Ողջույն, Հյուր

 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ռոզա Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1961թ ապրիլի 2-ին:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատում է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող:

"Եղեգան  փող" թերթի  խմբագիրն է, բանաստեղծական  4 ժողովածուների հեղինակ:
Թարգմանվել է իտալերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն…
http://poemsbyrosahovhannisyan.blogspot.com/?spref=fb

 

Լուսինը
 

Լուսինը, որ բարձրացնում է
կնոջ վիճակը,
սիրելի երազի շորթումն է:
Մեղկանալու տոնի մեջ լվացվող
անվերջ հանգումները,
անվերջ առկայծումները,
բաժանումը,
այլընտրանքը,
սայթաքումը,
խուռներամ տրվելը միայնակին,
անկանոն շարժման ուղեծիրը,
հակադրման ոգին սիրո, տենդի,  կանչի,
մեզ շապիկ նվիրողի շնչառությունը,
ընկերային  վախերը գաղտնածեսի,
հորինումի մյուս երեսը`
սիրո սիզիֆությունը,
զզվելի անառիկությունը,
մի հոգի շոյելի ունենալու համար
հոգիներ շոյելը...
Ինչքա¯ն բան է մեզնից բարձրանում`
լուսի¯նը,
          լուսի¯նը`
                կնոջ վիճակ...
 
Կյա՞նքս փոխեմ,
թե՞ կոշիկներս,
երբ հնարավորությունս միայն
կոշկաքուղ փոխողի է...
 
Գուցե ամեն ինչ պետք է
նորից սկսել`
հրաշալի զրոյից,
մի ուրիշ տեղ
կանգնեցնել թոշնումը,
սարսուռի բույրաչափը,
դողը մանրամասնել
հուշի պայթյունով,
դուրս գալ անձրև մուրալու,
դուրս գալ կերպարանելու
շշնջյուն ճախրը,
մի ուրիշ տեղ`
ապագայի կուլիսներում,
մինչև վերջին թելը
հանդիպել
տևել,
բողբոջել
սերը,
բողբոջել սիրուն,
էլի ինչ-որ բան,
որի անվանումը ոտաբոբիկ է,
որի անվանումը
արթնացնում է
մերկությունը`
նույնը լռելու...

Ինչ նորություն ինծմե
Ես իմ տատիկն եմ
երբեմն կը պզտիկնամ,
երբեմն կը մեծնամ
և իմ թևը կընկնիմ
հեքիաթի թանգարան
կամ ինտերնետ ակումբ այցելելիս:
Այսօրվա պես պայծառ
ես իմ տատիկն եմ`
անտեղյակ բանեն-մանեն`
քաղաքական օրհասեն,
հարդարանքի ծեսեն,
քըսքըս մորքուրներեն հեռու,
մշուշոտ բիձեքու հերն անիծած:
Ու երգս` պարզ ու մորեմերկ,
քիչ մը ասանկ, քիչ մը անանկ
ամեն տեղ պիտի ըսեմ`
մի' քրքրեք շապիկս.
ես իմ տատիկն եմ,
ցանկության մեջ անհնազանդ,
տարերքի կառքով ճամփորդող,
պագն անուշ տատիկը:
 
Հեքիաթ- հեքիաթ տատս
Թոշնո՞ւմդ ես դարձրել
ձեռնափայտ,
թե՞ ձեռնափայտդ է
դարձրել քեզ տատիկ,
չեմ ջոկում.
էս ում հանաքն ես.
չմաշվող դրախտի էիր նման,
ճտճտացող
անքուն հատիկի,
իմ ադիբուդի՛ տատ.
հաստուբարակ էիր մանում,
ձեռդ ընկածը,
սրտեր ծփում
մի պտղունց խռովք հալիդ,
հիմա
"Վա¯յ գնա` կիգամ, շուտ կիգամ"
երգդ
ուրիշ հասցեագրում ունի.
նախշուն թամբից ընկած
օրերիդ հետ
խառումառ ես խոսում,
ասում ես`
էս արևն ընձի կը խելըռցնե.
կանաչի հետ քաղված,
մաղի հետ մաղված`
չես ջոկում սև հավի
կարմիր կատարը,
բայց էլի վկայում ես դրանով,
մեկ-մեկ էլ
թոռներիդ ես կուտ տալիս,
որ այսպիսի երգեր
չգրեն...


 

Մթնշաղի աճյունասափոր
Ինձ ծվատիր ինձ ու քեզ -
                         թաղեմ քեզ,
սատանայի հացը քեզ -
                         թաղեմ քեզ,
այսօր շուտ եմ ճանաչել
        քո աղմուկը օրվա մեջ,
ես մեռնում եմ հանուն քեզ -
                         թաղեմ քեզ...
 
  ***
Պռունկի տեղ չես թողնում,
ես` քո կատվի դրախտը.
ճո՞ճքըն է մեծ, թե՞ գաղթը,
պռունկի տեղ չես թողնում:
 
Նռան աղջիկը կգա,
որ բոցոտի քո թախտը,
պռունկի տեղ չես թողնում
ես`  քո կատվի դրա՞խտը...

 

****

Վաղուց անտի ես ուզում էի Ձեզ զվարճացնել,

Ձեր ականջին շշնջալ ինչ որ է:

Ահա ես եկել եմ

Ահա մոտեցել եմ,

Ահա ես:

Դե ինչ, չարժե վազել հաղթողների ետևից

Եւ ժամանակը շարունակել առանց ինձ,

Հանգամանքները կարող են նորից ընտրել

Ձեր միջից

Լավագույն հեռացողին:

Իմ առողջ ու լիաձայն ներկայությամբ,

Ծաղկի իմ նվիրական ներկայությամբ

Դուք դեռ երեխա եք:

Ես ձեզ կտանեմ հայտնության չքնաղ գորգերով,

Փխրուն ու վերձիգ

Կհանեմ գարունների ու ոչ գարունների միջից

Եւ կզորացնեմ հուշի ու հողի անընդհատությամբ՝

Ապագա ունենալով:

Բայց չմոռանանք, որ մեր մայրերի ստինքները

Դեռ ղողանջելու են հնարավոր հրաշքներից,

Որ այնպես լավ է սովորական առավոտներ

Տեսածի համար:

 

Այն ո~վ է վերադարձել մեծ գաղափարներից,

Եւ անշրթունք համբույրի պես

Որբ է իջնում իմ թեւերին:

Այն ո~վ է հավերժական «ինչ անելու» կողքին

Իզուրության ներկապնակ թողնում,

Բարձրացրու, ներշնչիր մինչեւ տուն

Զարդանկար ավարտելու,

Միանգամայն հիշատակաց ձայնով՝

Ընդելուզված անցյալի մեջ:

Այն ո~վ է հովանավոր առավոտի միջով

Տանում քրքիջս՝ խանդավառ ու բոկոտն՝

Արտասանված մի կյանքով...

 

 ԱՆՁՐԵՎԻՆ

 Ես դեռ կգամ, կանցնեմ քո միջով,

Դեմքս կհպեմ կաթիլներիդ մաշկին

Եւ սաղմոսի բառեր կասեմ քեզ:

Եւ ամեն օր քո հեռացող ջրերից

Թրթիռներ կփրկեմ,

Որ սպիներս զարդարեմ

Հայելու մեջ:

Ես ամեն օր կկարդամ անունդ,

Որ ապրեմ մինչեւ վերջ:

Իմ մենության ցանկապատը կծաղկի,

Երբ դու հասնես ինձ

ՈՒ ավելի ինձ գտնելու համար

Անցյալիս հասնես:

Արի հացի դեմքով,

Որ երկիր կոչեմ քեզ,

Երբ ուրիշ անուն տամ,

Ավելի շուտ կձուլվեմ քո էությանը:

 

Անձրե՛ւ,

Մնա հավերժի շրջանակ,

Որ անցյալի ազդրերից

Բարձրացող ծաղիկը

Դառնա հրաշք-երեխա:

 

 

****

Ցավն իբրև հաց ողջունիր,

Թեւիս տակ հենակներ չթաղես,

Ոչ մեկին մենություն չթողնես,

Ցավն իբրև հաց ողջունիր:

 

Կողմնացույց կդառնամ ափիդ մեջ,

Նավապե՛տ, այդքան շուտ մի՛ տխրիր,

Ցավն իբրև հաց ողջունիր,

Թեւիս տակ հենակներ չթաղես:

---

Տեսա աղդ`
արևը
ծովի մեջ հաղթահարող,
տափակ հիշվող կուրծքդ`
քամիների իշխանության դեմ,
եթե դու ես,
հմայքի այբուբենը
քեզ է գրում ջրերին կամակոր.
հաղթահարիր սև ջրերը,
մեռյալ, անասելի կարմիր ծովերը,
ելման գետերը`
ահազանգերով բարձրացող:
Եթե դու ես
անզեն ու ապահով ուռկանով`
ալիքներից քրքրված առաջ,
հոսիր իմ ներսում,
որ ափիդ մեջ լինի տրվելս,
քո խայտանքից արթնանա իմ ուզելը,
իմ հարությունը` լինել քեզ այսքան մոտիկ,
այսքան փրփրուն,
իմ սրտով սիրած
տառեխ…

 

Տարաշխարհիկ

Դու եկար
բաժակ չխկացնելու սրտիս:
Աննման է դեղձանիկիս փոթորիկը
Գիշերային ձևերի բաց թափքում,
բաց տրոփյունների արձագանքը
մեր մարմինների զառիվերն է պատարագում:
Կուրծքս լի է հրաշալի անտունիով:
Վիհատակերը դողից դուրս են
հայրենիք վերադառնալիս:
Ձրի պարոնի և վերին աստիճանի
օրիորդի ճամպրուկը
լիքն է քո մասին պտտվող լուրերով,
ջիպի սիրահար կուռքիկը
փախցնում է նմանությունդ
ճերմակի արվարձանից:
Հոսընթացդ հոն է:

Իսպանիան չքնաղ է անկողնում,
Իսպանիան հանվում է փորձառու և կպչուն,
Իսպանիան մատնաշունչ է կրքի,
աղվամազի ոզնիացում,
շնչահեղձը հատուկի և հասարակի,
անզուրկի և տնանկի:

Իսպանիան անսեռ է համբուրում:

Կրակե սերմերի անհույս գնդահոլը
կանգնեցրու իմ մեջ:
Բոլոր ձիերից բարձր մի տղամարդ
և Իսպանիան` մինի անձրև հագած,
թիկունքում մի ներս չունի,
որ արձագանքն ունենա դրսի,
Իսպանիան՝ ստինքները թափառ,
որի շփոթը երեխով է,
իսկ անձրևը հոսեցնում է դիմագծերդ
այստեղ և այլուր…

---

Ռոզա Հովհաննիսյան ԻՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ

Ռոզա Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
Ալեքսանդրապոլի երևելի դեմքը՝ գրական կերպարի նախատիպ (Ավետիս Ղարիբյանը՝ Հ. Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպում)

Բուն նյութը՝ pdf ձևաչափով