ՀԱԲԵԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ծնվել է 1963 մայիսի 16ին: Ավարտել է Լենինականի Սունդուկյանի անվ. 20 միջնակարգ դպրոցը և պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1987-ից բանաստեղծական շարքեր է տպագրել հանրապետական գրական մամուլում: 2007թ հրատարակել է «Տյառնընդառաջ» բանաստեղծությունների ժողովածուն:
Դ Ր Ա Մ Ա Փ Ո Խ
Տաճարը, որ կառուցված էր «Անունով Հոր» ,
Տաճարը, որ ինքս մաքրեցի մի օր ու ազատեցի
դրոշմներից մեղսագործության, բույրերից եղկության,
ստի բծերից
ու հետքերից ստորի...,
Տաճարն, ուր հրաշքներս գործեցի ի տես ու ի հավատ,
Տաճարը, որ նրբազգաց ու ընտիր քիմքերով էր կանգուն.
ինքս պղծեցի մի օր.
խոյակների ու բարձրագնա կամարների տակ տալուառնելով,
ապրանքս սրահներում բարձրաձայն գովելով,
բագինների ու զոհասեղանի առաջ սակարկելով,
սրբապատկերից շրջված գրպանելով,
կերոնների ներքո շահս հաշվելով,
դռան առաջ թալանելով
ու անկյուններում դիզելով,
բացահայտ կուտակելով ու
ծածուկ հրճվելով.
կրկնեցի այն,
ինչից խորշել էի ու ինչը հալածել...
Եվ ժամանակին վերագրելով անկումս,
և սղությանն ու նեղությանը վկայակոչելով,
և կործանման անտեսանելի ճահիճը մատնանշելով,
և չարքաշության լծից սարսափած,
և կուտակելու տենչով բռնկված,
ուղղորդված ու քաջալերված նախանձով
արդարացրեցի ինձ,
կոկեցի, ողորկեցի անկյունները բոլոր, հարթեցի եզրերը.
ինքս ինձ հետ հաշտեցրի,
դատարկեցի ինքս ինձ, ամայացրի տեղս,
շիջեցի, խաղաղվեցի ու ամայացա...
Եվ ամեն ինչ պարզ, հասկանալի ու ընդունելի դարձավ,
դարձավ ճշգրիտ ինչպես հաշիվ ու հաշվարկ,
խոհեմ ու շրջահայաց, ինչպես կարիքը,
դիպուկ ինչպես անշիկնել սուտը,
որ շահ է ակնկալում ու բարօրություն հետին...
Ու օրըստօրե խեղճն ու նվաստն ուրանալով,
դառն ու չարքաշը մոռանալով,
խեղդելով կարեկցանքը,
ողորմությունը զանց առնելով,
արժեվորելով ձայնս,
հատու շինելով քայլքս,
դիմագծերս ազնվացնելով
հասա այս խաղաղությանը.
կույրի, խուլի, անզգամի անդորրին տիրացա,
վեհի, անհասի ու խնկարկելիի դիրքին բարձրացա.
իջա...
իջա...
իջա...
* * *
Ով որ տրվում է, նրան վերցրու,
ինչ փույթ թե քիչ էլ տգեղ է ու սև,
հոգսն աչքերիցս կրակ է ցրում.
ձիու մազից են իմ բախտը հյուսել:
Հոգսն աչքերիցս կրակն է ցրում,
և ծեր եմ արդեն, հազար տարեկան,
ով որ տրվում է զգույշ վերցրու.
անցյալը տրվեց, կտրվի ներկան:
Կտրվի ներկան ու կին կդառնա,
նրա պես, որ լուռ խառնվեց ամբոխին-
երեկ լքվածի վշտով դառնացա,
այսօր լքվածն ինձ քաշեց անկողին:
Աստղ էի տեսել. թեքեցի ճամփաս.
վիթխարի աստղ էր ծնունդ ավետող,
բայց քար կտրեցին մոգերը խաբված.
ոչ Աստված, ոչ էլ հավատ ավերող:
Երեկ քո խոսքը կապույտ էր ու չիթ,
երեկ մետաքս էր վառվռում մթնում,
այսօրվան մնաց թաղիք ու խսիր.
ինչն ու ինչպեսը խելքս չի կտրում:
Հեշտ է երբ ցավից հեգնանք ես թողնում,
որ բոլորի հետ խնդաս քո վրա,
հեշտ է երբ անհոգ ձգված անկողնում
ձևերն ես զննում սրա ու նրա:
Ինձ խեթ մի նայեք. ես լուրջ չեմ այսօր,
այսօր խաթարվեց չափածո հոգիս.
կուզեք մոտենամ դասական, վալսով,
կուզեք գալարվեմ հույզերի շոկից:
Հիմա ձեռքերս պարզեմ ու անվերջ
խամաճիկների թատրոնը խաղամ,
իսկ խրտվիլակը հեծեծող իմ մեջ
վաղն առավոտյան կելնի կախաղան:
Ինչը շպրտվեց հպարտ վերցրու,
ցույց տուր, թե իրոք պատրանքը տեսար,
սուտն ասպարեզից կյանքեր է ցրում.
«Իջիր, բարեկամ, կանգառդ հասար...»
«Էլի, Էլի լա՞մա սաբաքթան»
Հպարտ ու բարի վերադարձ քեզ,
ձախողված առաքյալ…
Վերջն է սա,
ավարտն է կամ շարունակությունը խոստացյալ խրախճանքի:
Որովհետև այնտեղ, ուր կենսախնդության մեջ շարունակ մեռնում էիր դու,
այնտեղ, ուր խաղաղությունդ էր անթեղված կայտառ ու կենդանի,
այնտեղ ուր քեզանից առասպելներ էին ցայտում,
և աջ ու ձախ խաղարկվելով վատնվում էին հիշատակներդ`
այնտեղ` քո ողջ նախորդածին անհարիր -
մոտալուտ մահվան աղիողորմ աղերսներն են հարատևելու հիմա.
դրոշմված ավազներին,
ու կակուղ սրտերի վրա փորագիր…
Այն ինչը դու էիր ասելու,
և ընդամենը այն, ինչը ասված է -
թե դուրս էիր բերել աղիքներիդ ծալքերից, և թե
որովայնիցդ էր դուրս պրծել,
թե խիղճդ մաքուր էր անընդմեջ
ու հեծեծանքներիդ հետ հաշտ,
չի հարատևելու
ժառանգվող մթնոլորտների մեջ ցաքուցիր:
Եվ միայն մահդ է մնալու -
իբրև մեծագույն հրաշք -
քեզ ու քո հավիտենությանն արժանի…
Ի խաչ - հազարավորները քեզ նման և ոչ թե դու -
ավազակների մեջ` ավազակ
ու սրբերից զատ սուրբ ոգեկոչվելն
ինքնությանը տեղ չի թողնում:
- Մի՛ հավատացեք, թե այսօրևեթ արքայություն եք ընկնելու.
այս խոսքերս էլ են նենգափոխվելու .
նրանց նորացվող իմստներին մի՛ անսաք.
իմ հայրն ինձ չի փրկելու` ես էի ընտրյալ զոհը նրա.
նրա նվիրումն էի,
նրա համար.
մի կանչով,
ի ցույց,
ասել է ի սեր,-
մի հրապույրով դեպի
վերջին սահմանը կատարելության.
ուր այլևս անկարելի է առավելը երևակայելը,
վերացարկվելն ու հրաշագործելն անհնար է.
անիմաստ է փրկությունը.
իմ հայրն ինձ չի փրկելու և ինքս անկարող եմ փրկել ձեզ -
ինձ հետ, իմ կողքին տառապողներս,
Ու ես հիմա լոկ ճգնում եմ վերջին աղաղակս դուրս կորզել`
մեռնելու համար այնպես,
ինչպես որ գրված է…
մեռնելու այնպես,
ինչպես որ գրված է
արունլվա ու անարգված
ճակատիս…
Հ Ո Լ Ո Վ Ու Յ Թ
Վարդուհուն - Աչիկին
Աչքերս, աչքերս -
ծանոթ է նրանց ծնունդը սիրո ուրվականի.
ոչնչից մարմին առնելը դրա,
իբրև ծխի քուլա բարձրանալ բոլորվելը,
շղարշվելն անմարմին...
Որբ ճանապարհներից այդպես կորուսյալ
փոշին է բարձրանում.
վեր - վեր,
և դու,
որ պատրաստ ես հոգով,
աչքերով արդեն ի զորու զանազանելու հրաշքը,
սրտով արի` պահպանելու միակ անթառամ վարդը սիրո -
դու հրճվում ես
ճակատագիրն իբրև դրկից ու մերձավոր ճանաչելուդ համար,
սերն իբրև պարգև ընդունելուդ
ու սեփական մահիդ իբրև սև ու հյութեղ հացի պատառ
կարոտելուդ համար:
Որբացած փոշին` որբացած ճանապարհի.
միայնակ ու ինքնագլուխ փոշին` փոքրիկ թափառականը.
մայր չկա այլևս, մայր չկա այլևս մանկան համար.
և սիրո վարդերից միայն վերջինն է մնում ապրելու,
որ հավատանք այդ կենսատու ուժին.
սիրո, արևի, անմահության կապույտ աչքերի մեջ նայենք,
այսինքն այն ուժին հավատանք,
որ առկա է բաց դաշտում
և փոշեպատ ավերակների վրա,
և բոլոր բացակա հոգիների փոխարեն:
Բացակա կամքի փոխարեն ինքը` ճակատագիրն է
արձագանքելու բաց դաշտում -
այն ահեղ դատաստանի օրը,
երբ ընկածին բարձրացնելու է սերը,
թառամողին հույսն է պահպանելու,
ու մանկանը տեր է կանգնելու հոգին...
Որբ ճանապարհներից աննկատ հեռանում է
որբության փոշին,
դատապարտվածն հաշտվում, հանդարտվում է,
խայտառակվածն` հանդուրժում,
մենակյացն արտասվում է մեկուսի,
Աստված դեպի աշխարհն է շրջվում ևս մեկ անգամ...
ու ամեն ոք ճանաչում է կյանքն իբրև
բանիմաց հարևանը ճակատագրի -
այսինքն`
խաղաղ հանգչում են ծերունիները,
սիրահարները ձգում, ձգում են հրաժեշտը,
չթառամող վարդը շարունակում է հույսեր բուրել,
իսկ նա, ով մահն էր նախընտրում`
ձեռքն է առնում գրիչը...
Սև հացի հյութեղ պատառի նման,
պեծպեծուն գինու ումպի,
սիրուհու շուրթերի նման
և աստվածային բարբառի պես ախորժելի -
հոլովվում,
հոլովվում է
օրն արևի...
ԿՈւՅՍ - ԺԱՄԱՆԱԿ
Քանի անգամ եմ փորձել մոտենալ քեզ.
քեզ ունենալու, քոնը լինելու,
քո մեջ
մենավոր գիշերս կիսելու, և մեկ անելու նորից:
Քանի անգամ սիրաշահելով`
թավշե խոսքերս իբրև աղավնի ու որսանգղ
մտերմության երկինքներն առաքելով,
գինի, գլխապտույտ սեթևեթանք,-
և քանի անգամ բռնությամբ...
Մատներդ եմ շոյել, համբուրել`
հատիկ-հատիկ համբույրներով բարձրացել - թևերդ ի վեր,
ուսերիդ վրա ու պարանոցիդ
շարել դրոշմները պիրկ համբույրներիս,
շուրթերովս հասել աչքերիդ,
դիպել բլթակներին ականջներիդ, ներշնչել գոլն ու ջերմությունը կրքիս, -
գրկել,
գրկել կոպիտ ու վայրենի, մեջքդ ճկելով,
մեջքդ փշրելով,-
ինչպես ակամա ժուժկալ,
համբույր չիմացող հրեշ. շուրթերիցդ արյուն հանելով,
մազմզոտ կզակս քնքույշ մաշկիդ քսելով:
Ավազակախմբի նման սրարշավ
դեպի ստորոտներդ եմ սուրացել բարեբեր,
հասել կրծքիդ
ու իբրև հաղթական տոնախմբության գագաթ -
դրասանգներն համբույրներիս կախել ստինքներիդ շուրջ:
Զիստերդ ու կոնքերդ եմ ճանկել ինչպես
սովյալը հաց, աղետյալը փրկության ծեղ, արարիչը` կավ,-
սեր ու գութ նախ մարմնիդ վրա, ապա և հոգումդ աճեցնելու հույսով...
Իսկ երբ չի ջերմացել գետինը, չի կայացել փթթումն համատարած,
ճառագայթ ու ջանք մնացել են ցրտի մեջ ու անպատասխան,
անամոթ ու լիրբ լացել - ոռնացել եմ,-
վերջին միջոցն աղետաբեր խորշակներից փոխ առած...
