Սոնա Արամի Անտոնյան
...Երբ ես ծնվում էի,
Սիրո և խենթության ժամի համար
Սիրահարները տենդագին
Երկուկոպեկանոցներ էին պահում:
Մահկանացուները կրկնում էին
Մի նշանավոր մահկանացուի խոսքերը.
«Կոմունիզմն ի վեր ենք քայլում»:
Տեղին ապաշխարում էին,
Տեղին մեջբերումներ անում Դանթեից:
Գեղեցիկ տղամարդիկ հուսահատեցնում էին:
Գեղեցիկ կանայք խոստանում էին:
Երբ ես ծնվում էի,
Մոլորակները պտտվում էին դարձյալ,
Եւ երկրի կեղևը ներծծում էր
Վաթսունականների հանճարեղությունը:
Դատողներն ու շառլատանները
Նվվում էին հիստերիաներում,
Եւ «Բիթլզը» երգում էր.
«Թող այդպես լինի»:
...Հայրս հավատում էր իր բախտին,
Քույրս առասպելի Սաթենիկն էր.
Հավաստի մարդիկ
Փայլուն ապագա էին կանխատեսում:
Հինգ օր հետո Արեգակը մտնելու էր
«Խոյ» համաստեղություն...
Սովորել և ավարտել է Լենինականի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը; Սովորել է Երևանի գործնական հոգեբանության և սոցոլոգիայի համալսարանում, ավարտել է նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետ. մանկավարժական ինստիտուտը:
1990 թվականից Սոնա Անտոնյանի բանաստեղծությունները տպագրվում են հանրապետական գրական մամուլում, գրական ալմանախներում:
Մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են իտալերեն:
Բանաստեղծությունների գրքեր. ՍՈՒԶՈՒՄՆԵՐ Երեւան, «Նոր դար», 1999
ԵՎ Երեւան, «Նաիրի», 2004
ԴԱՌՆ ՈՒ ԶՎԱՐԹ 2019 ժողովածուն PDF ձևաչափով
ԾՈՎԸ
Ծովը տաք,
Ծովը հրաշալի
Կանչում է:
Ծովը բաց
Տրվում է:
Ախ, այնպես է
Տանում ցավը,
Ծովը տաք,
Ծովը աղի,
Ծնկների հետ
Ախ, այնպես է
Խաչում ծովը:
Ծովը խենթոտ,
Ծովը դաժան,
Ախ, այնպես է
Լցվում ծովը,
Ծնկներից վեր,
ՈՒսերից վար,
Ծովը սիրուն,
Ախ, այնպես է
Կանչում,
Ախ, այնպես է
Տանում:
¤¤¤
Չփշրվես, չընկնես:
Քամին քեզ թող չտրորի:
Ինձ քեզնից չպակասեցնես:
Քամին թող քեզ
Քույրություն անի:
Իջնեմ-
Ինձնից մի տերև
Թող դեղնի,
Ուսերս խշշան,
Ցուրտս փակեմ ներսում:
Ինձնից ավել մի օր պոկիր,
Ծառերին ասեմ՝
Եղբայրներս լինեն:
¤¤¤
Քեզնից ոչ մի հորինում չի լինի դաղձի,
Որ թրմում է ինձ համար քույրս.
Ինձ համար հուզումները սքողելու պատրվակով:
Ոչ մի հենց այնպես բառախաղ:
Քույրս զգում է,
Ինչպես գոլորշին ներսիս անանուն զգացումների
Ինձ թեքում է բարձրանալու
Դժվար առավոտներից:
Հավանաբար, մեզնից մեկը տխուր է ավելի,
Որ եռացող շիթերն անմռունչ
Քաշում են թունդն ու բացը դաղձի,
Որ քո ապահովության համար
Թրմում է քույրս,
Որովհետև զգում է.
Այս ամառ շատ են ճերմակ բացատները:
(Այդ մասին չգիտի այս քաղաքի և ո՛չ մի պոետ)
Նա իմ սրտով ընտրում է բառեր
Եվ քո սրտով ինձ լցնում է թուրմը դաղձի,
Որ տաք ու կպչուն զգացումները
Չքամեն իմ թռվռացող կեսօրը
Քո հեռու խաղաղ լանջերին:
«Դաղձը հանգստացնում է»,
Հանգստացնում է քույրս:
Այս ամառ հորինում չի լինի:
Մենք երկուսս էլ
Առանձին-առանձին զգայուն ենք:
Ես սահեցնում եմ տխրությունը
Մարմնիս ծալերի թացով,
Խմում եմ քո թուրմը դաղձի
Եվ բացում եմ լիքը առավոտներ,
Լիքը առավոտներ
Քեզ հետ:
ԿԱՐՈՏՆԵՐ
Տխուր և ուրախ քաղաք, Երևան,
Լսիր, արցունքներ չեմ թողնում քեզ,
Սերերս չթաղես, քաղաք.
Ես վերադառնում եմ ուշացող գարնան կանչին,
Որ նորից քեզ գամ:
Քո թուփը թող կանաչի,
Քո երկինքը թող թունդ լինի,
Կարոտդ ելման կիզի,
Սերերս չթաղես, գլխաբաց քաղաք.
Ահա թողնում եմ քեզ
Մի սրտի չափ:
Իմ սրտի չափ.
Անհանգստացիր ինձ համար
Տխուր և ուրախ:
Արցունքներս ներսոտ են, լիքը,
Քեզ համար լաց չեմ լինի,
Երևան քաղաք,
Սերերս չտանես:
Ասում եմ՝
Ինչ լավ էր քեզ հետ
Եվ մենակ,
Ինչ ելման էր խնդությունդ և տաք:
Քո արցունքներն եմ սեղմում պատուհանիս,
Որ սիրտդ չցավի անվարժ:
Օ՜, սուտ է, թե տխուր չես,
Եվ սուտ է, որ չես տխրի:
Ահա լռությունդ եման,
Որ քողազերծում է քեզ այդքան նվիրական:
Թուփը թող կանաչի քո գարնան,
Երևան՝
Իմաստներով լիքը և անիմաստ քաղաք.
Ես ասում եմ՝
Բարի մնաս:
Ծառերով արցունքներդ սրբիր,
Ծառդ թող կանաչի,
Ես գնում եմ ուրախ-տխուր,
Սերերս թող թնդեն,
Խոստումներով լիքը քաղաք.
Լսո՞ւմ ես, Երևան,
Կսպասես…
ԲԱՐԵՎ, քաղաք,
Իմ հին, իմ մտերիմ:
Այդպես էլ իսկական անունդ չիմացա,
Ջրափոսերի սովոր քաղաքս,
Գարունը քո մեջ է,
Եվ դու խրախճանք ես անում
Ցեխաջրերի մեջ.
Արև էլ ունես,
Արևդ լիքն է,
Ինձ էլ ունես:
Բաժանվելուց առաջ
Մենք հրաժեշտ չենք տվել,
Ուրեմն, բարև,
Հին քաղաք:
Էլի լիքն եմ ու սովոր քո ներկայությանը:
Ինձ քմայքոտ գոցեցիր քո ներսում,
Երբ ես գնում էի
Աստղափշուր և սիրահարված.
Չշրջվեցի.
Մայրս ջուր պիտի ցողեր,
Հայրս՝ լույս շաղ տար շեմին:
Աշունը ծնկներիդ փթթում էր, քաղաքս,
Ես չշրջվեցի,
Որ իմ բացակայությամբ դու վարժվես
Բացակայությանս:
Ի՜նչ լորենիներ էին աշնան կեսին՝
Զգլխիչ, արևագույն,
Քո բազուկներում՝ սիրով զսպված,
Տանելի էր ցավը:
Այստեղ եմ, քաղաքս,
Բարև:
Իբր բանի տեղ չես դնում հոգնությունդ,
Նույն հպարտն ես,
Իբր շատ ես զբաղված գարունով
Եվ ինձնով:
Էլի պոետացավ ունես,
Նույն անզուսպն ես,
Անզուսպ սիրո քաղաքը: