Ողջույն, Հյուր



Գուրգեն Ենգոյան


Գուրգեն Ռոբերտի Ենգոյան, ծնվել է 1972 հուլիսի 17-ին Գյումրի քաղաքում: 1979-ից մինչև 1989թ սովորել է Գյումրիի Գեղամ Սարյանի անվան 24 միջնակարգ դպրոցը: 1990-ից 1995թ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայ ժողովրդի և ընդհանուր պատմություն է դասավանդել Գյումրիի 15 միջնակարգ դպրոցում և 34 միջնակարգ-մասնագիտական ուսումնարանում: 1995-1997թթ ծառայել է Հայաստանի զինված ուժերում: 1998-ից մինչև 2000թ աշխատել է §Շանթ¦ հեռուստառադիոընկերությունում որպես լրագրող, ապա §Նոյեմի¦ ստուդիայում որպես սցենարիստ: 2000-ից 2008թ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության §Գյումրի¦ քրեակատարողական հիմնարկի սոցիալական-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնում: 2008թ. քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Շիրակի մարզային բաժանմունքում: Ստեղծագործել է սկսած ուսանողական տարիներից, տպագրվել է մարզային և հանրապետական թերթերում և ամսագրերում, ստացել գրական հինգ մրցանակ, այդ թվում միջազգային ՊԷՆ-ի երկրորդ կարգի մրցանակ:

ԽԵՂԿԱՏԱԿԸ
(Էսսե)

     Կար չկար մի թագավորություն կար: Թագավորը իշխանական շրջանակներում շատ անճար ու թուլակամ մի մարդ էր, պատրաստակամ կատարելու իր բազմաթիվ նազիր-վեզիրների խորհուրդները, իսկ ժողովրդի համար նա դերվիշ էր, բայց ոչ հեքիաթի, քանի որ չէր հագնում դերվիշի իր շորերը, որպեսզի դուրս գա ժողովրդի մեջ և իմանա, թե ի՞նչ են խոսում իր մասին: Թագավորությունը թաղված էր աղքատության մեջ, նրա բնակիչները օրվա հացի հայթայթման ապարդյուն որոնումներում կորցրել էին իրենց դեմքը: Վախը կաշկանդել էր բոլորին` սկսած անտուն աղքատից մինչև հարուստ սիրեցյալը: Նրանց ճակատագիրը այժմ նույնն էր, յուրաքանչյուրի վերջը` դառնալ դահիճ կամ նրա զոհը:
Թագավորը սիրում էր իր իշխանությունը, այդ իշխանությունը շատ բան էր նշանակում նրա համար, այն տարածվել էր հպատակների մարմինների, հոգիների, մտքերի և զգացմունքների վրա: Ըստ նրա, թագավորությանը միշտ արժեր իշխել, նույնիսկ երբ այն քանդվում է աչքերիդ առաջ: Իսկ երկիրը կարող էր և գոյատևում էր միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր սովոր էին խոնարհվել և դա անել առանց այլևայլության: Թագավորությունը դա մեխանիզմ էր և այն կառավարելու կոճակը սեղմելը` մեծագույն հաճույք էր միապետի համար, նա աննկարագրելի հիացմունք և բավականություն էր ապրում տեսնելով, թե ինչպես են աշխատում այդ մեխանիզմի բազմաթիվ մանր ատամնանիվները, նույնիսկ երբեմն գլխապտույտ էր ունենում դրանից:
Թագավորությունում ապրող մարդիկ մոռացել էին այն մեծագույն իրավունքի մասին, որ իրենք ունեին, երբ նույնիսկ դեռ իրենց տարիքը թույլ չէր տալիս գիտակցել այդ մասին: Այդ իրավունքը թուլացնելու էր զսպանակի ճնշումը, դրա գիտակցումը թույլ էր տալու արհամարհանքով նայել մահվան երեսին, ազատվել կախվածության և ճնշվածության, թվում է անհաղթահարելի դարձած զգացումից:
 Միայն խեղկատակն էր, որ չէր համակերպվում թագավորությունում տիրող վիճակի հետ, նա էր, ով կարող էր միապետին ասել ճշմարտությունը երկրում տիրող վիճակի մասին: Բայց ո՞վ էր ինքը, ընդամենը մի խեղկատակ, ում ոչ ոք լուրջ չէր ընդունում, իսկ միապետը անմիջապես կհրամայեր բաց թողնել կեղտոտ արյունը: Նա ապրում էր իրականության ու երազի սահմանագծին, որոնց տարբերությունը թագավորությունում շատ հարաբերական էր: Երազը այն էր, որ խեղկատակը զգում էր, թե ինչպես է շարժվում երկիրը, ամեն ինչ արագորեն փոխվում էր, զարգանում, իսկ իրականությունը ընտրյալների և միապետի ճառերն էին ու համատարած դատարկությունը, որն անսահման էր և ոչնչով լցնել հնարավոր չէր…
…Աղմուկ էր, ինչ որ մեկը թակում էր բոլոր տների դռները, որպեսզի կանչեր այնտեղ ապրողներին, բայց դռները փակ էին, դրանք ոչ-ոք չէր բացում, ուրեմն ամենուր մեռյալներ էին ապրում, ուրվականներ: Ո՞վ է թակում մեր դռները, այդ դու ե՞ս, խեղկատակ, որ թողել ես թագավորի պալատն ու դռնեդուռ ընկել: Գնա', մենք քեզ չենք ուզում տեսնել, քո թակոցները մեր դռներին խուլ են և անլսելի: Հեռացի'ր, մեզ հսկում են, գերեզմանոցները պահակներ ունեն, նրանք չեն թողնի, որ մենք դուրս գանք մեր փոսերից ու հետևենք քեզ:
Դեռ թակում են մեր դռները, բայց վա'յ նրան ով կբացի դրանք, ով կասի ամոթ է, պետք է դուրս գալ տներից, ով կասի գոնե հարևաններից ամաչեք: Ապրելը հանցանք է, այժմ և միշտ, հայրենիքը սիրելը մեծագույն մեղք, որին չի կարող թողություն տալ ոչ մի հոգևորական…
…Տեր, զհաց մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, որովհետև հայրենիքը մեր որկորն է, իսկ այն միշտ մեզ հետ է, անբաժան, ուր էլ որ մենք գնանք: Ուրեմն ի՞նչ է այլևս պետք խեղկատակին, որ թակում է մեր դռները. միթե՞ պալատում նրան սոված են պահում…
…Սրբերը հայտնվել են վանդակներում, դարձել հասարակ սրբեր, ովքեր հուսահատ բախվում են ճաղապատ իրականությանը, անօգնականությունից գազազում, խոսելու կարողությունը կորցրած մռնչում…
…Մենք արթուն քնած ենք, մեր աչքերը արդեն վաղուց փակ են ու կոպերը ծանրացած: Բոլորիս տան մի անկյունում սրբապատկերներ են, ինչ որ հմայիլներ սատանային ու չար ուժերին քշելու համար, բայց նրանք ապրում են մեզ հետ, մեր կողքին ու ոչ-ոք նրանց չի տեսնում: Միթե՞ սրբերը կորցրել են իրենց ոգեղեն հատկությունները, ո'չ, նրանք պարզապես բանտարկված են ու դարձել են հասարակ սրբեր…
… Ամենուրեք, չորս կողմից ու գետնի տակից ինչ-որ ծիծաղ է լսվում, քրքիջ, սատանայական հռհռոց: Հռհռում են ու թքում, թքում ու հռհռում: Ովքե՞ր են, խավարը կուրացրե՞լ է մեր աչքերը, թե մշուշ է, որ ցրվելու է շուտով: Ինչո՞ւ է շարունակվում կյանքը, եթե բոլորը մեռած են և ովքե՞ր են այդ դեպքում հռհռում մեզ վրա: Միթե՞ կարելի է հավատալ սեփական աչքերին, երբ դրանք վաղուց արդեն կուրացել են…
…Սովից ուռած մեր փորերը ե՞րբ են թմբուկ դառնալու, ե՞րբ են ամբոխի աղմուկով ուղեկցված թնդալու փողոցներով, որտեղ քայլելու են մեռյալները, ոտքերը բարձր ու մեջքը ուղիղ, ապա թմբուկների ձայնը խլանալու է հազարավոր զանգակներից ու ուրվականները ձուլվելու են իրար, դառնալու են մեկ մարմին, դառնալու են խեղկատակ, բայց կենդանի:
 Բոլորը տեսնում են այն, ինչ քչերը չեն ուզում, որ նրանք տեսնեն, երազ է հիմա, թե արթմնի, մղձավանջ է անվերջ, թե մշուշ է, որ ցրվելու է անպայման…
…Թաղման թափոր է առջևից գնում, բոլորը գլխիկոր են, սևազգեստ: Ո՞վ է մահացել, հազիվ լսելի հարցնում են մեկմեկու, բայց պատասխան չկա: Ինչ-որ մեկը ձգում է վիզը, փորձում դագաղի մեջ տեսնել հանգուցյալի դեմքը, բայց մեռյալը անդեմ է, ավելի ճիշտ, ով զարմա~նք, նրա դեմքը հայելի է, ու ամեն ոք կարող է տեսնել իրեն: Ի՞նչ է սա, թաղման արարողություն, թե կատակերգություն, որ տեղի է ունենում ինչ-որ անհայտ մի բեմում:
 Շուտով պատկերը փոխվում է, թաղման թափորը դառնում է դատական նիստերի դահլիճ, որտեղ զինվորական շորերով մարդիկ են, իսկ մեռյալները զբաղեցրել են երդվյալ ատենակալների նստարանները: Ո՞վ է նախագահում նիստը, ո՞վ է քարտուղարը, որ քմծիծաղը դեմքին հրամայում է բոլորին ուշադիր հետևել նախագահողի բառերին ու ժեստերին: Որտեղից որտեղ հայտնվում է պետական մեղադրողը, ով առանց լսելու դատավարական նյութերի էությունը` պահանջում է մահվան դատավճիռ կայացնել մեղադրյալի նկատմամբ: Երդվյալ ատենակալները լուռ են, նրանք նույնպես անդեմ են, ինչպես հանգուցյալը, ավելի ճիշտ, նրանց դեմքերը նույնպես հայելիներ են, որտեղ ամեն ոք կարող է տեսնել իրեն: Գուցե՞ նրանք հոգեվարքի մեջ են, ո'չ, երդվյալ ատենակալները խուլ ու համր են, ուրեմն ինչու են նրանք այստեղ և ո՞վ է կայացնելու վերջնական դատավճիռը: Նախագահողը պահանջում է վերջ դնել նիստին, չէ որ դատավճիռը արդեն գրված է և մնում է այն միայն հրապարակել: Դահլիճի դռների մոտ աղմուկ է, ինչ-որ մեկը փորձում է ներս սողոսկել, բայց նրան արգելում են զինվորական համազգեստով մարդիկ: Խեղկատակն է: Ինչպե՞ս է նա հայտնվել այստեղ և ինչո՞ւ են արգելում նրա մուտքը:
 ¬-- Բավակա'ն է թքեք ու հռհռաք մեզ վրա, -- գոռում է խեղկատակն ու փորձում ազատվել իրեն բռնողներից: Երդվյալ ատենակալների շարքերում խուճապ է: Ո՞վ կարող է փոխարինել խուլ ու համրերին, չէ որ այս երկրում ճշմարտությունը պետք է լսվի միայն նրանց շուրթերից: Բայց ինչո՞ւ են նրանց խոսքերը դարձել անհոդաբաշխ, օդի թեթև մի շարժում, ինչո՞ւ է նախագահողը անտեսում իրենց: Ախ այո, իրենք վաղուց մեռյալներ են ավելի ճիշտ այդպես են համարվում, ուրեմն մնում է ապավինել խեղկատակին…
 …Թվում է երկիրը դրված է կշեռքի նժարի վրա, որի մի կողմում լույսն է, մյուսում` խավարը,  ու մեռյալների քաշը շուռ է տալիս երկիրը դեպի խավարը, բայց կենդանի մարդկանց քաշը պարզվում է ավելի ծանր է, քան մեռյալներինը ու երկիրը շրջվում է դեպի լույսը:
Խեղկատակին քարշ են տալիս դեպի թագավորի պալատը, բայց նա կառչում է ամեն մի կենդանի էակից ու անվերջ կրկնում իր խոսքերը. §Բավական է թքեք ու հռհռաք¦: Փողոցը ճյուղավորվում է, լցվում կենդանի մարդկանցով, որոնց դեմքերը հայելի են ու հայելու մեջ խեղկատակի պատկերն է…            

 

ՔԱՈՍ
(Էսսե)

"Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես
                                            ոչխարներ` գայլերի մեջ":
Ավետարան ըստ Մաթևոսի, 10-16

     Աշխարհը անապատով սահող օձի մեջքի մի պուտն էր, մի գունանախշը, բայց խամրած ու հազիվ տեսանելի: Սահում էր օձն ու նրա հետ աշխարհը գալարվում էր ավազի մեջ, մերթ թաղվում նրա տակ, մերթ ավազը շաղ տալով շուրջբոլորը դուրս գալիս արևին: Աշխարհաստեղծումից առաջ էր, թե հետո, արդեն կարևոր չէր: Քաոս էր ամենուր` մարդկային մտքերում, գործերում, որոնցում կար ամեն ինչ, բացի աստվածաշնչյան պատվիրաններից:
Սատանա՞ էր օձը, թե՞ Աստված, որ իր մեջքին տանում էր աշխարհը ու չէր հոգնում այդ բեռի տակ գալարվելուց: Մարդածի՞ն էր, թե՞ հողաստեղծ:
Երկրի վրա վաղուց Աստված գոյություն չուներ,կամ երկնքում էր ու մոռացել էր երկրի վրա ապրողների մասին, չնայած նրանցից ոմանք դեռ պաշտում էին նրան զանազան անուններ տալով ու տարաբնույթ կրոնների քողի տակ: Աստված չկար, բայց կային աստվածություններ, ինչպես հեթանոսական ժամանակներում, երբ մարդիկ դեռ չէին կողմնորոշվել, թե ու՞մ պաշտելն է իրենց ձեռնատու:
Մարդը կորցրել էր նույնիսկ վախը մահվան հանդեպ, կարծես մահ չկար էլ և այլևս ոչինչ չէր կարող վերջ դնել իր ստեղծած քաոսին, որ մի ժամանակ մահով էր վերջանում: Անծանոթ էր նա նաև այն ամենին ինչ եղել էր իրենից առաջ, կամ տառապում էր հիշողության կորստով ու անցյալ չկար և ոչ էլ ապագա, այլ միայն ներկան էր, որ ամփոփվել էր գալարվող օձի մեջքի մի պուտի մեջ, դարձել խամրած գունանախշ:
Անապատը վերջ չուներ ու ոչ էլ օձը հոգնել: Արևն այրում էր նրա մեջքի կաշին, տաք ավազը` փորը, բայց օձը շարունակում էր սողալ: Ու՞ր էր տանում նա աշխարհը` դեպի օազիս, թե դեպի անխուսափելի մահ, որի գոյության մասին աշխարհը մոռացել էր, կամ դեռ տառապում էր հիշողության կորստով:
Երկիրը դարձել էր չարի կացարանը ու օձը նրա միակ բնակիչը: Ո՞ւր էին կորել նրա մյուս բնակիչները, երևի փախել էին վերահաս աղետի սպասումից, եթե դեռ մարդկության հիշողության մեջ թարմ էին աշխարհի վերջի նկարագրվող տեսարանները: Դրախտից երկիր վտարված մարդ արարածը մոռացել էր դրախտի գոյության մասին, իսկ երկիրը դժոխք էր դարձրել ու էլ ինչ վախ մահից, երբ այն, վատագույն դեպքում, իրեն մեկ ուրիշ դժոխք էր տանելու: Նա մոռացել էր նույնիսկ, որ դրախտից վտարվելու պատճառն էլ օձն էր եղել ու պատրաստ էր Ադամի չգիտությամբ վարակված` նորից վստահելու, հավատալու օձին:
Անապատը վերջ չուներ, քաոսը նույնպես: Այլևս ավազով էր ծածկված երկիրը ու մարդը, որ իրեն արարիչ էր կարծում վաղուց, չուներ այդ երկրի վրա թեկուզ մի փոքրիկ անկյուն, ուր նա իրեն ապահով զգար, առավել ևս տեր ու տիրական: Հնագույն, նախնադարյան համայնական ժամանակներին հաջորդած տարակերպ քաղաքակրթությունները, որ կոչված էին, եթե ոչ բնության, գոնե իր նմանի հանդեպ հանդուրժողականություն սերմանմանը, իրենց դերը չէին կատարել և այժմ մարդակերպ արարածն ավելի անհանդուրժող էր, քան երբ միայն իր որկորը լցնելու ու մարմինը ծածկելու խնդիր ուներ:
Իրեն նույնիսկ բնությունից հզոր կարծող մարդը` աղետների հանդիպելով սակայն, նույնքան թույլ ու անպաշտպան էր զգում, ինչպես ցանկացած մի բույսի բարակ ցողուն ուժեղ քամու առաջ: Ուրեմն ո՞րն էր մարդու այդքան ինքնավստահության պատճառը` հայտնի չէր:
Գուցե թռիչքի համար չստեղծված, սակայն հիմա միայն սողալուն վարժված մարդը այլևս մի օձ էր, որ փորձում էր աշխարհը տանել իր մեջքի վրա, բայց բեռը, որ թվում է ծանր էր լինելու նրա համար, ամփոփվել էր մաշկի մի պուտի մեջ ու ցավ էր տալիս:
Մարդը հեռացել էր Աստծուց, իսկ վերջինս նրա համար պատրաստել էր նույն խաչելության ճանապարհը, որով անցել էր իր որդին, բայց մի տարբերությամբ միայն` առանց համբարձվելու հնարավորության. մարդը մեղավոր էր ու նրա հոգին երկինքը չէր ընդունելու:
Մոլորության ավազոտ ճանապարհին միայն ատելությունն էր իշխողը, այն տիրել էր մարդկային ուղեղների ու կամքի վրա, դարձել գոյություն չունեցող աստվածություն, որին, սակայն, ի տարբերություն իրական Աստծո, ընդունում էին բոլորը:
Լինելո՞ւ էր Միածնի նոր գալուստ, հայտնի չէր: Մի ժամանակ մարդիկ սպասում էին նրան` հույսով, որ Աստծո որդու գալստով կազատվեն երկրային անտանելի դարձած տառապանքներից, բայց հետո հույսը կամաց-կամաց մարեց` իր տեղը զիջելով անզորության պոռթկումին, որ քիչ-քիչ ատելության էր փոխվելու ամենքի և ամեն ինչի հանդեպ: Սկզբում մարդիկ փորձում էին հասկանալ, թե իր որդու երկրային ոդիսականը տեսնելով, ինչո՞ւ չի Աստված ազատում իրենց նույնից, հետո հարմարվեցին` կարծելով, թե Աստված իրենց շատ սիրելուց է այդպես վարվում, իսկ վերջում համարեցին, որ իրենք խաբված են եղել և դրախտ չի լինելու ո'չ երկրում, ո'չ էլ առավել ևս երկնքում, որտեղ վաղուց արդեն, իրենց կարծիքով, սատանան էր իշխում:
Քաոսը սարսափ էր բերել իր հետ, ատելությունը կամազրկել էր մարդուն, խլել նրանից գիտակցության, բանականության վերջին փշուրները: Մի' սպանաներ պատվիրանը չէր գործում ոչ միայն թշնամու և օտարի, այլև հարազատի դեպքում: Մարդու նորօրյա չարագործությունների համեմատությամբ Կայենի գործած մեղքը մանկական չարաճճիություն էր, ու Կայենն այլևս մեղքի մարմնացում ու խորհրդանիշ չէր, այլ հերոս, որին ձգտում էին նմանվել շատերը:
Հավերժ էր քաոսը, թե ոչ, արդեն ոչ-ոք չգիտեր: Մեղավոր ծնված մարդը իր մեղքերի համար մեղավոր էր համարում Աստծուն, որ նախաստեղծ էր, և սակայն, թվում էր արդեն անկարող էր իր ստեղծած արարածների գործողությունները ղեկավարել: Մեղքը, որ ինքը սատանան էր, մեծ էր ու անչափելի: Մեղքը հենց քաոսն էր, որ օձին տեր ու տիրական էր դարձրել անապատում ու մարդուն, որ ստեղծված էր թռիչքի համար, վերածել մի ողորմելի սողունի:
Իսկ աշխարհը անապատով սահող օձի մեջքի վրա մի պուտ էր, մի խամրած գունանախշ, որը սակայն ցավ էր տալիս նրան ու տանջելու էր մինչև կփոխեր կաշին ու թողնելով այն ավազների մեջ, կգնար այն ճամփով, որ սահմանված էր իր համար ի սկզբանե:


ՌԵՔՎԻԵՄ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՔԱՂԱՔԻ
(Էսսե)

"Ահա Ձեր տունը ավերակ կը թողնվի
ձեզ և քար չպիտի մնա քարի վրա"
Մաթեոս 23, 24

Անցյալի ու ապագայի մեջ խճճված, փնտրվող ու չգտած ճանապարհի, ճակատագրի քաղաք: Զավակներիդ տառապանքի ու նվաստացման հաճույքով առաջնորդիդ ու քաղաքատիրոջդ ոչ երկրային փառաբանման բոլոր աստիճաններն անցած ու այդպես էլ քոնը չգտած քաղաք: Տեսնես ծնելու ես մի Խորենացի, որ գոնե քո պատմության վերջում ողբա քեզ ու հիշատակի անցյալդ, որովհետև ապագադ մշուշոտ է ու չափից դուրս անհեռանկար: Մի ժամանակ հպարտ գդակ կրող քաղաքացիներիդ գոյությունը հիմա մենաշնորհ է դարձել, որից ազատվել չես ուզում: Հայի` առանց պատասխանի ակնկալիքի, մշտապես ինքն իրեն տրվող հարցը կարծես միայն քոնն է հիմա. ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում: Դու քո ճամփան վաղուց ես կորցրել, քեզ խաբել են, թե փյունիկի պես հառնել ես ավերակներից:
Ամեն ինչ կորցրած, գարշահոտ փչող աղբամանների մեջ սնունդ ու նույնիսկ ամռան ամիսներին ձմեռվա վառելիք փնտրող ուրվականներն են հիմա քո դեմքը, շների հետ` արևի տակ իրենց տեղը գտնելու համար կռիվ տվող ու մշտապես պարտվելու դատապարտված այն ուրվականները, որ մի ժամանակ քո սիրեցյալ զավակներն էին գուցե: Աստվածաշնչյան կորուսյալ քաղաքի ողբը հիմա քոնն է, որովհետև քո լավագույն օրերի հիշողությամբ ու ներկայիդ վիճակի լացով ենք ապրում ու մխիթարություն չենք գտնում:
 Քեզ լքեցին, երբ պետք էր կողքիդ լինել, քո երկրային կյանքը փոխեցին կեղծ երկնայինի հետ, քո աղջիկներն ու հարսները գերադասեցին թշնամու հետ քնելը` ամուսնական մահճից, քո որդիները հիմա օտարի տունն են կառուցում իրենցը ավերակ թողած:
Քեզ խաբեցին, թե դրախտ կա երկնքում և դու հավատացիր, թեև դյուրահավատ չէիր, խաբվեցիր սուտ մարգարեներին, թեև քեզ խաբելը անհնարին էր թվում:
Ո՞վ էր քո տերը և ո՞վ է պատրաստվում դառնալ: Հիմա ո՞ւմ ես երկրպագելու և ո՞ւմ առաջ ես խոնարհվելու: Քո ծառաները չեն քո տերերը, այլ դու ես, դո'ւ, որ միշտ մերժել էիր կեղծ բարեպաշտներին ու նրանց խոստացած զոհը, բայց հիմա քաղցած ես ու մատաղի միսը հաճելի է քիմքիդ: Հիմա քեզ ծաղրում, քո դափնիները իրենց պարանոցին են կրում մարդիկ, որոնց դու երբեք չէիր ծնի, երբ ինքդ էիր դափնեկիր, քո փառքը հիմա ավելի շատ երկնային է, եթե իհարկե դեռ կա:
Կանգնի'ր, որովհետև ճամփադ հստակ չէ, առջևումդ անդունդ է, ցատկի'ր, եթե կարող ես, բայց գիտեմ ոտքերդ ուժ չեն տալիս այլևս: Քեզ հիմա դադար է պետք, որպեսզի գտնես անցնելիք ճամփադ, քեզ ցատկի համար ուժ է պետք:
Զգույշ եղի'ր, քո դեմ նորից դավեր են նյութում, մի հավատա քեզ ծառայելու երդում տվողներին մինչև չտեսնես այդ ծառայությունը: Ու երբ պատրաստ կլինես ցատկի, երբ ոտքերիդ տակ հողը հաստատուն կզգաս, հենվիր ինձ վրա, ես քեզ ուժ կտամ, ես քեզ չեմ լքի մինչև ցատկդ կատարյալ չլինի և դու հետևումդ չտեսնես անդունդը: