ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
***
Թռչունն ինձ ասաց.
-Բախտավոր եղիր,
Ուրախությունդ տանում եմ ինձ հետ:
Քամին շշնջաց.- Շա՜տ առաջ անցար,
Դու արդեն վաղուց դառնալու ես ետ:
Ճամփան նախատեց.
-Ցավեցնո՛ւմ ես ինձ,
Մի քիչ հանգիստ տուր, հանգիստ առ նաև:
Միայն Հոգնության Աստվածը ճերմակ
Իմ աչքերին էր հայացքը հառել:
Իսկ ես թողել եմ սանձերը կյանքիս-
Ուր ուզում է, թող գնա, արածի,
Կուզի- Մեծ Սիրո երկինք ունենա,
Կուզի- թող ապրի վախով քարայծի:
Ես որոնում եմ շշուկը ծովի,
Ձայնը, որ այնպես ուրախ է ու հին,
Եվ ալիք-ալիք աչքերս են փարվում
Ինձանից հեռու փախչող աշխարհին
***
Խոնարհվել եմ ջրհորի վրա
Եվ ուզում եմ նրա աստղերից մեկը խմել,
Բայց մի փետուր է օրորվում
Ջրհորի թախծոտ մակերևույթին:
Ո՞ւմ երազների առագաստն է սա,
Ո՞վ է թռչունն այս փետուրի,
Որ այդպպես շռայլորեն
Թողել է այն մեկ ուրիշ ջրհորում:
Դուրս եմ հանում փետուրը ջրհորից -
Այսքան դատարկ փետուր ես դեռ չէի տեսել:
Իսկ ո՞ւր է թռիչքը նրա,
Գուցե թռիչքը խեղդվե՞լ է ջրհորի մեջ,
Խեղդվել ու սուզվել է նրա հատակը...
Կամ էլ չի խեղդվել -
Պարզապես փոխադրվել է այնտեղ,
Չե՞ որ ամեն մի ջրհոր իր խորքում երկինք ունի:
Եթե նույնիսկ խորքում էլ չունի,
Մակերևույթին կունենա, անշուշտ:
Ես բարձրանում եմ ջրհորից,
Նրա երկնքից ոչ մի աստղ չի պակասել:
Հասկացա՝
Ջրհորներից երբեք ոչինչ չի պակասում:
Նրանք ոչինչ չեն տալիս,
Բայց, ա՜յ, վերցնում, են:
Վերցնում են բոլոր նրանց թռիչքները,
Ովքեր հավատում և խոնարհվում են իրենց վրա:
***
Մի ցեխոտ գիշեր, անձրևոտ գիշեր,
Երբ դուրս չես գալիս անգամ երազում,
Երբ քո հուշերի հնացած մի շերտ
Չգիտես ինչու քեզ է վերհիշել –
Քո գիրկն է վազում...
Եվ դու արթնացել գիշերն այդ ծանր`
Ցեխոտված հոգուդ ոտքերն ես սրբում,
Դու ոտաբոբիկ, քայլերով մանր
Ձեռք ձեռքի տված այդ հուշ-յալանչուն,
Դո՛ւ չէ, նա՛ է քեզ անկողին կանչում:
Եվ դու հյուրի պես քո իսկ անկողնում
Պառկում ես` խեթ-խեթ նայելով հուշիդ,
Իսկ նա քո ձեռքը անգամ չի թողնում,
Անգամ չի հանում հագուստ ու կոշիկ,
Տեղավորվում է բարձիդ այն կողմում:
Ու հետևում է հայացքով համառ,
Որ չլինի թե անվարձ հեռանաս,
Իբր՝ չի եկել հատուկ քեզ համար,
Իբր՝ անցնում էր կողմերով այս հին,
Հանկարծ հիշել է քո պատկերը խաս:
Եվ դու ձանձրացած նրան ես նայում
Ու լարախաղաց քո ժամանակին,
Ու սրտիդ խորքում հույս ես փայփայում,
Որ յալանչին քեզ կթողնի կրկին,
Եթե անձրևը մի պահ կտրվի:
Ա՜խ, թե անձրևը մի պահ կտրվի,
Մի պահ կտրվի տզզոցն ականջիդ -
Կպոկես անկոչ հյուրին քո գրկից,
Դուրս կշպրտես, ինչպես մի վերջին
Պոռնիկի ... Եվ ի՜նչ:
Դեռ ավելի է գալիս – սեղմվում
Այդ թոկից փախած պատառը հուշի,
Վերջապես արդեն քեզ էլ չի թվում,
Որ որոնում էր նա մեկ ուրիշի
Եվ վաղը արդեն նա քեզ չի հիշի...
- Տեսնես կավարտվի՞ գիշերն այս խրթին, -
Ասում ես, տանտեր զգում քեզ մի պահ,
Նա աչքերիդ մեջ խրվում է կրկին.
- Անձրևն,- ասում է,- դժվար կտրվի,
Ե՛կ ծանոթանանք, իմ անունն է Մահ...
***
Էլ ինչ ասեմ,
Որ ամբողջանա պատկերն իմ ապրած ժամանակի,
Ինչ դատարկություն որոնեմ,
Որն ավելի մոտ լինի և առավել կատարյալ
Այս անվերջ դռների անհաշիվ կողպեքների միջից
Ես վստահում եմ առավել մեր հոգիների փակին,
Եվ մի կատարյալ հեռացման է հանգում
Մեր միջից դուրս եկող ամեն մի քայլ:
Մինչդեռ մեր որոնումների ափերը հեռու են այնպես,
Եվ մենք կարոտում ենք իրար,
Մեր հոգիների գեղգեղանքները
Անեծքների են փոխվում կեղծ առավոտների շուրթերին,
Մեր բարձրությունների աշտարակներն անմատչելի են
Տարանցիկ սերերի համար,
Եվ ժամանակը բացում է մեր կորուստների զարկերակը,
Եվ կարմիր-կարմիր տարիները
Մեծանում են մայրամուտի հորիզոնին:
Այս ծխի, այս աղտեղության միջով
Անցնում են ես այնպես անտարբեր,
Այս մխացող շփոթը իմը չէ,
Իմը չէ այս ամուլ լաբիրինթոսը ժամանկի,
Մարդ աստծո,
Քո թաքստոցի բանալիները խնդրում եմ` բեր,
Տար ինձ քո ազատության միջանցքներով
Եվ դարձի դռներն իմ հետևից ամուր փակիր:
Andranik Karapetyan: Poems, Translated by Habet Muradyan