Գագիկ Սարոյան
* * *
Մի տոմս եմ գնելու, որ գնամ
Դեպի սիրտը ուրիշի
(Ով ինձ չի էլ սպասում)...
Եվ գնալու եմ
Նավով, ավտոյով, գնացքով, ձիով, սահնակով,
Ոտքով, մտքով, երազով,
Գնալու եմ լորենու անտառով,
Կարմրախայտերի գետով,
Գինու հնձանով,
Հացի փռերի կողքով,
Մանկատների միջով,
Խրամատներով` երկնային և երկրային,
Ճահիճներով, որ բարևեմ կնյուն բառին,
Գնալու եմ ցանկապատի կողքով,
Ուր լոբուտն է ինձ մի օր օրհնած ծեր կնոջ,
Գնալու եմ կիրակի
Օրվա ծնունդի հանդեսներով,
Գնալու եմ հագած, մերկ,
Վիրավոր, թևերիս տակ սրոհունդի
Հենակներով, գնալու եմ մոռացված
Հասցեներով միայնակների,
Գնալու եմ Գյումրվա խարխուլ
Ավաններով, գնալու եմ խմած,
Սթափ, տխուր, մերժված, գնալու եմ
Կարդալով, գրելով, ոգելով, գնալու եմ
Հիացմունքի կաղիններ հավաքելով, գուցե պետք
Գա մեկին, գնալու եմ սպասածի աչքերով
Եվ դիմավորածի արցունքները սրբելով,
Գնալու եմ դեպի սիրտը ուրիշի,
Ով ինձ չի էլ սպասում,
Գնալու եմ, բայց փակ են տոմսարկղերը
Բոլոր, և հիմա ստիպված նստել եմ
Սպասման սենյակի կեղտոտ
Նստարանին և սպասում եմ, թե երբ է
Բացվելու տոմսարկղի կոր և անհոգի և ապակե դռնակը,
Որ մի տոմս առնեմ գնալու։
Հմայում
Մտամոլոր ամպ էր
Տեսա մտածում էր,
Թե որ դաշտին թափի
Ջրերը իր,
Նա նոր ամպ էր թեթև,
Սիրտը սև չէր բնավ,
Եվ փետուրներ ուներ զարմանալի,
Ասի՝ եղբա՛յր, արի
Էս գյուղակի վրա
Քո սիրտը բաց․
Տես՝ ի՜նչ լոբուտներ կան
Պապակ էս մարգերում,
Տես՝ ինչ կարտոֆիլ է
Խիզախաբար ծաղկում
Ծարավ ածուներում,
Տես՝ ի՜նչ սիրուհի է
Չթե ծաղկաշորով
Խռով-խռով գնում փոշոտ գյուղամիջով,
Ասի՝ եղբա՛յր, արի մի լավություն արա,
Տեղա նրա վրա եղբայրաբար,
Թող թրջվի մի լավ,
Գուցե և փոշմանի,
Ետ գա,
Վերադառնա,
Ետ դառնա տուն։
Կատարսիս
Կամ նույն բանաստեղծության երեք վիճակները
Լռության ոսկե թռչունը մի
Թղսահավք է` նստած
Կիրճերի վրա հոգու և տրտմության,
Երբ մի կողմնակալ գիշեր
Հավկիթներից ելնեն
Նվագները սրտի,
Կգան լսողները գյուղերից և քաղաքներից կգան երևի
Եվ աչքալուսանքի բառերը կերգեն։
Լռության ուռկաններում
Կթպրտան նրանց ոսկե բերանները,
Եվ սերը կանաչ խոտերի մեջ
Կխաղա մողեսի հետ,
Եվ դուրս կգան ջրերից ձկները խիզախ,
Որ մասնակցեն խմբերգին,
Նրանք կփակեն իրենց խռիկները
Եվ կերգեն և կշնչեն կարմիր թեփուկներով,
Եվ չի լինի օտար և ոչ մի ձայն,
Եվ համատարած հոգի կլինի
Եվ ներդաշնակ մի շնկշնկոց
Կլսվի լռության ոսկե կտուցից։
Կատարսիս /տարբերակ 2/
Եվ ես խոր քնի մեջ էի թռչունի՝
Անկողմնակալ մի լորենու ճյուղի վրա,
Նա ինձ դրել էր թևի տակ,
Գույնզգույն իր թևի տակ,
Ուր գլուխն էր իր զարմանալի և փումփուլե թագով
Հպվում իմ երազին,
Նա տանում էր ինձ իր տեսիլներով,
Ես նրա ճախրի սրահների մեջ էի,
Ուր երգ էր համատարած,
Ուր խմբերգ էր անվերջ՝ հանց սրբազան ողկույզ
Լորու ճյուղից առկախ։
Իմ երանելի՛,-ասում էի նրան,-
— Թույլ տուր իմ երգն էլ խառնեմ այս շողշողոցին,
Կամաց կերգեմ, զգույշ կերգեմ, ազնվորեն, համեստ
Եվ չեմ վնասի երկինքների հոգուն։
Կատարսիս /տարբերակ 3/
Մի լռության թռչուն լիներ,
Կտըցեր ինձ,
Աղմուկներից ինձ ազատեր,
Լեզուս կտրեր ,
Սրտիս ճեղքվախ փլատակին
Յոթ տոննանոց ռումբ նետեր,
Դատարկ հոգիս լցներ ջրով, ծանր ջրով,
Ջրհեղեղով ինձ խորտակեր,
Մի փոս փորեր, մի խորը հոր՝
Քառասուն գազ ու մի երկինք էլ ավելի։
Զնդաներ ինձ, վրաս դներ
Յոթը Արարատ ու մի բլուր,
Գարի ցաներ իմ վիհերին,
Դարավանդին ցաներ թռչուն,
Թռչունն աճեր ու զորանար
Ու մի անուշ շեր ծլվլար գարու արտում հոգու մասին,
Նա տաղիկեր, ես լսեի,
Նա պեծկլտար,
Ես ամոթից լաց լինեի։
Իմ կռահած, բայց չգրած երգի համար լուռ ողբայի։
Մի լռության թռչուն լիներ,
Ազնվորեն ինձ կտըցեր, իմ դառնության
Մութ խորքերից ինձ ուռկաներ,
Մի սիրո չափ իր ուռկանով
Դեռ մի հայրեն էլ ավելի։
Հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին
Էքսպրոմպտ
Ով դիրքը տա՝ նրա մերը…
Ասվել է արդեն:
Տեր, գիրկդ բաց, առ նվերը:
Տվել է արդեն
Եվ ձգել է նա օղակը,
Ձգել է արդեն:
Նրա ցավին ով է տեղյակ.
Հաղթել է արդեն:
Եվ նետել է նռնակը նա
Մահվան ոտի տակ:
Այս երկիրը դեռ կմնա
Նրա սրտում տաք:
Ով դիրքը տա՝ նրա մերը…
Ասվել է արդեն:
Հող, սիրտդ բաց, նա է տերը:
Եկել է արդեն:
Ականապատ դաշտը
Ականապատ դաշտեր` մահվան վիհեր,
Հոգին կանցնի հաստատ, մարմինը` չէ:
Գուցե հավատամ ես բախտին մի հեղ,
Թե մարմինը կանցնի՛, իսկ հոգին` հեչ:
Կանխազգալ երկինքը թռչունի պես,
Տե՛ր, ինչպես ցավը սրտից նետվող`
Այդպես էլ ահը թև չունի, տե՛ս,
Սոսկ սեղմում է հոգին` երկինք միտվող:
Կերպափոխել ցավը ու ահից վեր
Պատկերները զգալ հերոսական,
Ուր բեկվում է մահը, և խիղճն ավեր
Թաղվում է կրծքի տակ որպես ական:
Ո՞ւր է ընդվզումը` պայծառ ոգին,
Եթե հիշել նրան, ապա ցնծալ:
Երկինքներում լինել, նրա կողքին,
Արտասուքը սրբել հար ու դարձյալ:
Ականապատ դաշտեր` մահվան վիհեր,
Լարեր ձգված գիշերվա փակ կոպից:
Մի առավոտ հետո սուր սվիններ,
Մութ սվիններ կելնեն հոգու միջից,
Հոգու միջից կելնեն մարմինն ի վեր:
ՀՈՒՅՍԻ ԿԱՆԱՉ ԽԼՐՏՈՑԸ
Անվերջ քո մշուշի մե՞ջ լինել,
Թե՞ սպասել քո կանաչին.
Փղձուկ է հիշողությունը կրծքի,
Փղձուկ է ժամանակի լուսանկարը,
Դժգույն հանկարծապատկեր է մահը,
Հատում եմ կանաչ խլրտոցը,
Կվճարեմ արյամբ:
Եթե կուզես, կբարձրացնեմ ճախրդ,
Կդնեմ սրտիս զարկում,
Կհոտոտեմ ձայնածաղիկը հոգուդ տատրակի,
Կվճարեմ սիրով, եթե կուզես:
Ես հիշում եմ քո Աստծո կանաչ կեսօրը,
Նա, որ միայնակ էր և միամիտ,
Մի ցանկություն էր, որ ծփում էր գետի
տերևներին,
Որ թաց է քո եկեղեցու ջրվեժող պատերին,
Մի հանկարծապատկեր էր ուշացած սրբի,
Մի հույսի մոմականաչ խլրտոց էր,
Մի քիչ էլ այրվիր,
Մի շարական էլ ծաղկիր, հարազատս,
Կվճարեմ ապրելու տխրությամբ,
Եթե կուզես, կընդարձակեմ փոքրությունս
Ծաղկամեղքի,
Կշարունակեմ մոռացումը երազի
Եվ հիշողության աղը կպահեմ աչքերիս մեջ`
Անվերջ քո մշուշի մեջ,
Եվ մարմնազերծ կապրեմ,
Եթե կուզես,
Կհայտնվեմ որպես երգի հանկարծապատկեր,
Մի շարական էլ ծաղկիր, հարազատս,
Կվճարեմ լռությամբ, եթե կուզես:
***
Թռչնաթևերի տակ առավոտն էլ
Կլինի մաքուր թռիչքի մեջ,
Ինչպես երգից հուզված
վարդի պատրանք:
Ի¯նչ լավ ես ծաղկում,
Ասես վրդովված ես,
Ասես սիրածդ հոտոտելու է քեզ:
Կլինե՞ս մաքուր,
Թե՞ որոնեմ քեզ,
Կմնա՞ս մոտիկ լեռնալանջերին,
Կձուլե՞ն ոսկիդ պնակիտներում
թռչնաձագերի,
Կսպառե՞ս հոգսը,
Թե՞ նորը կտաս,
Թե՞ տանիքներից սառցալուլաներ
Կձգես ներքև կիսամոռացման£
Ի¯նչ լավ ես ծաղկում,
Կանցնեմ քո կողքով,
Եվ քո մշտակա հոգին կշոյեմ
ճախրալիքներով,
Թևատակերս լիքը կլինեն սիրո բառերով,
Թևատակերս լիքը կլինեն երգաձագերով:
Ի¯նչ լավ ես ծաղկում...ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱԳԱԿորուսյալ անվերջի մեջ
Անցյալն իր հիշողության քարը ունի,
Ես զգույշ տեղավորվում եմ նշանների մեջ.
Գնա՜ և տե՜ս,
Թե ինչպես է քարաքոսը լեռներում
Փարվել ժայռապատկերներին:
Կորուսյալ անվերջի մեջ
Ներկան պսպղում է,
Որ ցողն իջնի արևածագ ճառագայթին
Ու բարձրանա վեր,
Գնա՜ և տե՜ս,
Թե ինչպես է զատիկը հոտոտում քարաքոսը
Եվ զգույշ նշանները կարդում տեղավորյալ սրտից,
Եվ քնքուշ է հոտոտումը Արևի Աստծո,
Եվ քնքուշ է տարալուծումը ցողի ոլորտի մեջ.
Գուցե դա ամուսնական ծեսն է նրանց.
Գնա՜ և տե՜ս,
Տե՜ս ցողը ճառագայթի,
Եվ իմ սիրտը նշանների մեջ
Մի զգույշ անկողին է զատիկի թևեր վրա,
Կորուսյալ անվերջի մեջ
Ապագան է քարը,
Ապագան է ապագան տաճարների,
Եվ նրա պուտիկավոր թևիկներին
Ճախրանքն է նշանների:
Գնա՜ և տե՜ս,
Նա կարդում է բույրը,
Տե՜ս, կարդում է սիրտը,
Տե՜ս, կարդում է դիցաբանական ապագան…
Ահեղ մարտեր են լինելու.
Ահեղ մարտեր են լինելու անցյալի համար,
Մարդիկ որոնելու են տեքստերը
Վաղուց չարտասանված,
Որոնելու են
Կարոտի ավազի մեջ կորած լույսի արմատներում,
Որոնելու են
Քամու թափառական խոտերի մեջ,
Եվ ժամանակը
Ծիկրակելու է երկար գիշերվա
Մաքուր պատուհաններից,
Ասեղնագործ վարագույրը շրշելու է աստղը ցուցիչ:
Թողնելու է ափ նետված այլասիրության բեկորներում.
Ահեղ մարտեր են լինելու…
Ա՛խ, պիտի չասվի, ինչ որ ես տեսա,
Ա՛խ, չի դիմանա սիրտը թռչունի,
Ա՛խ, եթե ընկնի՝ չասե՞մ արտ է սա,
Երաշտից զոհվեց ու տապան չունի,
Որ տապան չունի, ու մերկ է հոգին,
Որ կապանքներից ազատ է ընդմիշտ,
Որ ահեղ ժամին կանգնի իմ կողքին,
Ու ասի բառեր սիրո ու վշտի: