Լևոն Մուրադյան
***
Ապրում ենք մեր ունեցածով,
Գործում հանուն չունեցածի…
Լցված շնչով լուսաբացի-
Սերն է անցնում այս աշխարհով:
Իր խորքն ունի ամեն մի ծով,
Ամեն մի մարդ՝ փորձն իր անձի…
Ապրում ենք մեր ունեցածով,
Գործում հանուն չունեցածի:
ԺԱՄԱՆԱԿ
Երբ քո մտքի դուռն է փակ,
Ո՞ւմ է պետք թագ ու պսակ…
Իմ սրտի մեջ՝ ես ու նա-
Ծակի՛ր, ասեղ ու գնա:
Ճոճվում է բեռը ուսիդ,
Ճոճվում է երգդ հոգնած…
Հոգսերիդ մեջ՝ խուլ է նա-
Ծակի՛ր, ասեղ ու գնա:
***
Հեռվից նայող
Աչքի տագնապ,
Վազող հայացք
Ծովի վրա,
Ծառերն անչափ
Լուռ են, խոնարհ,
Որբ գուշակ է
Օրը ծարավ:
Ու ծռվել է
Միտքը ամպոտ,
Երազները՝
Դատարկ գրպան,
Օրվա հոգսն է
Նստել քարին,
Հրճվում է
Մի սև պարան:
***
Փրփրել էր ծովի պես,
Ալիքներին ուժ տված…
Ծիծաղն առած բռի մեջ-
Խաղն էր վազում խենթացած:
Վերջին երգով մանկության-
Ճիչը թռավ, հեռացավ…
Պահմտոցին վերջացավ,
Դեռ մնում եմ թաքնված:
***
Իմ կյանքը թափառող մի կղզի,
Փնտրում է մայրցամաքն իր սիրած:
Հրաշքի բանալին կորցրած-
Իմ կյանքը թափառող մի կղզի:
Ճոճվում է, որոնում լուսաբաց,
Աչքերում քամիներ երազի...
Իմ կյանքը թափառող մի կղզի,
Փնտրում է մայրցամաքն իր սիրած:
***
Ժայռն է կիսվել երկու մասի.
Մի կեսը ես, մյուսը՝ դու,
Վառվռում են աչքերն հույսի.
Մի կեսը ես, մյուսը՝ դու,
Քարացել են ձեռքերն համրի.
Մի ձեռքը ես, մյուսը՝ դու,
Օրորում ենք շղթան ցավի.
Մի ձեռքով ես, մյուսով՝ դու:
***
Բացահայտվի՛ր, կաղապարված մտքի զոհ,
Ես չեմ ուզում խամրած հույսի պատարագ…
Երդվյալների մռնչացող քաոսում-
Արձագանքն է ճիչը խմում իր դատարկ…
Ու մերժումը պատի նման սևացած՝
Մոխրացնում է ազատության դուռը փակ…
Ես գալիս եմ՝ աչքերիս մեջ ճառագայթ.
-Պահն է արդեն, իմ փոթորկուն զարկերակ:
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԵՌՈՒՆ
Որպես հրդեհ մոռացման,
Որպես գոտի մի արձակ-
Յոթ գույներից թև առած՝
Արձագանքն է իջնում ցած…
Արձագանքն է ընկնում ցած,
Լքում պատյանը իր հին,
Հանգույցներն են արձակվել
Շղթաներից մտերիմ…
Փոթորկվել են բիբերում
Հրաշքները ցնորքի,
Ու հալվում է, խորանում-
Անանց հուշը քո մեղքի:
Հայելու մեջ պսպղուն
Լուսաբացի ուլունքներ
Հյուսված իրար, աստղաձև-
Ինձ ձգում են դեպի վեր:
Շունչն է ցայտում ու սահում-
Երակների շուրթերից,
Աչքեր կելնեն երկնագույն-
Արծաթաձայն ջրերից…
Եվ ալիքն է ափ գալիս-
Որպես վճիռ, որպես լույս
Ու թվերը գ ումարվում-
Կյանքն են դարձնում տարակույս:
Մութն է ելել իր հունից-
Եվ զրոն է վերջանում,
Կյանքն է ծնվել շարժումից-
Եվ շարժումն է քեզ լքում:
***
Կա մի ցնորք աներկյուղ,
Ախորժալի մի խաբկանք,
Մենության մեջ մխացող
Խորհրդավոր մի փականք:
Գցում է քեզ մի ճահիճ,
Վճիռներով իր խելառ...
Ե՛վ կրակ է, և՛ դահիճ
Ցանկությունը ինքնավառ:
***
Քամին սանձած մեջքիդ,
Օղին խառնած վեճիդ.
-Ու՞ր ես գնում...
Դարձած աչքեր բոցի,
Ինչպես թույնը՝ օձի.
-Ու՞ր ես գնում...
Ծառդ՝ առանց բերքի,
Ուժդ՝ առանց խելքի.
-Ու՞ր ես գնում...
***
Ձգվեց կիրքը շիկացած,
Երազ տեսավ ծերունին...
Մուրացկանին մի չոր հաց-
կյանքը լցվեց սեղանին:
Հույսի ծովը փրփրած-
Աչքերիդ մեջ կփայլի...
Արքայություն քեզ թվաց
Հոգեվարքը մեռյալի :
***
Հայրդ չկա.
Ու ոչ ոք չի հարցնում.
-Ինչպե՞ս տեղ հասար, որդիս...
Մեղուները
Հավաքեցին հույսը.
Դու սովորեցիր հավատալ...
Մեղուները
Հավաքեցին երգը.
Դու սովորեցիր սիրել...
Մեղուները
Հավաքեցին ցավը.
Դու սովորեցիր ապրել...
Հայրդ չկա.
Ու ոչ ոք չի հարցնում.
-Ինչպե՞ս Հայր դարձար, որդիս:
***
Պտտվում է ձայնը բոբիկ,
Եզրեր չունեն ցավերը կույր...
Արձագանքի լեզուն օտար,
-Ասա՜ երկինք, ո՞վ է տխուր:
Կուչ է եկել բառը անկոչ,
Աչքերիդ մեջ՝ վառվող մի հուր...
Ամպի նման խորասուզված.
-Ասա՜ երկինք, ո՞վ է տխուր...
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒՆ (շարք)
1.
Դարձյալ զոհե՜ր, դարձյալ զայրու՜յթ,
Թափառում էր նեխված հոգին…
Շռայլ էին փորձերն իր մութ-
Չէր ենթարկվում զսպանակին:
Դարձյալ լռի՜ր, ինչպես մի խու՜լ,
Չարչարանքին այս աներկյուղ…
Դաժանության խոր կիրճերում-
Ցանկությանը- չկար ներում:
2.
Գանգն էր ձգվել, ինչպես մագնիս,
Փայլատակում- ոսկորն ահա…
Մեղքն էր շնչում երկարավիզ,
Ժայթքում նաև՝ հյուսքերն արյան:
Իր լռությամբ անլռելի,
Առեղծվածով՝ իր ոճրագործ.
Փաստն էր փայլուն և ոսկեզօծ,
Իր հետքերով անջնջելի:
3.
Սովորել ենք դատապարտել-
Դժբախտներս՝ հավատարիմ…
Խորտակում ենք անմտությամբ
Զրպարտելով արարողին:
Սովորել ենք դատապարտել-
Պատճառներով բազմահմուտ…
Բարձրանում է դղյակներում-
Պատժաչափը՝ սանդուղք-սանդուղք:
4.
Մի ալեհեր, մի ծուռ մրմուռ-
Երակներով շրջեց մարմին,
Նստեց թղթին, ինչպես վճիռ-
Հանգուցյալի հերձափոշին:
Միտքն էր ժխտում ու խորանում,
Զննվում էր վերքը կրկին…
Զանգի պես էր իմաստնանում
Ճիշտ ընթացքը փակ դռների:
5.
Երազանքի շահույթը սև-
Պղտորվել է մարմնի մեջ
Ու խեղդում է, ինչպես պահանջ,
Անորսալի ծարավը մեր:
Ախորժակն է բացահայտվել
Միտումնավոր նպատակի,
Համրությունն է հալվում աղի-
Աչքերի մեջ՝ փորձագետի: