1988 թ Գյումրիի երկրաշարժին նվիրված Լևոն Անդրեասյանի հեղինակային երգը լսեցեք այստեղ:
Երկրաշարժ 1988-ի
Խոսք և երաժշտություն` Լևոն Անդրեասյանի
Ինչ է կատարվում իմ սուրբ օջախում`
Փլատակներ են ու անթիվ զոհեր...
Փոշու, խավարի, սալերի միջից`
Մարդկային ճիչեր ու հառաչանքներ...
Ցավն է մահասփյուռ Հայրենիս պատել,
Լաց ու արցունք է, ողբ ու տառապանք,
Մի տեղ սգում են կորուստն իրենց մոր,
Այլ տեղ` զավակի, քրոջ, եղբոր կամ հոր...
Դե արի, ո’վ մարդ, մի խելագարվիր
Անզորության մեջ` հանդեպ տարերքի,
Բայց ո’չ, վշտի մեջ պետք է դիմանալ,
Ազգովի կանգնել, քար բռունցք դառնալ:
Ճիշտ է, ցնցվելով սև գույժն իմացանք,
Լաց եղանք հոնգուր, կամ լուռ տանջվեցինք,
Սաստիկ դաղվեցինք առաջին պահին,
Հետո լուռ անցանք փրկության գործին:
Դժվար է հաշտվել անմեղ մանչերի,
Մեր ջահելների կորստի, խեղման հետ:
Ծա~նր է, ո’վ մարդիկ, տեսնել հոգեցունց
Պատկերներ այդքան չար, դժոխամետ:
Հարազատները` գտնելով դիակ,
Մխիթարվում էին, օ~հ, կյանք տարօրինակ,
Հոգում արցունք-ծով` անարցունք թաղում,
Վերադառնալով` հաջորդին փնտրում:
Դեպքեր կար` նաև դիակ չգտան,
Ախր որն ասեմ, մեծ է ողբը տան,
Հոգիները ջինջ անմեղ զոհերի
Թող լուսավորվեն, Աստված ողորմի:
Հայոց մեծ սրտի վրա սպիավոր
Ավելացավ էլի մի վերք թարմ ու խոր,
Բայց դու դիմացիր, ազգ իմ դարավոր,
Ապրիր հավիտյան, հավատով, հույսով:
Լավ է, Տեր Աստված, Մեծամորն այս տան
Չպայթեց պահին տարերքի դաժան,
Թե չէ չէր լինի փոքրիկ Հայաստան,
Աշխարհն էլ անզոր կլիներ այնժամ:
Լավ է, չպատահեց..., ու մենք տարերքի
Հարվածից հետո մենակ չմնացինք,
Աշխարհը ցնցվեց, խիղճ ու գութ ժայթքեց,
Իր սիրտն ու հոգին նա մեզ նվիրեց:
Սրտաբուխ, անկեղծ օգնության համար,
Ցավակցող սրտի, արցունքի համար
Բոլոր-բոլորին` սրտից ելած մեր
Շնորհակալություն և հարգանք ու սեր:
Եվ թող մենք ձեր հողում լինենք հյուր միշտ
Սրտանց կիսելու խնդություն, ո’չ վիշտ,
Ու թող չկրկնվի ոչ մի տեղ էլի
Դժբախտությունն այս, ցավն անտանելի:
Բոլորիս համար սա թող փորձ լինի,
Արթնացնի թող մեզ, հոգին մեր մաքրի,
Հասկացնի, հուշի, որ ամեն մի սխալ
Հետո կարող է կյանքեր արժենալ:
Չմտածենք միշտ միայն այսօրվա
Լավ կյանքի մասին նեղ շրջապատի,
Ապագան պետք է ունենա ամուր
Հիմք ու հենարան, սերունդներ մաքուր:
Իսկ այսօր դու դիմացի’ր, ժողովու’րդ,
Համբերիր, տոկա, վերքդ շուտ սպիանա,
Անելիքներ ունես դու դեռ շատ մեծ
Ու գործեր դժվար, գործեր սրբազան:
Պիտի ելնես դու ավերակներից,
Հավատով, հույսով, աղոթքով, սիրով,
Պիտի ապաշխարելով արարես,
Քանդված Հայքը մեր` շեն ու շող դարձնես…