ԱՐԱ ԱՐԹՅԱՆ
ԳՅՈՒՄՐԻ
Պըտի մնամ ես գյումրեցի
Երգե հետս, Ձորի բողազ,
Հետս երգե, ֆայթոնչու ձի,
Օր կնուտի տակ չդողաս:
Հե՜յ, ֆռնչիք, հետս երգեք,
Ընբես երգեք, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո, վո՞վ բդի վրեն սգա:
Դալլաքներդ դառան պոետ,
Դոխբազներդ - պրոֆեսոր,
Գյումրի քաղաք, քարերուդ հետ
Թող մենակ ես խոսիմ էսօր:
Իմ Արթեն պապ, հետս երգե՝
Էն աշխարքեն թող ձենդ գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո, վո՞վ բդի վրեն սգա:
Խելռներուդ մահն էր հանաք՝
Խնդըցրին ու գնացին,
Ղասաբներդ կերթան մենակ
Սև քարերուդ հոգեհացին:
Թե մարդ եք դուք, հետս երգեք,
Զլեք զուռնեն, օր քեֆս գա,
Գյումրին չկա, տեղը վերք է,
Ծո, վո՞վ բդի վրեն սգա:
Հին գյումրեցիք, թե չեք երգե,
Էն աշխարքեն չեք կրնա գա,
Գյումրին չկա, տեղը մենք ենք,
Ծո, երգից վեր - հե՛չ բա՛ն չկա:
***
Անդունդի ահը
Ճախրի վերածեց
Ցատկը քարայծի:
***
Ճառագայթի նետ
Ծիածանի պիրկ
Աղեղնալարին:
Ասես հոգիս է
Հպված կամարին:
***
Լավագույն երգերս
Ես գրել եմ օդում
Իմ աջ ցուցամատով:
Դրանք անգիր գիտե
Աշնան քամին: