Ողջույն, Հյուր

 

Միքայել Ժամհարյան

     

Միքայել Ժամհարյանը (Մկրտչյան) 1959-2019,Գյումրի:
Վաղ պատանեկան հասակից մասնակցել է քաղաքի գրական֊հասարակական կյանքին, եղել է «Շամանդաղ» միության կազմակերպիչներից մեկը:
Սովորել է Լենինականի թիվ 18 դպրոցում և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
1990-92թթ hիմնադրել և ղեկավարել է«Հայ գրողների Շիրակի ասոցացիան», հրատարակել է Շիրակի մարզի առաջին գրական-գեղարվեստական «Եղեգան  փող» թերթը, զուգահեռաբար ծավալելով խմբագրական և հրատարակչական գործունեություն:
1989թ դեկտեմբերին հրատարակած «Լքված տան առավոտը» ժողովածուի (բեռնվում է PDF ձևաչափով) մեջ հիմնականում զետեղված են վաղ պատանեկան տարիների ստեղծագործությունները:

Լքված տան առավոտը (պոեմ) PDF ձևաչափով

Միքայել Ժամհարյանի Լքված տան Առավոտը ամբողջական ժողովածուն .mobi ձևաչափով
Ուշադրություն՝
Ժողովածուն այս ձևաչափով ձեր բջջային հեռախոսի վրա ներբեռնելու համար.
1. Apple Store, կամ Play Store կայքերից նախ ներբեռնեք kindle հավելվածը՝ ստանալով ...@kindle.com էլեկտրոնային հասցե:
2. այնուհետև ներբեռնեք հավելվածը, կամ ուղղակիորեն կայքից, կամ ուղարկելով ձեր ...@kindle.com էլեկտրոնային հասցեին

 


      Փոքր Մհերի մենախոսությունը           

               

                Ես անեծքով փակված շիրիմների համար

և տառապանքի համար

ու երկար դարերի փորձով գալիս եմ աշխարհ։

Ողբացեք ինձ, սարեր,

ձեր դեմ ավերածության երաշտը զավակներիս,

նրանք ինձ տեսնում են

անեծքից ծանրացած հողի ուժով,

նրանք ինձ սիրում են

արևածագի բացվող քարերի մեջ.

որովհետև ես միակը եղա,

որ երբեք չերդվեցի շիրիմների անունով,

երբեք չասացի այն.

ինչ լեզվիս վրա թույն էր ու թշնամանք։

Հեռու երկրի արևածագը հիմա ողջունում եմ

եղբայրներիս համար։

Մ՛ի ուժ էր պետք -

մի վերջին անգամ փակվելու քարերի մեջ,

մի ուժ էր պետք -

մի վերջին անգամ լինելու կասկածը գուշակների։

Ես նրանց ձայնը անհիշաչար ու տխուր

պահպանում եմ թանկ շիրմի պես։

Ողբացեք ինձ. ձիեր.

Ձեր անտերության համար,

որովհետև հողի ծանրությունը ձերն էր ավելի.

որ ես ունեի,

ձերն էր մայրամուտը,

երբ ձեռքերս տարածեցի քույրերիս.

և երկար օրերի անքնությունից

ծաղիկը թառամեց սրտիս մեջ։

Ժամանակի շունչն էր դիպել դրոշներով ու զենքերով,

ձիերին մի թողեք վարգելու անտեր -

ինձ որտեղից տապալվածի թողած արև։

Ովքեր դեռ գիտեն քո գաղտնիքը

և թողնում են տաք բաբախումը սրտի,

արդեն մոտեցել են,

արդեն չեն հեռանում

այս ցավից, այս ցավից, այս ցավից։

Արդեն չեն կարող ձիերից բաժանվել

հանուն մեծ սիրո ու բախտի,

մոռացում լինի.

մոռացում լինի մայրերին այս դժբախտ։

Ողբացեք ինձ.

Ողբացեք ինձ. մայրեր,

ես եղա մինուճար։

Քար հավաքեցի սիրելուց այսքան շատ,

Իսկ խավարը տարավ նահապետ լինելու

ձեր որդոց անաստղ երկնքին։

Այսքան շատ համազարկ հանուն ընկածների...

այսքան շատ չեմ կարող ձեր կյանքի գնով

տեսնել դարերի քարկոծումը՝ ինձ։

Ողբացեք ինձ, սիրահարներ,

առասպելով հյուսված իմ կյանքի օրերից

ամենալավը երբեք չի եղել։

Մեկն ընկել է ջրերի հետ ու բախտի

և աշխարհին պարգևում է հերոսներ։

Մի թողեք, որ նրանք բաժանվեն

հանուն դափնիների.

ձեր սրտերը դեռ երկար կմնան

լափող ալիքների վշտոտ ափեր։

Ով պիտի կրակը պահպանի վերևում

առասպելական լողորդի համար,

երբ արդեն ուշ է -

իմ սիրտը վաղուց ուրիշն է տիրում

տեսքով ջրերի։

Ես հավատում եմ իմ ուշացած խոստովանությանը

ու չեմ կարող օրհնել ձեր սերը միակ։

Ողբացեք ինձ լուսնի անտարբեր լույսով,

որ գիշերները ձեզ համար դառնան գաղտնի հանդիպում,

ու լինի արցունք,

ու լինի ծիծաղ

անեծքից փակված այս քարերի մեջ։

Իմ միշտ երազող աչքերի համար

ողբացեք ինձ. ճամփորդներ,

եթե ձեր ծարավ շուրթերի համար

աղբյուր է բացվում ձիու հարվածից։

Ես երազել եմ ձեզանից երկար գնալ այս ճամփան

դրա համար ինձ երբեք մահ չկա։

Մի պահ նստեցեք ջրերի կողքին,

որտեղ մի տխուր երգ են խմբերգում

այրերը հոգնած,

ու պերճ կանայք արտասվում են

անառիթ ու լուռ։

Ափսոս ճանապարհը ես չանցա

մի կտոր հացով

ու ջրով մի կում

և եղա այն վայրում լացակումած՝

հանուն գեղեցկության։

Ողբացեք ինձ,

ողբացեք...

Ո՞վ պիտի ողբա անմահությունս,

ո՞ւմ անեծքն է. որ պիտի ավերի այս քարերը փակ.

ու եթե հողը չի կարող տեսնել ապրելու համար,

թող որ տեր լինի

թաղելու համար։

Եվ վերջին ողբով

ողբամ իմ կյանքը,

որ անիծված է հայրական կամքով -

այս ցավից,

այս ցավից,

այս ցավից։

 

Mikael Zhamharyan: Monologue of Junior Mher, Translated by Habet Muradyan

 

ՇՈՒՇԱՆՆԵՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ

   Երբ հոգնած կլինեմ պատահական ծանոթությունից
Եվ կուզենամ անցնել վերջին կարոտով,
Ես կգամ թեթև ու հմայիչ քո սերը դառնալու-
Շուշանները քեզ համար են, աղջի՛կ:
Ես երկար եմ կանգնել երկնքի դեմ,
Եվ պատուհանին ոչ ոք չի երևում,
Չի երևում բոլորի համար անուն կանչելու-
Շուշանները քեզ համար են, աղջի՛կ:
Դու գիտես, թե ինչպես թռչունը կանցնի դռներով՝
պատերին իր հավերժ սերը խոստովանելու:
Մեկը քնել է մոմորի լույսի տակ,
և զարդերը տանում է անծանոթը:
Ես չեմ կարող լինել:
Բարդին հնամյա աղոթք է,
իսկ ես բառերը չգիտեմ,
սա քո կյանքն է, աղջի՛կ,
որ դռներով անցնում է թռչունի պես,
հետո ես երգում եմ
գիշերով ճամփա ելնելիս,
հետո ես չեմ ուզում ոչինչ:
Ինչ տխուր է ծովի վրա հևալ քո սիրուց,
երբ աստղը իջնում է բարդուն,
ինչպես հնօրյա մի աղոթք.
դու շրջվում ես ձուլվելու ձեռքերիս,
ձեռքերս-հնօրյա մի աղոթք,
գնանք այս օտար վայրերից,
քեզ այստեղ մոտենալ չի լինի,
այնքան մենակ է անծանոթը,
և գիտի.
ամեն ինչ կախարդանք է թվում բարդու պես:
Ինձ մի տուր այս լուռ պատուհանը-
մեկը դեռ քնած է մոմերի լույսի տակ:
Ախ, շուշանները քեզ համար են, աղջի՛կ,
մի թող, որ նորից հեկեկամ:
Դու անցիր տխուր ու չտեսնող,
այս օրը հնօրյա մի աղոթք
և ի՞նչ ես ուզում, ախ, այսպես,
դու այսպես միայն հեռանում ես:
Ո՞վ է նկատում, ախ, շուշանը կրծքիս
և երկար չի ուզում հեռանալ,
ես գիտեմ, աստղը իջել է բարդուն,
որ դառնամ կախարդանքը նրա:
Մի քիչ էլ մնանք այս օտար վայրերում,
ուր զարդերն են,
ախ, զարդերն են մնացել անծանոթից-
քեզ համար ճերմակ շուշաններ:

 

Ռ Ե Ք Վ Ի Ե Մ

Նախերգանքի փոխարեն
                                   Տիգրան Բալոյանի հիշատակին

 

     Մահն աչքիս կբարձրանա օրը ցերեկով,

Եվ կլսեմ հոգու թեթևության ձայներ,

Էլի երկինք կհմայեն ինձ երեքով,

Հանուն հոր և որդու և հոգու - մի գիշեր:

Թևաբախման փափուկ մի եզր ճակատիս,

Խռովարար քայլերիս մեջ ծաղկի սուգ,

Հեռու տեղի փսփսոցն են վառում այտիս,

Ու խաչքար են վերև պահում ձեռքերով զույգ:

Սրտի տագնապից վեր երկնքի փոխարեն,

Դեմք պսակազերծող ընկերական մի շարժ,

Թող բոլորը երազ իմ մահից փոխառնեն,

Թող շանը կանչեն - դարձած ոսկորի շղարշ:

Ու շանը թողնեմ գուրգուրի ինձ ցերեկով -

Ուր որ է կթվա նոր լվացված մարմին,

Ինձ գաղտնի ուսերին կտանեն երեքով,

Հանուն հոր և որդու և հոգու... և ամեն:

Էլ չեմ կարող այսպես նայել շան աչքերին,

Չէ, ելնեմ հալածելու անդունդի վրա,

Լուսնահաչը դնեմ շուրթերիս ճաքերին

Ու զմռսած մի մարմին ջրերի վրա:

Քիչ այն կողմ երկունքն է մատներով ծածկելու,

Եվ մահացողի դուռը մնաց կիսաբաց,

Ահա հայտնությունը տուն վերադառնալու՝

Արդեն մարմին առնող տարածությամբ արբած:

Ահա ես, որ չկամ մոլորվածների մեջ -

Ձեռքերը զույգ կդառնան երկնքի դեմ ողբ,

Ինձ երեքով մեջտեղ կբերեն որպես վեճ,

Հանուն հոր և որդու և հոգու - դարձած հող:

 

ՀՐԱԺԵՇՏ

Ես ինչպես վերադառնամ կորցրած հավատը ապրողից պաշտպանելու,
Երբ այն ավերված քաղաքում առաջվա պես ապրողին պետք չէ:
Ահա բոկոտն, անօգնական ու սարսափահար բազմությունը
Առաջին անգամ հրաշքի չի հավատում,
Եվ ապրելու մխիթարությունն իմ ուսին իջնելիս
Ծանր է, ինչպես քանդված եկեղեցու շուրջբոլոր հավաքված
Սևազգեստ կանանց ողբը: Եվ ես հիշեցի, թե երբ են վերջին անագամ նրանք եղել առանց սևերի:
Մի պահ շրջում եմ հայացքս եկեղեցու ընկնող խաչից,
Եվ աստվածատուր ձայն է գեղեցկանում
Հերթական փողոցների, ամայացած բակերի, թափուր շենքերի
Անմխիթար արձագանքներից:
Արդեն վաղուց ոչ մի տղամարդ չի հիշում,
Երբ է գինի խմել տոներին և ասես հալվել պատերի տակ նիրհող պառավների
Սրտաբաց օրհնանքներից:

Աղջնակ իմ, որ վեհերոտ անցնում ես առանց ինձ նկատելու
Եվ քեզ համար ամենադժվարը սիրուս հավատալն է-
Սևեր չհագնես:
Չեմ ուզում լինես իմ կորստի փոխարեն,
Որովհետև այդպես միայն ես կարող եմ ցանկանալ,
Իսկ կորուստներս հանկարծ կխանգարեն ասելու , որ դու գեղեցիկ ես:
Քեզ համար ամենահեշտը միայն անտարբեր անցնելն է...
Բայց ինձ համար ընկավ քաղաքն այն օրից սկսած,
Երբ չհիշեցի, թե երբ են կանայք եղել առանց սևերի
Եվ տղամարդիկ գինի խմել տոներին:

Եվ ես հասկացա, որ այս քաղաքում միմյանց սիրում են, երբ դժբախտ են,
Ու խոսում են, թե ինչու կորցրին ամենաանմեղին.
Հետո փնտրում են ամենաճերմակ շուշանները
Ու չեն գտնում:
Էլ ինչպես վերադառնամ կորցրած հավատը ապրողից պաշտպանելու,
Երբ այն ավերված քաղաքում առաջվա պես մեռնողին պետք չէ:

Իմ հայր, ձեռքերդ հողի թեթևություն ունեն ծննդյան տոներին,
Ցրտերն ընկնում են, մի քիչ մատներով տնտղիր աչքերս...
Կանաչ-կարմիր է կապել թափորը և երազող է-
Չեմ ուզում երազ, երջանիկ զույգը հեռավոր սարից բերած տաք ձյուն է-
Ես չեմ դիմանա:
Իմ հայր, աչքերիս տաք ձյունից է մատներիդ կսկիծը:

...Եվ այնպես ընկավ խաչը, ինչպես ճերմակ շուշաններ են նվիրում սևեր հագած մորը:

Ես հասկացա, որ հերթական փողոցների, ամայացած բակերի,
Թափուր շենքերի անմխիթար արձագանքներից
Աստվածատուր ձայն է գեղեցկանում:
Ինչ դժվար է տեսնել, որ դու կողքիս ես:
Ես հիմա ձայներ եմ առնում կրակների վրա թեքված մարդկանց թիկունքում:
Այսպես պատահում է, երբ ամեն ինչ անհույս է թվում ինձ,
Եվ օտարության մեջ ուզում եմ միայնակ հեկեկալ:

«Գնչուի բախտ է ու բարձր երկինք,
Բարձր երկինք է ու գնչուի բախտ
»,-

Երգն այսպես են հորինում հեռավոր ճամփաներին
Եվ ինչ դժվար է տեսնել, որ դու կողքիս ես,
Իմ ընկեր:
Ու թվում է ապրեցինք շռայլելով:

Լացս այնքան մոտ է, որ չեմ կարողանում հիշել`
Երբ են կանայք եղել առանց սևերի ,
Եվ տղամարդիկ գինի խմել տոներին:
Ահա գեղեցկանում է իմ աստվածատուր ձայնը:
Այսպես է պատահում միայն նրա հետ,
Ով հասկանում է, որ քո միակն է,
Մա'հ: