Ողջույն, Հյուր


Տիգրան Չերազ

(1960-1983)

Տիգրան Չերազը (Բալոյան) ծնվել է 1960թ. Գյումրի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվում է Վ. Բրյուսովի անվան Օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի բաժինը: 1982թ. մեկնում է խորհրդային բանակ, ուր և ողբերգորեն զոհվում է 1983թ. փետրվարի 17-ին: Ձեռագիր ժողովածուն, որը մեկնելուց առաջ կազմել էր Չերազը, քույրը` Գոհար Բալոյանը, հրատարակության է ներկայացնում և 2003թ. լույս է տեսնում "Արտահերթ ալիք. որոնումը ինչպես գրպանահատի փնտրող ձեռք" բանաստեղծությունների ժողովածուն: 

ՍՅՈՒԶԻՆ ԳԱՐՈՒՆ ՇԱՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ

 

Ձմռան թափանցիկ մաշկի տակ

խլրտալով հասունացավ

հրաժեշտի §Զարմանք¦ երգչախումբը

Գարունը եկավ`

հանպատրաստից մանր-մունր հոգսերով,

ծառուղին ամբիոն բարձրացավ,

եւ քնից արթնացած նստարաններին

սկսեց հուշեր պատմել

անցնող ձմռանը ծանոթացած

մրսած զույգերի մասին:

Քամին թափ տվեց փողոցի փոշոտ լաթերը,

Եւ §Պոլոզ Մուկուչ¦ գարեջրատան պատուհանից

Հանկարծակի երեւաց քաղաքի նորաթուխ,

Ամոթխած մերկությունը,

եւ ջարդվող դռների նման բացվեց,

վերելակով մինչեւ աչքերը բարձրացավ

քաղաքի տնկոզ տրամադրությունը

 

Գարունն էլ եկավ`

շալե խալաթը ուսերին,

գրպանում` վիճակախաղի տոմսեր

Գարեջրատան հաճախորդներից դու իմացար,

որ այսօր առավոտյան

կարմրաթուշ խնձորի համար

ծեծելով սպանել են նրան,

ով ամենից շատ էր սպասում այս գարնանը

(նա առաջին անգամ պիտի հագներ

Գարնան համար պահած կոշիկները

Եւ անհոգ կինո պիտի գնար):

Այս գարունը նա այլևս չի տեսնի:

ԵՎ դու տխուր պարպեցիր գարեջրի գավաթը`

Հազիվ զսպելով կոկորդ քերծող ջրհեղեղը,

հետո դուրս նայեցիր գարեջրատան պատուհանից

եւ ինքդ քեզ համար հայտնաբերեցիր,

որ աղջիկները այս գարնանը

փշաքաղեցնելու չափ գեղեցկացել են,

որ դու արդեն քսան տարեկան ես

(ողորմածիկ Դուրյանի հասակին),

որ ժամանակը հեռանում է լավաշներից,

ինչպես մեխը պատի մեջ,

որ ամեն ինչ ձանձրալի է ու տափակ,

որ աղը վաղուց է թափվել,

որ Սյուզին գարուն շատ էր սիրում,

որ դրսում գարուն է,

եւ դու պիտիպետք է մոռանաս

բոլոր կորուստներդ,

անտեսես միայնություդ

ու սիրես,

սիրես մարդկանց

 

Եվ դու մի օր կզուգվես ժպիտներով ու առօրյա մեղքերից և հոգսերից մաքրված կգնաս դիմավորելու քո սերը

Կյանքիդ խերը չտեսնես առու.
Շնորհքս պատմել ես արահետին բացբերան
Մայթերին հուշերս են թափված հիմա
Սերը հաց չդարձավ:

Կրակ չուտես դու քամի.
Քոռուփուչ արեցիր ձմեռս ծուռ,
Նամակների մեջ բառը մաշկը փոխեց
Արտասվեց սերս հարցականների տակ
Սերը օդ չդարձավ:

Գնա գործիդ անթասիբ թախիծ.
Կոշիկներս փայլեցրած կնվիրեմ աղավնիներին,
Ճակատագիրս փրկագնով կգնեմ գրբացից
Ամպերն ինձ երկինք են կանչելու շուտով
Սերը ջուր չդարձավ:

Մոխիր կուտեմ ու յուղ կքսեմ շուրթերիս,
Տառապանքից հետո սերը լույս կդառնա,
Կխլեմ սերը գրքերի միջից
Ու սիրելով կհաղթանակեմ
Որ մահս զարմանա:


Տիգրան Չերազ - Tigran Cheraz