Լորետա Լ. Մուրադյան
***
Տարփանքում պղծեցիր սրբերիս,
Թքեցիր ափերիս քեզ պարզած,
Հեգնում եմ դրույքդ, հարգելիս,
Դու ժուլիկ, խաղամոլ կիսաստված։
Քո դեմ են դուրս ելել բանակներ՝
Ցասումի ու մտքի՝ ձեռնարձակ,
Խորաններն հրկիզեք, երեցներ,
Մեռնում է ձեր հուդան սանձարձակ։
Թևաբախ հոսանքը ծաղրելիս՝
Մարում ես հավատից տարակա,
Չթարթե՛ս ձգանը քաշելիս,
Հիմա ինչ՝ «Ռուսական ռուլետկա՞»:
ՄՏԱԾԻՐ ԻՆՁ
Մտածի՛ր ինձ…
Նվիրի՛ր ինձ կերպարանք անմտածելի,
եզրեր՝ քնքուշ ու զգայուն,
անսանձ ու վարար:
Ես մատներիցդ ստեղներին կաթող կանխավայելումն եմ՝
անբռնելի ու անվերջ...
Կիրքն եմ աչքերիդ հեռուներում պայթող,
կիրքը
լուռ,
հզոր
ու ինքնասպան...
Եվ սե՜րն եմ,
սե՜րն եմ շնչառությանդ սերտաճած,
որ փաթաթվել է
թոքերիդ
և ծաղկել դեղին ու սպիտակ
մանրիկ ծաղիկներով...
շնչի՛ր ինձ...
արտաշնչի՜ր...
Ես հույզն եմ, որ կաթիլված դանդա՜ղ սահում է
դեպի ճաքճքված ու թրթռացող շուրթդ,
պոկում մորզեամարմին խոստովանությունդ,
գրկում այն
ու անհնչյուն խելագարվում:
Ես մորզեիդ մեջ իրեն կորցրած
շարժումն ու կծկումն եմ անձև,
որ տրվում է սպիտակ էջերին, որպեսզի իրեն սանձես տակտերիդ մեջ...
Նկարի՛ր ինձ քո մինորներում,
մաս առ մաս,
նոտա առ նոտա,
ծայրից-ծայր,
օկտավայից օկտավա…
Նկարիր իմ հույսը պիանոներով,
իսկ կարոտը ֆորտեներով…
Գտիր դեպի իմ տիեզերքներ քայլող արահետը,
որպեսզի գաս ու խոսես ինձ հետ լուռ գիշերներում…
Ես դեռ այստեղ եմ՝
ուրցերի ձորում
և ապրիլյան օրերում թաքնված,
արևափոշու հատիկներում
և ալիքներում հնչյունների:
Հավաքի՛ր ինձ,
ստեղծի՛ր
ու շշնջա ուրիշների ականջներին
և թող շշուկն այդ
ներդաշնակի անլինելիությունը հեռացած բևեռների…
Նկարիր ինձ,
որ վերջապես հանդիպենք ստեղների մոտ
և սուրանք ձնահյուսքով,
փշրենք սահմաններն ու
վերանանք մեզանից…
Նկարիր ինձ…
միայն թե նկարիր…
***
Ես լսում եմ քո լռությունը
գագաթներից
այս կողմ,
երկրաշարժերի
խլացնող սուլոցի,
շիկացած մագմայի
ու ապարաշերտերի տակ
ու աղոթում
քաոսի համար…
ես լսում եմ
գերլարված կաթիլի
շնչառությունն
անկման պահին,
վայելքը գոյության
և տրոհումը՝
իբրև տիեզերք և Ոչինչ…
ես շոշափում եմ
տրոփն
ապառաժների,
ժպտում դրանց քնքշությունից
ու մի բուռ
ջուր խմում
Քո զուլալ
լռության
կաթիլներից…
***
Արկ է հորդում ու նզովք
Իմ մենության քնարին,
Իբլիսի ձեռք են կարգել
Տարաշխարհիկ հրերն իմ:
Կրկին վհուկ եմ սևվարս
Կամ մի զինվոր դավադիր,
Ծովախորշի ջրահարս,
Ու ժայռերի սեպագիր:
Բայց իմ խաղաղ ձյուներում՝
Ծաղկած փխրուն շնչից մով,
Աստծու մազերն եմ սանրում
Հուլունքագործ աչքերով:
Դառնում քնքուշ բալենի
Ու թաց շվաք սիրածոր,
Որ կախարդեմ, վար բերեմ
Իմ ամպերին փետրավոր:
Թող զմրուխտե բույրից լույս
Կախվեն աստղերն ու մի սիրտ,
Եվ կաքավը նինջ դառնա
Վայելքներից այդ վճիտ:
Նզովքները հենց հալվեն
Ու բալենուն մերկ ժպտան,
Թող քնարը սեր երգե
Իբլիսուհի աղջկան:
-Կատարսիս-
Ահա գլխահակ և
Բառերից խլացած,
Սրբազան լռությունը
Դողդղացող ձեռքերով գրկած,
Թիկնած քաոսին՝
Ծնկել եմ քո առաջ
Եվ պատառոտված
Ջղերիս ոստյունն եմ զգում՝
Անձայն կծկվող,
Կիսաշնչահեղձ
Նախասրտերիս ու փորոքներիս
Հալածական թպրտոցից
Սերող…
Ու՞ր են ձայները…
Սրբազան անդորր…
Գուցե ըմպեմ
Փիլիսոփաների հետ
Գինին հնեցված …
Դառնահամ ցավի
Գինին թանկարժեք…
Եվ բագինները կսրբագործվեն…
Բագիններին՝ ես,
Ուրիշ ոչ ոք…
Բագինը՝ ես…
Պենելոպե
Պերճ հյուսքերից փթթող
գարուններ գողացած՝
մտրակում է ծովը
մուսոնների ձայնով,
կրքագար մի հյուլե՝
քո թրթիռից պոկված,
պսակել է մեջքս
մառախլապատ շնչով։
Առէջների թմրող
սոսափյունի երգով
կգինովնան ծովերն
հորիզոնից հառնած,
կպարտվես, Քրոնոս,
կարոտներիս ձեռքով
ու կհայցես մեղա
տաճարիս դեմ ծնկած։
Եվ աստվածներն հանկարծ
դատարկության ցավից
կմահանան էլի
նախանձադավ եսով,
որ դու գտնես ճամփան
Իթակեիդ կորած,
Որ համբուրես հյուսքերն
Աստվածացման ծեսով։
***
Նոյեմբերին արևի բոլոր
ժամացույցները կանգ են առել
մողեսի պոչի տակ…
Նոյեմբերին շարժում չկա,
ձայն չկա,
մահ չկա,
տերևները չեն ընկնում…
Գոնե հողմերի բևեռային
համբույրից ցավեի,
գոնե սառցահպումից
այրվեի ու
ծնկեի քո առաջ…
ծնկեի ու հեկեկայի…
Նոյեմբերին արմունկները չեն բարձրանում,
Իսկ ինձ ասում են՝
ձեռքերդ գրպաններիցդ հանիր…