Ժամանակ` աննվաճ կույս,
կրքիս վարարմունքին մեկ անգամ չէ, որ քեզ
կին եմ համարել -
դիմադրելդ լոկ խաղ,
ու հանձնվելդ անխուսափելի կարծելով,-
ու մնացել ցրտի մեջ` անապաստան -
ուռած ռունգներով, ցիրուցան մարմնով,
շաղված տեսողությամբ, արնակալած աչքերով կիսախուփ:
Լույսն ու առավոտն հայհոյելով
ճանապարհ եմ գցել քեզ,
և հասկացել ի վերջո,
որ չպիտի մնամ քո մեջ,
երբ սերդ ծփա ափեափ, երբ սերդ գտնի անարժանին:
Օ ինձ հայտնի է իմ բաժինն այսուհետ`
սև ու գեշ մղձավանջ իբրև,
իբրև չար գուշակության ի կատար,-
խենթ, անհարիր, հիմարության չափ անկարող -
քմծիծաղ քթանցքներից թռած,
բայց և մնայուն ու կսկծալի,
թե մինչև այժմ կույս էիր, ժամանակ:
Փ Ո Շ Ե Գ Ա Լ Ու Ս Տ
Գյումրեցի պոետներին
Հեռուն, հեռուն -
ուր թառամող հիշողությունն հեռավորի
պահ է տրված էջերի մեջ զվարթության,
խրախճանքի ցոփ շիթերին
ու ցայտերին զեղումների,
ուր մերձեցման խորհուրդն անհագ`
միշտ անհնար կենակցությամբ հոգիների,
կծկվում է միայնության մեջ ջղաձիգ...
Հեռուն, հեռուն`
առեղծվածով մշուշապատ, անմեկնելի, անբռնելի,
անիրական դիպվածի պես մտացածին,
խորքից հասնող շշուկների խաղարկնության մեջ թաք կեցած
շռայլումով փառաբանման
և բանսարկու խաղաղությամբ -
հեռուն,
հեռուն - կրծքերի տակ ինքնաձաղկող հեծեծանքով
թափառական ու շրջմոլիկ մեր սրտերի...
Հեռուն, հեռուն -
հեռավորին միտված կապույտ աղոթքի պես,
մոռացումի գունեղ խանդով,
փարող, հայող ինքնուրացմամբ միշտ ծնրադիր -
էջերի դեմ ճերմակ ու շիլ, անարձագանք,
համր, անարյուն, անկյանք տևող,
հառաչանքի պատկերներով մանրանկար,
գունազարդված խեղ հույսերով,
պակասավոր երանգներով անմիջական մտերմության,
կեղծ, թավալվող գանգատների զգոնությամբ աշխարհ բերվող
փարթամությունն աղերսների:
Հեռուն, հեռուն`
մեղմ, մեղավոր, հալածական,
անտուն, անդարձ վտարանդի,
զմայլանքի պահերի մեջ երևացած
և հայացքում հեռավորի
դրոշմ իբրև,
խարան իբրև,
իբրև անեծք հավերժացող
հեռվում, հեռվում -
սրտերի մեջ...
Ժամանակի աճյուն փոշուց,
տոթ շնչերից ժխորների
ու շնչարգել մերժումների գարշահոտից -
դեպի օրը գաղջ ճահճացող,
դեպի երկինքը կնճռոտ
և արդեն խորթ հողը դեպի...
Ձիգ ժամերի ծուլությանը ընկերակից,
ու անհեթեթ փայլերի հետ նետված դեմքիս
վերադարձի կույր փաղաքշանքը ծանակող`
փոշին, փոշին
հեռացումի...
Ֆ Ո Ր Տ Ու Ն Ա
Անշարժ է բառը,
զգեստափոխվող տարին է միայն նշմարվում օրվա բոլոր ժամերին,-
իսկ ճանապարհը պորտն է խաղացնում
երազանքների տիրակալի դեմ.
ոլորվող աչքեր
որ ընտրյալների կամքով են լցնում տարածությունը
- Երբ ես որոշեմ տեղն ու չափերը ավարառության,
երբ ես արշավեմ՝
նստակյաց խանդը ձեր հոգիների
դրության տեր է իրեն զգալու…
Կարեկցանք խաղաց
օրապակասի ծնունդն ընդունող պառավի դեմքին.
«Եթե արու է՝ թագի հետամուտ,
թող կոչվի «Կիզող Կեսօրվա Զավակ»,
և թող երկինքը աղավնիների ուլունքաշարով
մերկանա իր դեմ»…
Երբ քամիները անտերությունս սգան,
կամ ձյուն ու անձրև հովանի դառնան ինձ,
կամ առավոտը արևելքի սյուքով գլուխս շոյի -
մոր ափի նման՝
արթնացնի ինձ,–
երբ հողը փափուկ, երբ հողը կոպիտ
լուսադեմին կողերս տաքացնի վերջապես,
ես՝
ձեր բոլոր չափանիշներով անտերության կամ անառակության մատնվածս
կասեմ
- Այսօրն ազատ ապրեցի,
չեղա չափի մեջ,
փոշե շապկի մեջ չեղա օրինապահության,
չեղա մաքրակենցաղ կանոնագրքի էջերին,
աչքերս շուռումուռ չտվեցի անկյուններում փոշի ու ծեղ գտնելու
անուրախ հույսով,
չբեռնեցի ուղեղս հարմարավետության, կոկիկության մասին
տրամախոսելով
Կուչ եկա -
բնական, ընկերքային, հարազատ միջավայրում իմ.
և եղա,
եղա սաղմը կամ պտուղը,
եղա ապրողը
հանուն վեհագույն նպատակի՝ կյանքի,
այսինքն՝ ապրելու, գոյատևելու:
Եղա ինչպես որ պիտի լինեի,– սպառող միայն,
չծառացա, չքայլեցի լարի երկայնքով, չճոճվեցի,
ու ոչ մեկին չներշնչեցի վախ կամ,
որ ավելի սարսափելի է՝
տեղ հասնելու, կրակ կամ ուրիշ հարկավոր բաներ հայթայթել-բերելու
նվազ հույս անզամ։
Ես աշխարհ եմ եկել աշխարհն ինձանով լրացնելու միայն,–
գիտեմ, «անչափ քիչ է», - կասեն,
կասեն «բա մարդ ես,
բա ձեոքհրդ,
մատներդ ճկուն, գործունյա,
անհանգիստ սիրտդ մարդկային,
ուղեդդ՝ վերջապես»…
Օ՜հ, ես փորձեցի ամենքն էլ.
և ձեռքերս էին վարժ,
և մատներս էին արագաշարժ ու էլեկտրականացնող
վազվզում լարերի, ստեղների, մարմինների վրայով,
և սիրտս էր կծկվում,
երբ ծերունին քայլում էր հազիվհազ,
կամ՝ երեխայի դիակ էին տանում…
Օ՜հ, ես փորձեցի ամենքին էլ
և գոհ եմ հիմա Աստծո տվածով,
ունեցածովս անգամ,-
բայց ասում եմ ահա.
«Երբ քամիները,
երբ արշալույսը, հողը կոշտ, կամ խոտերը խոնարհ»…
և հրեշտակ է մերկացած հոգին,
և փառավոր է անդորրը նրա։
* * *
Հեռանկար ճապաղ, ու առօրյա հանդարտ -
ձայնն հաշտության փողի ինձ էլ հասավ մթնով,-
քսակս բաց անել վարանեցի հանկարծ
վայրկյանների համար անհատակը մտնող:
Աճպարանք էր կարծես կրկեսներին վայել
փոխակերպումն օրվա առավոտից գիշեր,
ուր շարժումը մտքում չհասցրի պահել
ու մոռացա թողնել վերադարձնող նիշեր:
Անցյալն ի՞նչ էր հուշում ետևիցս ընկած,
թե աչքերը խոթիր նախանձելի ճամփան,
երբ հնօրյա սպին կողամիջում տնքաց,
ու գունատվեց մայթին ուրվականը անբան:
Զսպանակվող մի չափ բաժին միտքը ուզեց
քրքջալով դեմքիս իր խրատը հոռի.
«Կարևորը հիմա երգի վերջը տեսնել,
կարոտելն է մաքուր տեղաշորի գոլին»...
Քո վարսերից թափվող մոգությանը հիմա
քամու փեշն է քսվում ու խոսքերիս լեղին, -
քամին ինձ է փնտրել դափնիների վրա,
ես` քամհարվող խոսքի իմաստները տեղին:
Ի՞նչ անուն տամ հոգսին, որ պատանեց այսպես,
որ քարերին խփեց իմ հեսանված լեզուն, -
ցավը տողի տակից ճչալու է. - Ապրես,
որ կեցվածք ես պահել, մինչդեռ սիրտդ էր հեծում:
Այս ցավերից գուցե երկվորյակներ ծնվեն,
մեղադրող ու պաշտպան ատյաններում գալիք,
ժամն է մեզ էլ ժողվել, ժողվել ծվեն-ծվեն.
հաշտեցնելուց առաջ առնելիք ու տալիք.
Եվ առօրյան հանդարտ երազներին վազանց,
և արյունը բորբոք - զարկերակին սեղմող,
և պնդացող երես, և տողերի նազանք,
և հաշտության շեփոր հոգեվարքը մեղմող:
Հ Ա Մ Բ Ա Կ Ը
Հիշեցի քեզ,
ու փորձեցի վերագտնել կորած երգս.
մտաբերո՞ւմ ես,
պատմել եմ քեզ, թե անշնորհք գտնվեցի այն աստիճան,
որ ինքնաբուխ մի երգ ճերմակ հանգով օծուն
թռավ, կորավ անհիշատակ…
պարզ է,
նա, ով վաղուց արդեն չի գուրգուրել աղավնիներ ափերի մեջ,
անշուշտ պիտի ձեռքից թողներ տաք խլիրտը…
Ինչե՜ր, ինչե՜ր…
ինչ հուզումներ կային այնտեղ,
հիշում եմ լոկ,
որ բաց հանգիս թեթևությունը սահընթաց
հաջողվել էր համեմատել
մեր հեշտանքի պահերի հետ,
«օհ անամո՜թ». կասես նորեն…
բայց, ինչ անեմ,
երբ ճիշտ այդ եմ զգացել ես
թեթևասահ այն երգի մեջ,
որն ինձ գուցե ոչ համազոր,
բայց մի նման հույզ պարգևեց՝
ստիպելով վերհիշել, որ
թղթի առաջ պետք է ապրել
հազար մի հույզ,
և որ պոռթկումը պատկերի ծայր է առնում
ոտնաթաթի եղունգներից
ու արյան հետ որովայնն է ուղղվում մեր…
և որ միայն մերկ զգացմունքն է արժանի
համեմատվել անկեղծության պահերի հետ,
և որ մաքուր ու բարձրագույն արժեքը այդ
քո պարգևով ես ունեցա…
ինչպես նաև քսանամյա վաղեմության
պատանեկան հույզերը իմ
վերադարձել են նվաստիս
քո հմայքով…
Բայց դիպվածով «արդար չարի»՝
պատանեկան այդ ապրումին սահմանված չէր հարատևել…
Դե ուրեմն,
սա ընդունիր;
թեև քիչ է սիրատոչոր
ու ավելի իմաստասեր մղում ունի`
համահնչուն այս տարիքիս,
կամ էլ գուցե այս տարիքին խիստ անհարիր անճոռնի ու անողնաշար
մի ածու է,
բայց
հաստատ է մի բան այստեղ,
որ այս երգն էլ իր տարաբախտ քրոջ նման
ծնունդ է քո վառած կրքի, ու
դրանից հագուրդ չառած
խառնիճաղանջ շփոթմունքիս…
(համարյա թե պատանեկան տենչի, ձգտման ու անկատար
նվաղումի բարի խառնուրդ`)
ինչն էլ հաճախ այն երջանիկ օրերի մեջ ծննդկանն էր
աշխարհ եկող նոր երգերի:
Ուրիշ խոսքով` երախտապարտ եմ
քո սիրուն ու քո կրակ մարմնին հիմա,
որ շպրտվել եմ ես նորեն
տենչանքների գիրկը կապույտ;
դեպի սահմանն այն անհստակ,
որ կար նախքան այս անպտուղ տարիների
սարսափազդու համրանքն առավ իր սկիզբը,
որ իբր թե
«իմաստնության շվաք գցի օրերիս հետ թեքվող բախտիս»
միևնույն է` զլանալով կարծր ու կայուն իմաստության
դուռը ցույց տալ
ինձ`
համ-բա-կիս:
Դ. Դոնաբեդյան Քվազիմոդո կիրակին (PDF ձևաչափով, Հաբեթ Մուրադյանի թարգմանությամբ)