մի մեռել ես անպատիվ,
եւ վերցնող չկա,
եւ չեն էլ թքում քո վրա,
երբ անցնում-գնում են դրանք փայլփլելով-
դեպի կենտրոն, հրապարակ, պառնաս,
աթոռանիստ-
վերեւ- դեպի հավերժը գագաթի,-
եւ մեկ էլ, ծիտո- ամենակարեւոր լացը`
որ- ես նույնպես,
ես- որ դեռ բարի եմ, խիղճ ու տեսքով մարդու-
աչքս նրանց վերեւ տնկած աչքին տնկելով,
ես նույնպես չթքեցի վրադ
եւ նույնպես անցա-գնացի նրանց հետ`
դեպի վերեւ, դեպի հավերժը գագաթի:
Ամենաթունդ լացը այսօրվա, ծիտո-
այո', իմ վրա է,
որ ես ողորմելի մի հետեւող եմ,
մի բարի, մի լղրճուկ բարի- բայց մի
քստմնելի օրինակ վերցնող,
մի անսկզբունք շարժվող
անողնաշարավորների դասից,
մի անլեզու, անբերան անասուն
հոտի անդամ,
կոլեկցիոների մանրադիտակի տակ հազիվ
շարժվող
- մի միկրոբ
մի քեզանից առավել- անշունչ, սատկած
անլվա լեշ, -
որ իբր թե - ամոթու,
որ իբր թե - ինչպես կարող եմ հասարակությանը
զանգվածային չհետեւել -
երբ հասարակությունը, անզգա զանգվածը - այլևս -
այս կողմ է շարժվում,
ոչ թե այն կողմ, ծիտո,
իբր թե - թեկուզ թքած իմ անհատական- մարդկային
խղճի ու սրտի վրա, - որ ներքուստ
քո կողմն էր շարժվում - ծի-տո, -
քո կողմը…
***
Ես սրան եմ ծաղիկ տալիս,
և նրան -
դեռ չգիտեմ,
և այս պատն եմ զարդարում և այն պատը,
և այս դռանն եմ, և այն:
Դեռ գործ անել չգիտեմ,
դեռ սահուն վալս պարել չգիտեմ,
դեռ համեմունքները կարգին չեմ ջոկում,
ականջօղեր եմ կախում մարգարիտ,
բայց եղունգներս են սուր,
ուղիղ գիծ քաշել և ճկուն ու ամփոփ շրջագիծ - չգիտեմ,
խառնում եմ իրերը,
դեռ արդարագործ, արդարադատ չեմ:
Սրբում եմ կոշիկներիս փոշին,
հատակն անավլել եմ թողնում,
մայրս ինքն էլ քիչ գիտեր,
քույրս ինքն էլ կարիքի մեջ էր,
մի քիչ սովորում եմ օտար լեզուն,
ճանապարհին մայրենիս եմ մոռանում,
ես դեռ սխալ-մխալ եմ դասավորում,
ես դեռ կարգին տանտիկին չեմ,
ես դեռ կարգին հագնվել, կերակրվել,
նիստուկաց, բարև-աստծուբարին,
ազգուտակ, պատմություն, աշխարհագրություն -
չգիտեմ,
դաշնամուր եմ նվագում երեկոներին -
որդուս հետ խոսքի գալ դեռ չգիտեմ,
դեռ փողոցն անցնել, հյուր գնալ,
թատրոն նայել, աչքերին նայել ու ասել,
քննարկել, ելնել ու կանգնել, բարձրանալ չգիտեմ, -
հայրս ինքն էլ անօգնական էր ամեն հարցում,
եղբայրս էլ հավետ գառ մնաց,
ընկերս արմունկով անշնորհք հրում էր
զուգահեռ ընթացքիս ժամանակ,
և այն կինն անճոռնի աղմուկով
ինչ-որ խփշտում էր համերգի ժամանակ, -
նրանք ինձ ինչ տվեցին - չգիտեմ:
Ես ծարավի եմ, խակ ու անդուռ,
շարժումներս բացազատված չեն,
բնատուր խելքս չծաղկեց,
զգացմունքներս չեն բուրում,
շնորհքներս խեղճ են ու քնած,
կեցվածքս ու կյանքս տարերային ու խճողված:
Պռատությունը ինձնից չի պոկվում,
թերարժեքության պատանքի մեջ եմ,
և վտանգված եմ - ինքս ինձ չսիրելու դառնաղի թույնով:
Սնունդ եմ ընդունում, կերակրվում - խառն ու կոպիտ,
վերջում որովայնս է մղկտում, ցավից գալարվում,
մարմինս է վատթար եղծվում - անտեր, -
և հարևանս էր տաճարից հեռու,
և բարեկամս էր անարվեստ կենցաղ, -
այդպես էլ մնում եմ անմշակ, անտաշ ու աղավաղված,
անկարգին և չկարգված և անդաստիարակ`
իմ ծնող, իմ ընկեր, հարևան և նաև երկիր, -
ձեր կողմից -
մեկընդմիշտ խափանված, -
և ձեզանից - կարծես թե`
դեռ ոչինչ -
չսովորած: -
Երկտող մանկիկիս
Փոքրիկս, ճիշտն ասած - ես այսօր ժամանակին տուն չեմ գա,
մի տեղ կուշանամ - լավ ու սիրուն, ազատ ու անուշաբույր,
անփույթ ու անկաշկանդ, երանավետ ու անդրերկրային մի տեղ,
մի խելքից դուրս տեղ…
Թեեւ մայրերը կիրակի չունեն- ես այսօր ինքս պիտի տրվեմ
այդ կարմիր օրվան, ազատ կիրակիին, -
եւ ոտքերս ահա խելառ պիտի պարեն անհոգ դաշտի մեջ,
եւ թևերս են այսօր թիթեռներ անբեռ, եւ սիրտս է`
նորից աղջիկ,-
ցնդած երազում նոր սեր:
Թե քեզ ո՞վ պիտի խնամի այսօր- չգիտեմ,
ես ո՞ւմ հույսին եմ քեզ թողել- չգիտեմ,-
ես այսօր չպիտի շտապեմ, չպիտի խառնվեմ,
չպիտի հաց թխեմ- վազվզեմ, ջուր բերեմ- վազվզեմ,
չպիտի վշտանամ գունատ երեսիդ նայելով,
չպիտի տագնապեմ, մոլորվեմ, խճճվեմ, կորչեմ:
Այսօր ես պարտք ու պատավորություն գցել եմ
ուսերիցս- հարբեցողի պես կիրակի եմ անում:
Ո՞ւր եմ գցել, հենց այդ չգիտեմ-
տղաս, թե հայր չունես,- այս կիրակի մորիցդ էլ զուրկ մնա,
չեմ խռովում, եւ ի՞նչ վրեժ, կամ ի՞նչ մաղձոտություն ու թույն-
ինձ չէ վայել, կամ քեզ որբ չեմ ասում-
չէ, քավ լիցի- ծնվելուց հետո արդեն- ծնունդ առած մարդուն
որբ չեն ասի,
եւ այս էլ կա- ճիշտ է, այսօր կիրակի եմ անում,
բայց պայմանով` փորձի օր է այսօր` փորձի ու փորձության-
տեսնեմ- քեզ ով պիտի պահի, նայի այսօր…
Տուն դառնամ, տեսնեմ- սովահար չես եղել,գունատ երեսդ կարմիր է, կլոր,
տուն դառնամ, տեսնեմ,- առույգ ես, ժպտերես, ժիր,
երեխաների խմբի մեջ ես,-
քեզ չեն նայում` իբրեւ լքվածի ու որբի…
Օ, ես համոզված եմ, այսպես կլինի-
ես կիրակի կանեմ, իսկ դու չես կորսվի,-
ախ, փոքրիկս,- ես ո՞ւմ ասեմ խոսքը
շնորհակալության,
քամո՞ւն, ծառի՞ն ու օրվա՞ն,
քեզ ու հարեւան տատիկի՞ն, բառի քեռիների՞ն,
անցորդ մի աղջկա՞, դաշտի մեջ կարմիր մի կովի՞,
ուրիշ հայրիկների եւ պայծառաչվի ծիծեռնակի՞ն,
որ քեզ գուրգուրեցին, փայփայեցին- մինչեւ կիրակիս արի…
Ես այս էի ուզում տեսնել, տեսնել էի ուզում-
թե երբ չլինեմ, ինչպիսին է լինելու մարդությունը այնժամ:
Օ~, ես պահել եմ խոսքը երախտիքի,
որ շուտով պիտի ասեմ:
Չուղարկված նամակ
