Ողջույն, Հյուր

23.03.2016
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Պոեզիայի համաշխարհային օր Գյումրիում Մարտի 21-ին՝ Պոեզիայի համաշխարհային օրը, գրականության, հատկապես բանաստեղծության սիրահարները եկել էին Գյումրու գեղագիտության ազգային կենտրոն՝ մի հոգեքերթվածք ըմբոշխնելու հրավերով: Այն, որ Շիրակը ստեղծագործական արարումների ու վսեմ ներշնչանքի տարածք է, և այստեղ մինչև իսկ օդում ճախրող ամեն մի խոսք կարող է վերածվել բանաստեղծության, վկայվեց թե՛ ջահել ստեղծագործողների, թե միջին սերնդի և թե՛ գրական ավագանու ստեղծագործությունների ընթերցումներով: Մինչ ցերեկույթի սկսվելը երիտասարդ ստեղծագործողները՝ Գյումրու գեղագիտության կենտրոնի գրական խումբը, առանձին թերթիկներով գրավոր հարցեր ուղղեցին դահլիճում նստած շիրակցի գրողներին: «Ո՞րն է բանաստեղծի առաքելությունը, ի՞նչ գործառույթ է վերապահված բանաստեղծական խոսքին: Տեքստը կարո՞ղ է փոխել իրականությունը: Ի՞նչ առանձնահատկություններ ունի Շիրակի արդի բանաստեղծությունը: Ինչպե՞ս կգնահատեք ժամանակակից թարգմանական գրականությունը: Ձեր խորհուրդը երիտասարդ ստեղծագործողներին» և նմանօրինակ հարցերի պատասխանները, անշուշտ, գրողների ներքին փորձառության լավագույն խտացումներն էին և գրական պատգամներ նոր սերնդին... ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը բանաստեղծության ընթերցումով ողջունեց գրչընկերներին և Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով մաղթեց նրանց ստեղծագործական վայելքին առնչվելու նորանոր հնարավորություններ: Նա մասնավորապես նշեց, որ կրոնաքաղաքական տարբեր գաղափարների շուրջ միավորվելով՝ մարդկությունը հաճախ տարանջատվում է, բաժանվում խմբերի: Մինչդեռ արվեստը, հատկապես պոեզիան միավորում է մարդկանց, նրանց հոգիներն ու գաղափարները: Այս է պոեզիայի առաքելությունը եւ հասարակական հնչեղությունը: Պոեզիային նվիրված օրվա ընթացքում գրողները՝ Ամալյա Կարսյանը, Հասմիկ Մաթևոսյանը, Յուրի Մխիթարյանը, Շնորհիկը և այլք, ոգևորությամբ ընթերցեցին իրենց ստեղծագործություններից, անդրադարձան նաև հայ դասական գրողների գործերին, հուշեր պատմեցին: Հոգու աշխարհագրության ընդլայնման իմաստով առանձնահատուկ էին համաշխարհային գրականության էջերից կատարված թարգմանությունները: Բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանը հատված կարդաց Ուիթմենի «Երգ ինքնության» պոեմից («Խոտի տերևներ» ժողովածու) իր թարգմանությամբ: Թարգմանիչ Արա Գևորգյանը, որը հրատարակել է Շիրակ աշխարհի պեոզիան ռուսերենով, կարդաց Շիրակ Մանուկյանի «Արագած, ձնել ես էլի» բանաստեղծության թարգմանությունը: Ներկաները ոգևորությամբ գնահատեցին նաև Գյումրու «Բեռլին» հյուրերի տան «Արտբոգեն» մշակութային կենտրոնի երիտասարդ թարգմանիչներ Լուսինե Փախանյանի և Անի Իգիթյանի գերմաներենից կատարած թարգմանությունները: Նրանք ընթերցեցին Հ. Հեսսեի մի քանի բանաստեղծություններ նաև բնագրի լեզվով: Գրական ցերեկույթը վարեց բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ պոեզիայի միջազգայնացումը նշել առանձին օրով նշանակում է գնահատել ստեղծագործական արարումը և ստեղծագործողին իր խիզախումներով, բարձունքներում երգել կարողանալով….

«Շիրակ» ՀՌԸ տեսանյութը դիտեք այստեղ https://www.youtube.com/watch?v=jOUpx_7oIBc&app=desktop


***
Ռոզա Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
Ալեքսանդրապոլի երևելի դեմքը՝ գրական կերպարի նախատիպ (Ավետիս Ղարիբյանը՝ Հ. Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպում)

Բուն նյութը՝ pdf ձևաչափով