Ղևոնդ
Ղևոնդ՝ (Համլետ Աշոտի Մանուկյան 1954-2014 Գյումրի): Սովորել և ավարտել է Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է որպես ուսուցիչ, Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող, ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի "Եղեգան փող" գրական թերթի խմբագիր: 2005թ.-ից դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում: Հրատարակել է երկու ժողովածու` 1997թ.-ին "Եկա"-ն, իսկ 2011թ.-ին` "Ջրերի ցնծության ժամանակ"-ը: ՀԳՄ անդամ է 2007թ.-ից: 1998թ.-ին արժանացել է "Դանիել Վարուժան", իսկ 2012թ.-ին` "Նարցիս" գրական հանդեսի մրցանակներին: "Մեր ընկեր Ղևոնդը" http://www.youtube.com/watch?v=B4NvxW4Klug կինոնկարը:
…
Ինչպես վաղվա երանությամբ մզված գինի
ու նռնենու բուրմունքի մեջ թաղած անցյալ
քո երեկոն քո վարսերը հարդարելիս
տեսնելու է` լույսն ինչպես է մտնում անձավ:
Տեսնելու է` լույսն ինչպես է սուզվում անձայն
խորշերի մեջ քո հոգնության, ուր կա ներում
և ապրում է պատմությունը զատիկներիդ,
որ խորհում են արևի հետ
և պուտերը իրենց մեջքի, համառորեն,
խաչքարերիդ քսելով են զորեղանում:
…
Թանձրության մեջ գինու թախանձանքի
հիմա տխուր լիներ, հիմա հնչեր օրոր
ու տեսնեի` ով էր` հանեց հոգուց` հոգին
ու տեսնեի` ով էր տեսավ` դաշտում խոտոր
մեր աչքերում մի ինչ փոթորկում էր մտքի,
ու մեր աչքերն ինչպես վերածվեցին նռան:
Հիմա տխուր լիներ, հիմա լսվեր օրոր
ու թանձրությամբ գինու` երեսնիվայր
հաղորդվելով հողին խոտոր դաշտում,
մեկն` ինձ այնքան սիրեր,
որ աղաչեր աստծուն`
ինձ մի ասուպ բռներ,
ու այրված կողով
ծիրանենին հիշեր` սաղարթն ուր է գնում:
…
Թե վիճակ է նետված
ու հայացքից հեռու ընկնող քարի նման
քեզ բաժին է ընկել ազատորեն տնքալ
պատմությունը հոսող քո ջրերի
քեզ մեկ անգամ լքած
նայադների նման
ինձ չթողնես հիշել,
որ հայացքից վերև
ուրիշ բուրմունք ունի
քո խնձորի վերջին տատանումը ճյուղին:
…
Պահվածքի մեջ գիշերվա շարունակվող ցայտնոտի
վրնջյունը քո տոթի, սրսփուկը քո արյան
թռցնեին քեզ խեցուդ ներշնչանքի ետևից
մեզ նվիրումն ընդուներ, քեզ թվացյալը գթար
դու լցնեիր բոժոժիդ առանձնությունը դաղձով
քամիներին տայիր քեզ, որ ծանոթի պես տանեն
դեպի մշուշը ձորիդ, ուր քո սիրով նախշեցիր
իրիկունդ հեռացող և առավոտդ անդեմ
քեզ մանկությունն հավատար, քեզ ընկնող աստղը բռներ
որոնելիս դեմքը քո փափկության մեջ քո հողի
ուր լուսինը երկնքում գարի գցած կնոջ պես,
քո տխրությունը նռան արցունքներով կցողի
քեզ ամոքումը գտներ, քեզ ճանաչեր մարգարեն
այնտեղ ուր կյանքն իր առջև երդվել է` չստել
ու խոստացել է` մի օր վերածվելու են ծաղկի
բոլոր մեղքերը, որ քեզ սիրելով են ընտրել:
...
Հավանական, ինչպես մի պատմություն,
թե դերվիշը ունի շքեղ մանյակ
ու թաքցրել է հոգու ծոցում`
ջրհեղեղից առաջ մի ժամանակ,
առանց վկայողի, առանց հարցում`
ասես տուժած կողմի շահի պաշտպան,
քեզ մատնացույց կանեն վերակացու օձերը,
որ երբեք չդավեցին իրար,
ու ինչպես ամեն մի վտարանդի,
ինչպես ամեն մի մոլորյալ`
հիշատակված մտքում քարանձավի
ու ստվերների ահով լցված,
մինչև վերջին ողբը Նարեկացու
մինչ շշնջաս, որ քեզ լույսը տանի
դեպի վերին երկինք, դեպի ակունք,
դեպի վերջին խորշը քո հնձանի,
իբրև գենի կարոտ ու գոյության մի ծես,
և կամ իբրև լույսի ազատ անկում`
մեկ անգամ էլ կտան, որ խնձորը կծես,
երբ դրախտդ կորցրած հիշել ես ողջ կյանքում:
…
Մի իրիկուն որպես որբի պատրանք
ճամփի համար խխունջ հավաքելիս
աղաչեցի, որ քեզ ծղրիդները ընտրեն
իբրև գիշերն այցի եկող լուսատըտիկ,
որ աստղերի խավոտ պայծառացման առջև
զրուցակից լինենք -
թե` մասրենին ինչպե՞ս ծաղկի լուսաբացին,
որ ես հիշեմ`
ո՞ւր էր երազանքս հասել:
…
Քանի հավատում ես - թե գետերդ են հոսում,
քանի ցույց ես տալիս - թե ծամերդ են հյուսել,
ու բոժոժդ լի է ընկղմումի մութով,
անցորդները պիտի ծանոթի պես հիշեն
մերձավորիդ,
որ իր մասունքներն է պահել
հավանական մի օր,
վստահելի տեղում -
շպրտելով խիճը համբերության
քո ոստերի չորուկ կիտվածքի մեջ,
որ նույնանուն մի օր,
վստահելի մի տեղ
բարձրանալով ներման սանդուղքներին
քեզ որոնի մեղուն,
ու քարերդ շուրջը թափառելիս
քո արտոնած բառով
ինձ տուն կանչի դաղձը,
որ խաչքարի տոթում
առանձնացնեմ ուսյալ նիստուկացը հովի:
Թե՞ դեռ պիտի ցույց տաս, թե գետերդ են արթուն,
Թե՞ դեռ պիտի ցույց տաս, թե ծամերդ են հյուսել:
***
Ես՝ որ եկա
վստահվածի հավատարմությամբ,
ճնշում կարգավորող
մի պուտ արյան ժամանակն ուզեցի,
ուրախացա ամպը գետին զարկող
թևերիս բացվածքով,
ուրիշների բեռան տակ -
իմ մեջ ծուլություն չունեցա.
սահմանը-արգելքի հավասար զորությամբ
անցնելու սիրով –
հավատամքի ձիեր պայտելիս –
հափշտակությունից մինչև վայելք
առանց հիասթափության
չկարողացա հասնել, -
հիմա ձայն եմ տալիս…
ես քեզ փակ աչքերով սպասողների
օրհնությունն ունեմ.
ասա՝ ձեռք չտան
արևածագից առաջ բացված
պատուհաններիս,
չկողպեն՝
մայրամուտից առաջ բացվող դուռս,
օրս՝ ջրհորդաններում չպտտեն.
ինձ՝ տառապանքի
և ցնծության միջև աճած
իմ յոթ քույր-ծաղիկն է պետք…
***
Իջա հարցնելու ծառերին՝ ինչպե՞ս եք
Թեև պիտի ասեմ՝ այս գարունը չիմացածիս է նման,
որովհետև այս ձմեռը չտեսածներիցս էր,
թեև պիտի ասեմ՝ դեռ վերադարձի թռչուններ չկան,
որովհետև հեռուներինն է դեռ նրանց ճռվողյունը…
Բայց ես՝ իմ հին բնի վրա՝ իբր տաք երկիր, իջա:
Իջա հարցնելու ծառերին՝ ինչպես եք…
Ինչպես եք իմ հողի վրա և իմ ջրերի մեջ…
Մանավանդ իմ ջրերի մեջ…
Եկա խնդրելու իմ ծառերին,
որ ինձ նորից գարնան հեքիաթներ պատմեն:
Ես զրույցն հասկանամ առուների,
իրենք՝ կապ քանդող բողբոջների երանությամբ տնքան:
Ու թե ծառերի մեջ,
իմ բոլոր-բոլոր ծառերի մեջ
մի ծառ լինի,
որ պիտի բողբոջի ու չծաղկի՝
ինքս ինձ ասեմ չարխափանի աղոթքի պես-
ծառը չծաղկի էլ, դեռ ապրելու է…
***
Մի դարձրու ինձ հույսերի լքված տաճար,
քամիներին մի թող իմ մեջ թագավորեն, -
լույսը չի գա, փրկության պես, առանց պատճառ –
ինչպե՞ս գտնեմ առավոտը, թե չտխրեմ:Դու՝ ինձ ծանր հանցանքներում որոնող ձայն.
Իմ չգործած մեղքերի մեջ՝ մեղադրող –
ես՝ գլխահակ, անգիտակից, ես՝ համաձայն,
ես՝ իմ բռում երանելի մի բուռ թաց հող:Իմ ոտքերը ե՞րբ պիտի դու գետնից պոկես –
պարան գցիր պարանոցիս – ուշ է արդեն –
հազարմեկի հեքիաթն ընկավ գիշերվա կես –
լուսատիտիկ չի ծնելու Շահրազադեն:Ասում եմ՝ տես ու պոկ գալիս վառվող ծոցից –
խոտերում թող օրհնությունը մենավորի,
ուր մի ծաղիկ դուրս կնետվի թաքստոցից
ու կբռնի թռած սիրտը աստնվորի:Ու քամիներ չեն պտտվի ցավ ու տեսիլք,
ու չեմ լինի առաջվա պես-մարող կրակ –
ես կայրվեմ հնձաններում խաղող – ծեսի –
թող ինձ ձոնվի շրթունքների պտուղ – շոյանք…
***
Ես տեսած մոհիկան, չքացող վայրենի,
շապիկն իմ՝ քո հագին, իմ ցուպը քո ձեռքում,
թեթև են սահելու ամպերը վերևի,
ծանր է նստելու արյունը երակում,հավաքիր ուժերը քո ցնցող իրիկվա,
մտրակիր կողերը տրոփող մտքերիդ,
մի ուրիշ էակ է մշուշը գինետան՝
մերկացած կփռվի ամենքիս քունքերին,
ու հարբած խաժամուժ-օրորվող բաժակներ
կճչան, կթափվի աղմուկը ներսից՝ դուրս.
մի կյանք էլ վատնեցինք առանց հույս, առանց տեր,
իբրև սեր ու սիրո անհասցե այցելու:Սա վերջին գավաթն է-գթալով մոտենամ,
սա վերջին անցումն է-չփլվեմ պատերին-
մեկ է, քեզ չի թողնի ամբոխդ՝ հեռանաս,
մեկ է, քեզ քարերիդ ցնորքը չի ների,
կկաթեն շողերը գմբեթիդ պատերից,
ու կիջնեն խորանիդ տառապանք ու մասունք,
կլինի ներքևում պատկերը ցանուցիր,
կմնա վերևում արտացոլքն անհասու,
գթալով կընկնես ցած, ատելով-կսիրես
երկիրը, ապրողին, երկինքը մոգական,
ուր թվաց՝ թե ցողը դեռ չիջած քո հողին
աստղերի անունից խաբկանք էր՝ շշնջաց.արբածին չեն թողնի մենության պատի տակ,
արբածին մի կտոր երկինքը կընտրի,
և կգա աղավնին, որ իջնի քո վրա
փրկության նշանը մարմարե թևերին:Սա վերջին գավաթն է-գթալով մոտենամ,
սա վերջին անցումն է-չփլվեմ պատերին-
մի ուրիշ էակ է մշուշը գինետան,
մի ուրիշ մշուշ է ամենքիս քունքերին…