Այն օրվանից ինչ «ծանոթացել եմ» Քեզ հետ, ես ինձ զգում եմ գեղարվեստականության մեջ - այսինքն հասարակ - լոկ կենցաղ չէ և չպիտի լինի այլևս իմ ապրելը, - այլև` շնչող ու գեղեցիկ արվեստով, փիլիսոփայությամբ առլեցուն, զարմանահրաշ ու վերերկրային, առեղծվածային - մի կյանք, - մի գիրք, մի կինոնկար, մի սիմֆոնիա… Մի` խորհրդավոր, մի` արևին ու աստղերին հասնող, մի` հաղթականությամբ տոգորված հերոսական երթ… - որ, երբ - այդ ճանապարհին նվագում է և Շտրաուսը, և Վիվալդին, և Սարասատեն, և Մոցարտը, և Պագանինին, և Բեթհովենը, և' - բոլոր մեծերը և… Դու - սիրելիս, սիրելիս, Դու, - թանկագինս… Դու ես չափ տալիս, ղեկավարում ու նվագակցում մեծերին այդ ու ինքդ Քո Մեծ նվագն ես ելևէջում իմ, իմ ու քո նաև ճանապարհին…
Սիրելիս, ես հուզված եմ ու հուզվում եմ ու գրեթե ոչինչ, ոչինչ չեմ կարողանում - այն ինչ կա իմ մեջ քո հանդեպ - դուրս բերել… և աչքերս միշտ լցվում են հենց քո դեմքն եմ հիշում, քո անունը տալիս… Եվ ավաղ, - ինչպես վատ էր ժամանակը - երբ մենք հանդիպեցինք. - ես արդեն զբաղված էի անհրաժեշտ - բայց գորշ ու անփայլ, անճառագայթ զբաղմունքով, արարմունքով, գործումործով… - Ես քեզ համար, սիրելիս, լրիվ Ազատ պիտի լինեի, ամբողջովին… Ես հիմա շատ եմ շփոթված ու ամեն պահի էլ շփոթվում եմ - քեզ հանդիպելիս - քանզի այն, ինչ անում եմ, ինչպես վարվում եմ քեզ հետ, - այդ չէ հնարավորն ու իսկապեսը, - որ ես պիտի անեի - իմ ուրիշ ժամանակ, իմ ազատ ժամանակ, իմ արձակ ժամանակ - հանդեպ քեզ… Եվ կլիներ տաքությունը, ԾԻԾԱՂԸ, իսկական մեծ նվիրումը, հոգածությունը, իմ ոսկի ու շռայլ սերն ու նվիրումը կլիներ… - Ես անսահման էի այն ժամանակ, - անպարփակ, - և իմ ուրախությունը ծովի ու արևի չափ կողողեր և քեզ… Աչքերդ եմ համբուրում ու ձեռքերդ ու աչքերդ ու ձեռքերդ, ու նորից ձեռքերս ձգվում են դեպի քոնոնք, և աչքերս նորից լցվում են տաք ու կարևոր զգացողության արցունքներով - դեպի քո կերպարանքը, քո տեսքին դառնալիս…
Բայց ինչ եմ ասում, - ես էլի ես եմ - ես էլի Անսահման Արևն եմ - սանձարձակ, ճառագայթախուրձ Արևն եմ - է լի ոսկի ու շռայլ - Կլինի - իմ նվիրումն ու Ծիծաղը քեզ, քեզ, քեզ - այս անգամ և ընդմիշտ` Միայն Քեզ, իմ, իմ, իմ - Զարմանալի մտքով ու սրտով, իմ Արտառոց սրտով ու հոգով, գլխով ու ձեռքերով, իմ յուրատիպար սիրելի գյուտ, Հրաշամարդ, իմաստ ու իմ խելք… Ես քեզ սիրում եմ…
Երբեմն - երբ դու իմ դեմքի վրա չես տեսնի, չի երևա, այսինքն - ես չեմ երևացնի այն կարևոր ու ինձանից բխող ամեն ինչը դեպի քեզ, - այդ նրա համար չի երևա ու չեմ երևացնի - դա, իհարկե, խիստ դժվար է ինձ համար - ինձ քողարկելը, - որ ուրիշի աչքը չտեսնի, չզգա, չիմանա, - այդ ուրիշը թեկուզ լինի նա` փոքրիկ մի երեխա…
Եվ հետո… սիրելիս, էլի կան բաներ, - որ ես ափերից դուրս չպիտի գամ, - դա ես բնազդով զգում եմ - որ կխանգարի… ինչ որ բանով կխանգարի… - իսկ ես հիմա միայն Քո մասին եմ մտածում և չեմ ուզում որ - թեկուզ չափից դուրս - իմ սերն ու էքստազը - խանգարի քեզ քո հավասարակշռվածությանը… (Չնայած` մեկ-մեկ հիմարություններ ստացվում են իմ կողմից), - ախար ես պիտի լավ կապիտան - նավավար լինեմ - բաց ու վտանգավոր Ծովում, - Ծով, որ դու ես ափիդ մեջ խառնում ու փոթորկում, ծուռ ու մուռ տալիս քո Ապրած ես -ի խիստ մարդկային, բայց և խիստ պահանջկոտ իրավունքով…
Օ, - ես, ես - ես պիտի կարողանամ դիմագրավել կյանքից - արմատապես - քեզ անցած - դժվարությունները… Որքան կրկնակի դժվարընթաց պիտի լինի իմ հաղթահարումը, մոտեցումն ու քայլելը, - որքան որ դա անուղղակի հեռավորություն է և անուղիղ մերձեցնում է քո աշխարհին և որքան որ դու աներեր ու համառորեն ես բաց թողնում լուսավորն ու հնարավորի հնարավոր լինելու պարզ ու դյուրին ըմբռնումը…
Պարադոքս չէ, - ասածս այն է - սիրելիս, - որ քո ձեռքը բռնել ուզողի ձեռքը - դու էլ պիտի բռնես… Ես ինչքան գամ դեպի քեզ - դու էլ - սկզբում` ոչ իմ չափ - բայց դու էլ քայլ պիտի անես դեպի ինձ, պիտի գաս դեպի ինձ - դեպի իմ ցույց տված, իմ ուզած, սիրած, հավանած տեղն ու աշխարհը, աշխարհայացքը, - որքան էլ այն թվա, թե խորթ ու օտար է քոնից, քո սկզբունքայինից, քո արդեն հիմնավորածից, քո հաստատածից ու անփոխարինելի, անփոփոխ ընդունածից արդեն, - մի քիչ իմ աշխարհից, իմ ընդունածից, իմ օդ ու ջրից (§ջուր լավատեսությունից¦) - պիտի խառնվի քոնի - քո թունդ, քո խիստ, քո պինդ, քո մուգ ու աներեր աշխարհըմբռնողությանը - որ ստացվի…
որ ստացվի արդեն. ինչ ստացվի - ստացվի բաց գույնի, մարսվող, բուրմունքոտ, մատչելի, հնարավոր նպատակահարմար, մարդամոտ ու մարդասեր, ուրախ ու նաև նուրբ, նաև լայն ու անսահման, գեղեցիկ - հորիզոնի պես, օգնող ու հմայող` մի կյանք - ապրելաձև, ընթացք - ճանապարհ դեպի կոնկրետ ու ճիշտ, դեպի հնարավոր մարդկային - Քո յուրատեսակ կյանքի իմաստավորումը: -
Դու մեկընդմիշտ պիտի հիշես - իմ կռիվը, իմ կռիվները - որ կան և կլինեն, -քեզ համար են, հանուն քեզ, սիրելիս, - քո այդ յուրատեսակ կյանքի իմաստավորման համար. - գիտե?ս ինչ, - դու արդեն գիտես, որ քո կյանքը բոլորովին տարբեր օրինակ է այլ կյանքերից, ընդհանուրից և քո կյանքի իմաստը ունենալու ճանապարհն ու լիցքն էլ յուրովի պիտի լինի, յուրովի սեփական մոտեցմամբ, յուրովի սեփական - առավել բարձր ու գերբնական ուժերով ու ճկունությամբ, քան ուրիշներինն է… Դու գերբնական ես քո խորքով, քո ներսի ամեն ինչով ու ծնունդով, - բարի եղիր գերբնական տեսակով էլ վարել քո կյանքի ընթացքը…
Բարի եղիր… սիրելիս, աշխարհին ցույց տալու քեզ, քո ունեցածը, - մենք բոլորս էլ, աշխարհն էլ կարիք ունենք, կարիքավոր ենք - տեսնելու, զգալու յուրաքանչյուր և ապա թե քո տեսակի հետաքրքիր ու հարուստ մի աշխարհի ներսը ևս… կարողացիր, կարողացիր ներել, ներել - մեզ, ինձ, նրան, ում որ է, աշխարհին, բնությանը, - ներիր, ներիր, և բաց քո ներսը, բացվիր քո ամեն ինչով` ծաղկի պես նվիրվիր քամուն, հենց ծաղիկներին, կենդանիներին, մարդկանց, - մարդիկ այդքան հզոր ու քինոտ չեն, - նրանք իրոք կարիք ունեն, որ դու նվիրվես և նրանց, հենց իրենց, որոնց դու կարող ես մեղադրել անկատարելության մեջ…
Դու հրաշք ես, դու շատ ես խտացել քո իմաստի ու քո ապրածի գույներով, բույրերով, արյամբ դու շատ ես խիտ - բացվիր, բացվիր, ասա նրանց, ասա, պատմիր -սովորեցրու, միայն թե զգույշ, միայն թե սիրելով նրանց, միայն թե մեղմ ու ուրախ, բարի ու անքեն…
նա դեպի մարդիկ, արի, արի դեպի ինձ, քո յուրօրինակ, խիստ յուրօրինակ կյանքով գնա դեպի սովորական կյանքը, խառնվիր մարդկանց ընդհանուր հոտին, - ուսերդ բեռնաթափիր արյանդ հիշողություններից և հաղորդվիր նոր ու բաց ու ազատ թռչուն - կյանքի հետ, - թռիր, թռիր, թեթևացիր, աննյութ ու անվիշտ թռչել կարողացիր, ի?նչ է, ամպը, թռչունը վա?տ արարածներ են, անհոգ ու անիմա?ստ, - որ թռչում են, չէ , այդ նրանք են իմաստայինը , որ լցված լցված են հոգով ու եթերով, -ոչ թե նյութով, ոչ թե ծանր ու խստօրենք կշռված նյութով, - որ քարեղեն է և թռչել գիտի…
Ես հավատում եմ դարձյալ ու հավետ - որ դու մեզ հետ ես, - որ դու մեզ կկարողանաս համարել սովորական, առօրյա, քեզ այնքան էլ չհասկացող մարդիկ, - բայց մեզ կսիրես և մեզ հետ կլինես… Դու մեր նվերն ես, եղիր մեր նվերը, մեր հոգուն բաշխվիր որպես մեր հոգու նվերը - սիրելիս, և իրոք, եթե ես ուզում եմ իմ հասարակ ձեռքով բռնել քո հատուկ ձեռքը, - մի մերժիր, - դա անգթություն կլինի, - դու էլ մեծահոգաբար, բայց անձնվեր - բռնիր իմ մաքուր` ձեռքը…
Դու միշտ, ամենուրեք և բացառապես, լիովին -
- Հավատա ինձ,
- Դու կուրորեն հավատա ինձ - եթե դու կուրորեն կանվանես,
- Դու բաց աչքերով, քո տեսանող, սիրելի աչքերով - նաև ոչ կուրորեն հավատա ինձ -
- Դու միշտ, ամենուրեք և բացառապես, լիովին -
- Հավատա ինձ. -
Ես քիչ չեմ, ես քիչ չեմ, - ես հավաքական մի մեծ լավ մարդկանց խումբ եմ, - մի հզոր, մի բարի, մի չեղած տեղը բան - ու ծառ ու ծաղիկ ու ջուր ու հաց ու սեր ու կյանք ստեղծող - արարչագործության - խումբ եմ, ես քեզ հետ եմ, - և, օ, արդեն գիտեմ - դու, - դու, - դու - սիրելի… իմ, իմ, իմ, - տղամարդ - հավատում ես ինձ -
հավատում ես ինձ -
հավատում ես ինձ -
Արևին…
Ես բոլոր գեղեցկուհիների անունից - հավատացնում եմ քեզ -
սիրում են նրանք քեզ, և ես նույնպես,
Ես բոլոր ընկերների, անծանոթների, ծանոթների, հարևանների ու բարեկամների - անունից հավատացնում եմ քեզ -
սիրում են նրանք քեզ - կամ - կսիրեն - և ես` սիրում եմ քեզ, -
Ես բոլոր անհասկացողների, հասկացողների, չարերի, դաժանների, աննրբանկատների, անզգաների, ագահների, տհասների, անպետքների, մարդու չնմանվողների անունից - խոստանում եմ - կփորձեմ հասկանալ, ընդունել, ըմբռնել քեզ, սիրել քեզ և դառնալ անչար, ոչ դաժան, նրբանկատ, զգացող, բաց-ձեռք, և բացսիրտ, հասու քո խելքին ու մտքին ու քո գործին, նմանվել մարդու` քո կողքին, քեզ հետ, քեզ պես, և դարձյալ` սիրել քեզ - և սիրում եմ քեզ, -
իմ կապույտ տղա, իմ երաժիշտ - իմ ջութակահար, տավղահար, - բանաստեղծ, պոետ - համբուրում եմ (ես միշտ մտքում համբուրում եմ քեզ - այդպես գոհանալ կարողանում եմ) դարձյալ աչքերդ, աչքերդ գույնզգույն, և դարձյալ աչքերս լցվում են ամենաքաղցր ու նվիրյալ, կաթոգին արցունքներով, - սիրազեղության իմ արցունքներն են դրանք, և ձեռքերդ եմ համբուրում թանկագին, թանկագին, աննման, ուժեղ ու բարի ձեռքերդ, - որ դեռ պիտի գրեն ու նվագեն ու պարեն -
ուրախության մասնակից ու արարիչ քո ձեռքերը, - սիրելիս, դու արդեն իմացար, - որ ես սիրում եմ քո ձեռքերը, քո աչքերը, քո շրթունքները, քո քայլելն ու… աստված իմ… քեզ - հենց քեզ… այս ամենն ինձ ուրախություն է պատճառում, - այնպես որ դու այլևս այս ուղղությամբ անելիք չունես - դու քեզ գտել ու բերել ես ինձ մոտ, - դա բացառիկ հմտություն է ճիշտ ուղղությամբ թռչելու - ինչպես մեղուն իր նեկտարատուի մոտ է թռչում… իսկ նեկտարատուն ասում է - շնորհակալություն քո բնազդային հոտառության համար…
Օ, դու հիմա արդեն մեղու ես - էլ ի?նչ կուզենայի, իրոք, որ դու քաղցր ես ու քաղցր մեղր ես ծորացնելու իմ բաժակի մեջ…
Ահ, դու արդեն գիտես, որ դու մեղր ես տալիս ուրիշներին, ուրիշ- ուրիշներին, և օտար այդ ուրիշ-ուրիշները - քեզ նույնպես քաղցր աչքով են նայում - ինչպես ես - ես նրանց կախարդել եմ արդեն և նրանք հիմա կձգվեն դեպի քեզ, իմ փոքրիկ, կանաչ Հայաստան, ու կփառաբանեն քո քաղցրությունը, քո կանաչությունը, քո իմաստը, քո էությունը…
Նրանք - այդ օտարները - ընդամենը ենթարկվողներ են և կաշառքի կարոտողներ, և ես արդեն, ես` Արևս, - ենթարկել եմ նրանց, կախարդել ու կաշառել, - ու հրել դեպի քեզ, որ միայն սիրատածեն քեզ ու երկրպագեն - դեռ ԱՆՀԱՅՏԻԴ ու ԵՐԵՎԱԼ ՉՈՒԶԵՑՈՂԻԴ, - իսկ դու երբ երևաս ու երևաս ընդմիշտ ու հայտնի լինես, - նրանք քեզ ձեռքերի վրա երկինք կբարձրացնեն, դեպի արևը,
իսկ Արևը կասի - նա վաղուց ինձ հետ էր, ինձ մոտ, բարձրում…
Դե, սիրելիս, սիրելիս, սիրելիս, - տրամադրությունս շատ բարձր է - որ քեզ սիրում եմ ու այսքան խոսեցի հետդ…